Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության ժամկետը երկարացնելուն
Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը կարող է դադարեցվել, քանի որ անդամ երկրներից մեկը՝ Ադրբեջանը, դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության ժամկետը երկարացնելուն:
Քաղաքացիական հասարակությունը մտահոգություն է հայտնում Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ: Այս թեմայի շուրջ քննարկմանն այսօր մասնակցեցին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
ԵԱՀԿ-ն զբաղվում է ժողովրդավարական հաստատությունների կայացմամբ, մարդու իրավունքների մեխանիզմների հզորացմամբ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է միայն Հայաստանի տարածքում պետական ինստիտուտներին աջակցելու հարցով՝ ժողովրդավարական ինստիտուտներին, զինված ուժերին, ոստիկանության բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, էկոլոգիական հարցերին:
Նրա գործունեությունը բացարձակապես սահմանափակվում է միայն ՀՀ պետական սահմաններով, այսինքն՝ ԵԱՀԿ-ն որևէ կերպ առնչություն չունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ ու չի զբաղվում այդ հարցերով: Դա իր գործառույթների մեջ չի մտնում:
Արթուր Սաքունցը նշեց.
«Մեր մտահոգությունն այն է, որ ժամկետը լրացել է, և երկարացման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: ԵԱՀԿ-ն կոնսենսուսային կառույց է, այսինքն՝ բոլոր երկրները պետք է համաձայն լինեն որոշում ընդունելու հարցում: Տվյալ դեպքում, սակայն, Ադրբեջանը դեմ է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության ժամկետը երկարացնելուն: Սա պայմանավորված է Ղարաբաղյան կոնֆլիկտով, Ալիևի որդեգրած կոշտ քաղաքականությամբ»:
Բոլոր բանախոսները նշեցին ԵԱՀԿ գրասենյակի կարևորության մասին:
Նրանց համոզմամբ՝ ԵԱՀԿ գրասենյակի առկայությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ միջազգային կառույցներում ինտեգրվելու փաստն արձանագրելու գործում, ու անկախ ամեն ինչից՝ ԵԱՀԿ գրասենյակը պետք է գործի: Շատ կարևոր է ստանալ պրոֆեսիոնալ աջակցություն: Պետք չէ կապել այս գրասենյակի գործունեությունն այլ խնդիրների հետ, որ կան աշխարհում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշեցին, որ այս իրավիճակում չեն կարող անտարբեր մնալ և մեր դիրքորոշումը չհայտնել այս հարցի վերաբերյալ:
Ըստ բանախոսների՝ սա ուղերձ է ԵԱՀԿ-ին, Հայաստանի իշխանություններին, Ադրբեջանի իշխանություներին, որ ՀՀ քաղաքացիական հասարակությունը շահագրգռված է և գտնում է, որ Երևանյան գրասենյակը պիտի գործի: Ադրբեջանն իր այս քայլով փորձում է դեմ կանգնել ՀՀ-ում մարդու իրավունքների ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչն անթույլատրելի է:
Անդրադառնալով խնդրին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց.
«Սա, իրոք, լուրջ խնդիր է, որին միանշանակ պետք է արձագանքել, մեր կարծիքը պետք է հասցնենք ԵԱՀԿ ղեկավարներին: Այս գրասենյակը լուրջ աշխատանք է տանում, և պետք է շարունակվի գործունեությունը: Սա նպաստում է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը:
Միայն այն, որ այս գրասենյակի շրջանակներում հաճախ աջակցություն է տրվել՝ լավացնելու օրենսդրությունը, քիչ բան չէ: Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների օրենքը և հասարակական կազմակերպությունների մասին օրենքներն ուղղակիորեն կապված են ժողովրդավարության իրավիճակի բարելավման հետ»:
«Անկեղծ ասած՝ ես կողմ կլինեմ, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը փակվի, բայց ոչ հիմա: Որովհետև ԵԱՀԿ 57 երկիր կա, բայց երկրների մեծ մասում դաշտային գրասենյակներ չկան: Եվրոպայի խորհրդի անդամ 40-ից ավելի պետություններից շատ քիչ երկրներում կա ներկայացուցչություն: ԵԱՀԿ գրասենյակներ չկան կայացած ժողովրդավարական երկրերում և բռնապետական երկրներում: Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունն անխտիր բոլոր հարցերում այսօր պատերազմում է Հայաստանի հետ: Այս տեսանկյունից՝ իրավիճակն այնքան էլ բարվոք չէ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Իսկ թե ի՞նչ ազդեցություն կունենա, եթե փակվի գրասենյակը, այն էլ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Ավետիք Իշխանյանը պարզաբանեց.
«Իհարկե, կարևոր է, որ այն լինի: Համակարգը կտուժի, քանի որ նրանք բավականին ակտիվ կոորդինացնում են, նաև ԵԱՀԿ-ի ականջն են այստեղ, շատ լավ հետևում են գործընթացին: Բայց կտուժի ոչ թե ընթացքը, այլ վերահսկողությունը»:
Տեղեկացնենք, որ անցկացվում է ստորագրահավաք, որին, այս պահի դրությամբ, միացել են թվով 40 կազմակերպություններ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նրանք պատրաստվում են նամակով դիմել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ կապված Հայաստանի քաղաքացիական հասարակության մտահոգությունը: