«Պուտինը կարծում է, որ գործարքի չենք հասնի». Թրամփ
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը դրական քայլ է, ասուլիսի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը.
«Եթե Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատենք՝ դա դրական բան է»:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Թրամփն ասել է, որ լրատվամիջոցների հրապարակումները, որոնք մեղադրում են նրան Վլադիմիր Պուտինի նկատմամբ չափազանց մեղմ դիրքորոշում որդեգրելու մեջ, իրականում չեն նպաստում Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների բարելավմանը.
«Հնարավոր է, Պուտինի հետ լեզու չգտնեմ: Սակայն ասեմ, որ ձեր կեղծ տեղեկությունները շատ ավելի բարդ են դարձնում Ռուսաստանի հետ գործարքի կնքումը, ու հավանաբար Պուտինն իր գրասեղանի առջեւ նստած, ասում է՝ ահա թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում, փաստորեն նախագահ Թրամփի համար անհնար է լինելու Ռուսաստանի հետ երբեւէ բարելավել հարաբերությունները այն բոլոր ճնշումների պատճառով, որոնց ինքը ենթարկվում է այդ կեղծ պատմությունների միջոցով: Եւ ասեմ ձեզ, դա խայտառակություն է, որովհետեւ, եթե մենք կարողանանք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճիշտ այնպես ինչպես Չինաստանի, Ճապոնիայի եւ մյուսների հետ, դա դրական, այլ ոչ թե բացասական բան կլինի»:
Մեկնաբանելով ռուսական ռազմանավի մոտեցումը ԱՄՆ-ի ափերին, Դոնալդ Թրամփն ասել է.
«Լսեք, լավագույն բանը, որ կարող էի անել, ռուսական նավը ոչնչացնելն էր, որը մեզնից 50 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում: Եվ բոլորն այս երկրում կասեին, դա հզոր է… Դա հզոր չէ»:
Ի պատասխան, լրագրողները հետաքրքրվեցին ԱՄՆ-ի նախագահից, թե արդյոք նման քայլերով Վլադիմիր Պուտինը փորձարկում է իր ամրությունը:
«Ոչ, չեմ կարծում: Կարծում եմ Պուտինը ակնկալում է, որ այլեւս ինձ հետ չի կարող գործարք կնքել, քանի որ քաղաքական տեսանկյունից քաղաքական գործչին գործարք կնքելը ձեռնտու չէր լինի»:
Միեւնույն ժամանակ նախագահ Թրամփը հիշեցրեց միջուկային վտանգի մասին, որը կարող է սպառնալ աշխարհին, եթե Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները ծայրաստիճան սրվեն.
«Չգիտեմ, կհասնենք գործարքի, թե ոչ Մի գուցե՝ այո, մի գուցե՝ ոչ: Ինձ շատ հեշտ կլիներ կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ: Որքան կոշտ, այնքան լավ: Սակայն, ես ցանկանում եմ ճիշտ քայլ կատարել՝ ելնելով Ամերիկայի ժողովրդի շահերից: Ավելին, ցանկանում եմ ճիշտ քայլ կատարել ամբողջ աշխարհի համար: Եթե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միասնական լինեն, լավ հարաբերություններ հաստատեն, դա լավ է, չմոռանանք, որ մենք շատ հզոր միջուկային երկիր ենք, նրանք՝ նույնպես: Միջուկային ողջակիզումն ամենասարսափելի բանը կլիներ»: