Տնտեսության և հանցավորության կապը
Հայաստանի մասին խոսելիս, երբ ցանկանում ենք ընդգծել մեր երկրի զբոսաշրջային առավելությունները, գրեթե միշտ շեշտում ենք, որ այստեղ ապահով է. հանցավորության մակարդակը ցածր է։
Դա իրոք կարևոր հանգամանք է և իրոք մեր երկիրն ապահով է։ Դա մեր սեփական սուբյեկտիվ կարծիքը չէ, երբ բոլորս ասում ենք, որ գիշերվա ցանկացած ժամի կարելի է ապահով զբոսնել մայրաքաղաքի ցանկացած հատվածում։ Ապահովության մասին վկայում են նաև միջազգային հետազոտությունների տվյալները։
Օրինակ, տարբեր տվյալների մշակմամբ զբաղվող Numbeo պորտալը տարբեր երկրների հանցավորության և ապահովության մակարդակը գնահատում է` ըստ կայքի այցելուների շրջանում անցկացված հարցման արդյունքների։
Մինչև 20 միավորը համարվում է շատ ցածր հանցավորություն, 20-40 միավորը` ցածր հանցավորության մակարդակ, 40-60 միավորը` չափավոր, 60-80-ը` բարձր, և 80-ից ավելին` հանցավորության շատ բարձր մակարդակ։
Numbeo-ի ամենաթարմ տվյալներով` Հայաստանում հանցավորության մակարդակը գնահատվում է 27.08 միավոր։ Այսինքն` հանցավորությունը մեզ մոտ շատ ցածրից ցածրի միջակայքում է։ Դիտարկված 125 երկրների շարքում Հայաստանն ապահովության տեսանկյունից 19-րդ տեղում է։ Մեզ մոտ ավելի ապահով է, քան եվրոպական երկրների մեծ մասում (հետաքրքրվողների համար նշենք, որ ամենաապահով երկրները համարվել են Քաթարն ու Սինգապուրը, իսկ ամենաանապահովը` Պապուա Նոր Գվինեան ու Վենեսուելան)։ Ընդ որում, որոշ հանցատեսակների գծով (օրինակ` մաշկի գույնի կամ ազգային պատկանելության պատճառով բռնության դեպքերը) Հայաստանն ամենաապահով երկրների հնգյակում է։
Սա, իհարկե, լավ է։ Սակայն չի նշանակում, որ մտահոգվելու առիթներ չունենք։
Բանն այն է, որ հանցավորության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին բարձր տեմպերով աճում է։ Ընդ որում, այս պնդումը հիմնված է ոչ թե հարցումների վրա, այլ կոնկրետ` չափելի վիճակագրության։
Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 18764 հանցագործություն` նախորդ տարվա 17043-ի դիմաց։ Այսինքն, հանցագործությունների քանակն աճել է 1721-ով կամ 10%-ով։
Նշենք, որ սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Մինչև 2016 թվականը` հանցագործությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել էր 2013 թվականին` 18333 հանցագործություն։ Իսկ, օրինակ, 2006 թվականին գրանցվել էր շուրջ 9700 հանցագործություն։ Այսինքն` 10 տարվա ընթացքում հանցավորությունը կրկնակի աճել է։
Ասվածն ավելի մտահոգիչ է դառնում, երբ հանցագործությունների թիվը համեմատում ենք բնակչության թվի հետ։ Բնակչության թիվը, անգամ պաշտոնական վիճակագրությամբ, վերջին 10 տարիների ընթացքում նվազել է, ինչը նշանակում է, որ մեկ անձին բաժին ընկնող հանցագործությունների թիվն ավելի շատ է աճել։
Իսկ ինչո՞ւ է աճել հանցավորությունը։ Ամենատարածված կարծիքն այն է, որ հանցավորության աճն ուղղակիորեն կապված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ։ Այսինքն` որքան ծանր է վիճակը, որքան քիչ են եկամուտները, այնքան շատ են հանցագործությունները։ Սրան ավելացնում են նաև սոցիալական բևեռացվածության խորացումը, երբ աղքատների և հարուստների միջև եկամուտների ու սպառման տարբերությունն ավելի ցցուն է դառնում։
Այն, որ սոցիալ-տնտեսական վիճակն ազդում է հանցագործությունների (հատկապես` տնտեսական բնույթի) քանակի վրա, քչերը կհերքեն։ Սակայն այլ հարց է` որքանո՞վ է դա ազդում։ Միգուցե հանցավորության աճին ավելի շատ նպաստում են կրիմինալ սերիալները կամ այլ հանգամանքներ։ Նման վերլուծություն կոնկրետ Հայաստանի համար, որքանով մեզ հայտնի է, չկա։ Սակայն մենք որոշեցինք համադրել տարբեր տարիների հանցագործությունների թվի և տնտեսական աճի դինամիկան։
Ինչպես տեսնում եք գծապատկերում (բարձր աղյուսակները), 2000-ականների սկզբին հանցագործությունների թիվը փոքր շեղումներով նվազում էր։ 2009 թվականին այդ թիվը կտրուկ աճեց` 9271-ից հասնելով 14339-ի։ Հաջորդ տարիներին եղել են տատանումներ` աճ և նվազում, սակայն տարվա կտրվածքով հանցագործությունների թիվը երբեք չնվազեց 2009 թվականի ցուցանիշից։
Հիմա ուշադրություն դարձրեք նույն գծապատկերի վրա պատկերված կորին, որը ցույց է տալիս տնտեսական աճը։ 2002-2007 թվականներին մենք ունեինք երկնիշ տնտեսական աճ։ 2009 թվականը ճգնաժամային տարի էր` գրանցվեց 14.1% տնտեսական անկում։
2016-ին տնտեսական աճի տեմպը նվազեց մինչև 0.5%։
Այս գծապատկերն առաջին հայացքից ապացուցում է այն թեզը, որ տնտեսական աճի տարիներին հանցագործությունների թիվը նվազում է, և` հակառակը։ Ամենավառ կետը 2009 թվականն է` տնտեսության անկում և հանցավորության 50%-անոց աճ։ Սակայն այստեղ կան շեղումներ, օրինակ` 2010-2011թթ. տնտեսությունն աճել է, սակայն հանցագործությունների մակարդակը նույնպես աճել է։ Իհարկե, կարելի է ասել, որ 2009 թվականի ճգնաժամի ազդեցությունն աշխատել է նաև հաջորդ տարիներին։ Սակայն կա ևս մի կարևոր հանգամանք։
Սովորաբար սոցիալական ծանր պայմանների պատճառով աճում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները` գողություն, կողոպուտ, յուրացում և այլն։ Այս առումով, ինչպես տեսնում եք (կարճ սյունակներ), 2009 թվականից հետո սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կայուն կերպով աճել է։ Սակայն երկնիշ աճի ժամանակ այդ հանցագործությունները ոչ թե նվազել են, այլ տատանվել են միջինը 3800-ի շուրջ։
Այս ամենը նշանակում է, որ տնտեսական աճի և հանցավորության մակարդակի իրական փոխկապակցվածությունը գնահատելու համար լուրջ վերլուծություն է պետք, որը հաշվի կառնի բոլոր հանգամանքները (բնակչության թվաքանակի փոփոխություն, քաղաքական իրադարձություններ` ընտրություններ և այլն, դատաիրավական համակարգի որակ և այլն)։
Սակայն կրկնենք` այդ կապը հերքելն անհնար է։ Աստված մի արասցե, իհարկե, որ 2017 թվականին տնտեսական անկում կամ ցածր աճ գրանցվի, սակայն նման բան լինելու դեպքում այս օրինաչափության մեջ հերթական անգամ կհամոզվենք։
Վերջում նշենք նաև, որ լուրջ վերլուծության բացակայությունը տարբեր շահագրգիռ կողմերի թույլ է տալիս թվերը մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու է։ Օրինակ, հանցագործությունների թվի աճը կարող է ներկայացվել` որպես իրավապահ համակարգի բարեփոխման ապացույց (այն առումով, որ հանցագործությունները նախկինի նման չեն կոծկվում)։