«Իրանին ձեռնտու չէ Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությունը»․ Սկակով

«Ներկայումս Իրանին և Ռուսաստանին հակամարտության գոտում իրավիճակի սրում ձեռնտու չէ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Պուտին-Ռոուհանի առաջիկա բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Իրանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ջաղարյանն օրերս տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ պետք չէ գերագնահատել սպասվող բանակցություններում Ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածը, քանի որ Իրանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, պարզապես տարածաշրջանային խաղացող է, որն իր շահերն ունի տարածաշրջանում՝ ընդհանուր սահման հակամարտության գոտու հետ, որտեղ, բնականաբար, ռազմական գործողություններն ուղիղ սպառնալիք են իր համար։

«Կարող եմ Ռուսաստանի վերաբերյալ ասել, որ ՌԴ-ն ԼՂ հակամարտությունը քննարկում է թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Իրանի հետ։ Ակնհայտ է, որ իրավիճակի սրում հակամարտության գոտում ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, քանի որ Ռուսաստանի դրությունը բավականին ծանր է՝ Դոնբասում ծավալվող իրադարձություններով պայմանավորված, Թրամփի վարչակազմի հնարավոր քայլերը դեռ անկանխատեսելի են բոլոր կողմերի համար, իսկ Իրանին ձեռնտու չէ ԼՂ գոտում ստատուս-քվոյի փոփոխությունը։

Այս ամենից ելնելով՝ կարող եմ ենթադրել, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Իրանը լուրջ դերակատարություն չի կարող ստանձնել բանակցային գործընթացում, քանի որ դա տեսականորեն պարզապես հնարավոր չէ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։ Վերջինս բացառում է, որ այս քննարկումների արդյունքում նոր ձևաչափեր ձևավորվեն, քանի որ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը քննարկվում է տարածաշրջանային բոլոր երկրների միջազգային հանդիպումների ընթացքում։

«Բայց կրկնում եմ, գերագնահատել նման քննարկումները պետք չէ, քանի որ սրանք ավանդական քննարկումներ են։ Հակամարտության գոտում բանակցություններն առաջ են մղում երեք երկիր՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան, ինչը նրանց ևս արդյունավետորեն չի հաջողվում»,- նշեց Սկակովը։

Տեսանյութեր

Լրահոս