Նվազող տոկոսի էֆեկտը
2016 թվականի դեկտեմբերի 29-ին` ՀՀ կառավարության այդ տարվա վերջին նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հետաքրքրվեց` ԿԲ-ն արդյոք անընդհատ նվազեցնելո՞ւ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Այդ նիստից ընդամենը 2 օր առաջ` 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշել էր իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6.25 տոկոս։
Իսկ դրանից առաջ` Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, ԿԲ-ն ևս 2 անգամ գնացել էր տոկոսադրույքի նվազեցման։ Նախ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր միանգամից 0.5 տոկոսային կետով` 7.25%-ից իջեցնելով 6.75%, իսկ դրանից հետո` նոյեմբերի 16-ին, 6.75%-ից նվազեցրել էր մինչև 6.5%։
Այսինքն, Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո մինչև տարեվերջ` 3 ամսվա ընթացքում, ԿԲ-ն 3 փուլով իջեցրել էր տոկոսադրույքն ընդհանուր առմամբ 1 տոկոսային կետով, ինչը քիչ փոփոխություն չէ։
Ու չնայած մինչև Կարապետյանի նշանակվելը` 2016 թվականի սկզբից, ԿԲ-ն արդեն 5 անգամ նվազեցման էր գնացել` 8.75%-ից նվազեցնելով մինչև 7.25% (ավելի մեծ չափով, քան Կարեն Կարապետյանի օրոք), վերջին եռամսյակի նվազեցումներն ընկալվեցին որպես նվեր նոր վարչապետին։
Իսկ ինչո՞ւ է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը համարվում նվեր` կառավարությանը, և ինչո՞ւ էր վարչապետը հետաքրքրվում դրա նվազեցմամբ։ Ու ընդհանրապես, և ինչո՞ւ է կարևոր։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որի օգնությամբ ԿԲ-ն կարգավորում է գնաճը։ Դա այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վարկավորում է բանկերին և այլ ֆինանսական կառույցներին։
Բանկերն էլ հետո այդ փողով վարկավորում են հաճախորդներին։ Այսինքն, վերաֆինանսավորման տոկոսադրույքն ազդում է բանկերի կողմից քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսադրույքների վրա։ Ազդում է ոչ անմիջապես, ոչ նույն չափով, բայց ազդում է։
Իսկ ինչպե՞ս է դա ազդում գների վրա։ երբ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, որոշ ժամանակ անց թանկանում են նաև բանկերի կողմից տրամադրվող վարկերը։ Մարդիկ ավելի քիչ են վարկ վերցնում, շրջանառության մեջ փողը քչանում է, հետևաբար` նվազում է նաև սպառումը կամ պահանջարկը։ Իսկ երբ պահանջարկը նվազում է, գներն իջնում են։ Տոկոսադրույքի նվազեցումը բերում է հակառակ էֆեկտի` գների աճի։
Հիմա տեղի է ունենում երկրորդը` ունենք գնանկում, և առաջիկայում գնանկումային սպասումներ չեն ակնկալվում։ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականությունը թուլացնում է` գնանկումը հաղթահարելու համար։ Որոշ մարդիկ զարմանում են` ինչո՞ւ պայքարել գնանկման դեմ, ի՞նչ վատ է, երբ գները նվազում են։ Այո, առանձին սպառողների տեսանկյունից` էժան ապրանքներ գնելը ձեռնտու է։ Սակայն տնտեսության տեսանկյունից` գնանկումն ու գնանկումային սպասումները դիտվում են` որպես բացասական երևույթ։ Օրինակ, եթե գործարարը, ենթադրենք, աթոռ է արտադրում, որի ինքնարժեքը 5000 դրամ է, ապա ցանկանում է վաճառել 6000 դրամով։
Եթե աթոռի գինը դառնա 5500 դրամ, դա նրան ձեռնտու չի լինի։ Իսկ եթե իմանա, որ գինն ավելի է նվազելու, ընդհանրապես չի զբաղվի արտադրությամբ։ Կփակի արտադրամասը, տուն կուղարկի աշխատողներին և կմտածի այլ բանով զբաղվելու կամ արտագաղթելու մասին։ Դա նշանակեց` գործազրկության աճ, եկամուտների նվազում և տնտեսական ակտիվության թուլացում։
Այսինքն, գնանկումը ոչ պակաս անցանկալի երևույթ է, որքան չափից դուրս բարձր գնաճը։ Դրա համար էլ կան նախադեպեր, երբ որոշ երկրների կենտրոնական բանկեր գնաճը խթանելու (գնանկման դեմ պայքարելու) համար բացասական վերաֆինանսավորման տոկոսադրույք են սահմանել։ Այսինքն, բանկերին վարկ տալու ժամանակ ոչ թե տոկոս չեն գանձել, այլ հակառակը` իրենք են վճարել։
Գները, որպես կանոն, ավելի շատ հակված են աճելու, քան նվազելու։ Այսինքն` կենտրոնական բանկերը հիմնականում ձգտում են «քաշել գնաճի սանձերը»։ Նրանք թանկացնում են փողը, ինչը զսպում է գնաճը, սակայն արգելակում տնտեսական աճը։ Ահա այստեղ է դրսևորվում գլխավոր հակասությունը` Կենտրոնական բանկի և կառավարության միջև։
Կառավարության համար գերխնդիրը տնտեսական աճն է, իսկ ԿԲ-ի համար` գների կարգավորումը։ Օրինակ, 2014 թվականի վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ԿԲ-ն կոշտացրեց քաղաքականությունը և բարձրացրեց տոկոսադրույքը մինչև 10.5%, քանի որ ռիսկեր կային, որ դրամի արժեզրկումը կարող է բերել ներմուծվող ապրանքների կտրուկ թանկացման։ Ու չնայած քննադատություններին` ԿԲ-ն տևական ժամանակ չէր թուլացնում կոշտ քաղաքականությունը, քանի որ իր գերխնդիրը գների կայունության ապահովումն է։
Հիմա վերադառնանք հոդվածի սկզբում հիշատակված հարցուպատասխանին։ Ի պատասխան վարչապետի հարցի` ԿԲ նախագահը նշեց, որ, եթե դրա կարիքը լինի` կնվազեցնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Ուշագրավն այն է, որ դեկտեմբերի 27-ին, տոկոսադրույքն իջեցնելու հետ մեկտեղ, ԿԲ խորհուրդն արձանագրել էր, որ քաղաքականության տոկոսադրույքն այսօր բավականին մոտ է երկրի ռիսկ-հավելավճարի մակարդակին, որն ըստ էության համարվում է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման։ Այսինքն` ակնարկել էր, որ դրանից ավելի ցածր տոկոսադրույքն արդեն ռիսկային է համարվում։
Սակայն 2 օր առաջ` 2017 թ. փետրվարի 14-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6.0%։ Սա բավականին ցածր դրույք է. վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ 6% սահմանվել է 6 տարի առաջ` 2010 թվականի փետրվարին։
Կարելի՞ է ասել, որ սա նույնպես նվեր է կառավարությանը։ Դժվար թե։ Պարզապես այս դեպքում ԿԲ-ի նպատակը` գների կայունությունը, և կառավարության նպատակը` տնտեսության աշխուժացումը, համընկնում են։
Հիմա ԿԲ-ն գնաճի ռիսկ չի տեսնում, հակառակը` փորձում է դուրս բերել գնանկումային միջավայրից։ Ավելին ասենք, 2017 թվականին կառավարությունը զսպող հարկաբյուջետային քաղաքականություն է իրականացնելու (էապես նվազեցնելով ծախսերը), ինչը նույնպես հակագնաճային ազդեցություն ունի։ Ու այս պայմաններում, ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, ԿԲ-ն նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները։
Սա կարող է բերել վարկավորման աշխուժացման։ Ավելին, 2016 թվականի ընթացքում դրամավարկային պայմանների հետևողական թուլացումն արդեն իսկ բերել է տոկոսադրույքների նվազման և վարկավորման ծավալների աճի։ Դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ բանկերի մեծ մասը կապիտալը համալրեցին 2016-ի վերջին եռամսյակում և այժմ խնդիր ունեն արագ տեղաբաշխել կուտակված ռեսուրսները, այսինքն` ակտիվ վարկավորել։
Սա կարող է որոշ չափով աշխուժացնել շուկան։ Սակայն չի կարելի մոռանալ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիք է, այն օգտագործվում է գների կայունություն ապահովելու համար, ոչ թե տնտեսական աճ։ Այս գործիքով շատ տարվել չի կարելի, ինչը փայլուն գիտեն տնտեսական բլոկի պատասխանատուները։ Իսկ տնտեսական աճ ապահովելու միակ ռեսուրսն այսօր ներդրումների ներգրավումն է, ինչը փորձում է անել կառավարությունը։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը։