Բաժիններ՝

«Փորձարկեցինք Հայաստանում նախադեպը չունեցող թարգմանչական մի ծրագիր». Արմեն Ամիրյան

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, թատրոնի անձնակազմի, մասնագետների և լրագրողների մասնակցությամբ գործարկվեց նոր թարգմանական էլեկտրոնային վահանակը։

Ինչպես տեղեկացան լրագրողները, Հայաստանի որևէ մշակութային օջախում նման տեխնիկայի առաջին գործածությունն է.

«Այսօր մենք փորձարկեցինք Հայաստանում նախադեպը չունեցող լուսադիոդային եղանակով իրականացվող թարգմանչական մի ծրագիր, որով փորձելու ենք օպերայի տեքստերը ներկայացնել հայ և օտարազգի հանդիսատեսին: Սա, կարծում եմ, մի քանի անգամ կաշխուժացնի ժամանակակից օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրությունը: Խնդիրն այն է, որ հանդիսատեսը ծանոթ չէ լիբրետոներին և, ըստ էության, չգիտի, թե ինչի մասին է ներկայացումը: Նման թարգմանչական ծառայությունը հանդիսատեսի համար շատ ավելի ջերմ հարաբերություններ է ստեղծում հանդիսատեսի և թատրոնի միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ներդրված թարգմանչական նոր ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել մասնավոր պայմանավորվածությունների արդյունքում, մասնավորապես՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի աջակցությամբ:

Կարդացեք նաև

«Ճեմասրահում մենք ունենալու ենք նաև մոնիտորներ, որպեսզի ներկայացման ընթացքում հենց ճեմասրահից ուղիղ հեռարձակում ապահովվի: Եթե ծրագիրն ունենա հաջողություն, իսկ մենք վստահ ենք, որ այդպես էլ լինելու է, նմանատիպ գործառույթներ կիրականացնենք նաև մեր թատերական արվեստի մյուս դահլիճներում՝ Սունդուկյանի անվան, Պարոնյանի անվան և այլ թատրոններում նույնպես, որպեսզի Հայաստան այցելած զբոսաշրջիկներն այս պարագայում նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու հայ ժամանակակից արվեստի հետ»,- ասաց Ա. Ամիրյանը:

Այս պահին աշխատանքներ են կատարվում հայերեն և անգլերեն տեքստերի թարգմանության ուղղությամբ, իսկ առաջիկայում, հաշվի առնելով հարևան երկրներից սպասվող մեծ թվով զբոսաշրջիկների հոսքը, նախատեսվում է ներառել նաև պարսկերեն թարգմանություն:

Օպերային թատրոնում թարգմանչական նոր ծրագրի իրականացումը կյանքի կոչած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց համագործակցության մանրամասները.

«Մեր սպոնտան հանդիպումից անմիջապես հետո շատ արագ և օպերատիվ կերպով կազմակերպվեցին առաջիկա անելիքներն ու աշխատանքները: Մենք որոշեցինք ինչ-որ կերպով վարձահատույց լինել հայ մշակույթի զարգացմանը՝ փոքր մասնակցություն ունենալով այն հավուր պատշաճի ներկայացնելու համար: Ծրագրի շրջանակներում, ըստ էության, միասին երեք ծրագիր փորձեցինք լուծել՝ նոր և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ դեպի օպերային թատրոն ավելացնել պոտենցիալ հանդիսատեսի հոսքը, ընդմիջումների ընթացքում փորձել տեղեկացնել ապագա ծրագրերի մասին, ոչ միայն օպերային թատրոնի, այլ նաև այլ մշակութային օջախների համար նույնպես, ինչպես նաև՝ մարքետինգային փոքրիկ ծրագրերի իրականացման շնորհիվ մշակութային օջախի համար որոշակի դրամական հոսքեր ապահովելու ծրագիրը: Կարևորն այս ամենում, իհարկե, գումարի չափը չէ, այլ այն արդյունքը, որ մենք ակնկալում ենք ստանալ»:

Տեղեկացնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում լուսադիոդային եղանակով իրականացվող թարգմանչական ծրագրի ներդրման համար ծախսվել է ավելի քան 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի բարեհաջող իրականացումից հետո բանկը չի բացառում պատրաստակամությունը՝ ֆինանսավորելու այլ մշակութային օջախներ նույնպես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս