Բաժիններ՝

«Եթե դուք պահանջում եք` ախտորոշելուց գնացեք հետ ու բոլորին պատժեք, գլուխները թռցրեք, ես ասում եմ` դա իմ գործառույթը չէ»

Հայաստանի պետական բյուջեից անցած տարի շուրջ 181 մլրդ դրամ ծախսվել է պետական գնումների նպատակով, որից շուրջ կեսը գաղտնի են: Պետական գնումների արդյունավետության և անհարկի գնումների մասին զրուցել ենք ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

– Պարոն Արամյան, որևէ մարմին հետևո՞ւմ է, թե որքան անհարկի գնումներ են իրականացվում:

– Իսկ ի՞նչ եք հասկանում՝ «անհարկի գնում» ասելով:

Ոչ արդյունավետ ծախս, օրինակ` բիոզուգարանները, չե՞ք կարծում, որ անհարկի ծախս էր: 300 հազար դոլարով 2 բիոզուգարան տեղադրվեց Երևանում ու Տաթևի ճոպանուղու մոտ, սակայն դրանք այդպես էլ չաշխատեցին, և այժմ հայտնի չէ, թե որտեղ են դրանք:

– Ես դժվարանում են ասել՝ բիոզուգարաններն անհարկի՞ էին, թե՞ ոչ, որովհետև, եթե ճիշտն ասեմ, բիոզուգարանների մասով պետք է կոնցեպտ դնենք, պետք է դիտարկենք՝ այդ կոնցեպտն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ: Վաղ է ասել՝ դա անհարկի՞ է, թե՞ անհարկի չի:

– Բայց դա կոնկրետ և խոշոր օրինակ է, որ իրականացրել է կառավարությունը կոնկրետ ծրագրի շրջանակներում, ընդ որում` իշխող նույն կուսակցության` Հանրապետականի կառավարությունը:

– Բայց դուք հիմա ուզում եք, որ ես գնահատական տամ նախորդ կառավարության աշխատանքի մասով, իսկ ես դա ճիշտ չեմ համարում: Կարող եք ինձ հարցնել, թե ֆինանսական ոլորտում ի՞նչ ենք անում:

– Սակայն խնդիրն այն է, որ դրա հեղինակը նույն Հանրապետականի կառավարությունն էր, իսկ Հանրապետականն ասում է, որ պատասխանատվություն է կրում նախկինում բոլոր արածների ու չարածների համար: Ու միաժամանակ, ամեն անգամ իշխանությունը կարծես նոր էջ է բացում, և վարչապետի կոչը Գյումրիում` «դիլխոր չլինելու» մասին, ըստ էության, կոչ է հինը մոռանալու և նոր էջ բացելու մասին:

– Ես կարծում եմ` այդպես չի: Նախ` ինքը շատ պարզ բան է ասում, որ, եթե տրամադրվածությունը բացասական է, ամենալավ նախաձեռնությունն էլ կձախողվի:

– Բայց մարդիկ բացասական են տրամադրված իրենց սեփական փորձի հիման վրա:

– Հիմա ունենք այն, ինչ ունենք: Մեր կառավարությունը` նոր կառավարությունը, ասում է` ժողովո՛ւրդ, մենք պետք է ճիշտ ախտորոշենք ու շարժվենք առաջ: Հիմա եթե դուք պահանջում եք` ախտորոշելուց գնացեք հետ ու բոլորին պատժեք, գլուխները թռցրեք, որպես ֆինանսների նախարար՝ ես ասում եմ` դա իմ գործառույթը չէ, կան պատկան մարմիններ, թող իրենք դրանով զբաղվեն, եթե կան չարաշահումներ: Ճիշտ չի լինի, եթե ես գնահատական տամ, թե կառավարության յուրաքանչյուր օղակ ինչքանո՞վ է արդյունավետ իր աշխատանքը կատարում: Իմ մասով ես ևս չեմ կարող գնահատական տալ, ես միայն պետք է հաշվետու լինեմ յուրաքանչյուր քաղաքացու առաջ:

– Իսկ կարո՞ղ եք երաշխավորել, որ այսուհետ «բիոզուգարաններ» չեն գնվի, այսինքն` անհարկի ծախսեր չեն արվի:

– Ես կարող եմ երաշխավորել հետևյալը: Նախ` լինենք ավելի պրագմատիկ, չի սխալվում այն մարդը, որն ընդհանրապես գործ չի անում: Այսինքն` եթե դու աշխատանք ես կատարում, կա սխալվելու հավանականություն: Այլ բան է, եթե դու պատշաճ կերպով ու ավելի ճիշտ նախագծված ես աշխատանքը կատարում, դու մինիմալիզացնում ես այդ սխալվելու հավանականությունը: Նույնիսկ ամենաօպտիմալ կառավարման համակարգ ունեցող երկրներում կան ծրագրեր, որոնք ձախողվում են: Ու չեք կարող աշխարհում գտնել մի երկիր, որ ասի, որ տվյալ կառավարությունն ինչ որ նախագծել է, ամբողջությամբ արդարացված է, և որևէ ձախողում չկա:

Միշտ էլ ինչ-որ մեկը կհայտնվի ու կապացուցի, որ կոնկրետ այդ մի պրոյեկտը ձախողված էր: Դրանից պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել, միշտ պետք է առաջ նայենք ու հետևյալը նայենք` մենք ինչ ենք անում, ու ես ինչ կարող եմ երաշխավորել: Ես կարող եմ երաշխավորել, որ այն խոստումները, որ մենք տվել էինք ամիսներ առաջ հանրությանը, դրանից 3-4 ամիս հետո արդեն կատարել ենք:

Այսինքն` մենք հետամուտ ենք մեր խոսքերին: Եթե հիշում եք` 3-4 ամիս առաջ մենք ասում էինք, որ գնալու ենք գնումների ոլորտում ավելի թափանցիկությանը: Խոստացել էինք նաև 2017 թ. հունվարի 1-ից ներդնել համակարգ, որ հրապարակվեն ոչ միայն մրցույթում հաղթող ճանաչված կապալառուի մասին տվյալներ, այլ նաև մասնակիցների մասին տվյալներ: Այսօր դա կատարվել է, և ես զեկուցում եմ բոլորին, որ կատարված է: Մի քանի այլ քայլեր ևս կատարված են: Եթե նախկինում մենք ասում էինք, որ պետք է ներդրվեն հենքեր, որ շահերի բախման ինստիտուտ աշխատի, դա հիմա նույնպես կատարված է: Օրենքը մշակել ենք, ներկայացրել Ազգային ժողով, ընդունվել է, հիմա պետք է հետամուտ լինենք կառուցակարգերի ներդրմանը: Այսինքն` ես կարող եմ երաշխավորել մի բան` այն, ինչ ինձնից կախված է, ես մաքսիմալ ջանքեր եմ ներդնելու, առնվազն 12-14 ժամ աշխատելու եմ, ու ոչ միայն ես, այլ իմ թիմն էլ իմ հետ: Արդյունքները` կապրենք, կտեսնենք: Դուք` դատավոր, մենք էլ` պատասխանատու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս