Լավ մոռացված հինը կամ քաղաքական դեժավյու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը և քաղաքական խորհրդի նախագահը երկամյա ընդմիջումից հետո կրկին Գագիկ Ծառուկյանն է։ Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ կուսակցության 9-րդ համագումարը, որի ժամանակ էլ Ծառուկյանը միանձնյա առաջադրվեց և միաձայն ընտրվեց ԲՀԿ ղեկավար։

Համագումարը վարում էր Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով գլխավորելու է ԲՀԿ նախընտրական շտաբը։ «Այսօր բոլորիս համար սպասված օր է»,- ազդարարեց նա։

Զաքարյանը նշեց, թե անցած ճանապարհին նպատակներն ու արժեքները չեն փոխվել, իրենք ձգտում են երկիրը դարձնել անվտանգ, քաղաքացիների կյանքը` բարեկեցիկ։ Ըստ նրա` այսօր նոր էջ է բացվում, որովհետև նոր խնդիրներ են ծառացել երկրի առջև, սահմաններին անհանգիստ է, տնտեսական վիճակը` ծանր. «Մեզանից պահանջվելու է անձնական շահը մի կողմ դնել»։ Ի. Զաքարյանը խոսեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին, որ այլևս նախագահական ընտրություններ չեն լինելու. «Հաջողության համար շատ կարևոր է` անկեղծ լինենք ինքներս մեր և հանրության առջև»։

Ի. Զաքարյանը նշեց, որ իր պաշտոնից հրաժարականի դիմումը տվել է հեշտությամբ, քանի որ իր որոշման հիմքում Գագիկ Ծառուկյանին աջակցելն է. «Պետք է լինեի իմ 20 տարվա ընկերոջ կողքին»։ Կոչ անելով հավատալ ընդհանուր հաջողությանը` Զաքարյանը հայտարարեց. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության սիմվոլներից մեկն է»։

Կարդացեք նաև

Անցած 2 տարին կուսակցությունը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը համագումարում խոստովանեց` դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի տանել այդ մեծ ու պատասխանատու բեռը։

«Այս ընթացքում ինձ համար եղել են հուսահատության պահեր, չեմ թաքցնում»,- ասաց Ն. Զոհրաբյանը` նշելով, որ բոլորին էլ հասկանալի է, թե ինչ է նշանակում` Գագիկ Ծառուկյանից հետո ստանձնել կուսակցության ղեկավարման պատասխանատվությունը, նաև` իրենք ունեցել են և՛ սխալներ, և՛ կորուստներ։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ով կուսակցությունը պահեց` սպասելով այս օրվան։

«Բացվելու է նոր էջ, կամ… այդ կամի մասին չեմ ուզում մտածել, որովհետև այլ ընտրություն չունենք, առաջիկա ընտրությունների քաղաքական արժեքը շատ բարձր է»,- ասաց Ն.Զոհրաբյանը։

Նա նշեց, որ գիտակցում են վերցրած բեռի ծանրությունը և, համախոհ քաղաքական ուժերի ու գործընկերների հետ միասին` «Ծառուկյան» դաշինքով, պետք է բարձր պահեն նշաձողն ու գնան հաղթանակի։

«No pasaran»,- ելույթը եզրափակեց Զոհրաբյանը։

Կուսակիցների ու համախոհների վստահությունից հուզված` բեմ բարձրացավ Գագիկ Ծառուկյանն ու հանպատրաստից իր «սրտի խոսքը» հղեց ներկաներին։ Նրա ելույթում կշտամբանք կար լրատվամիջոցներին, թե 2015-ի հայտնի դեպքերի ժամանակ ԶԼՄ-ները փորձել են «խառնել», որ` «տեսա՞ք` ինչ կատարվեց», պայմանավորված էին…։ «Ոչ մի պայմանավորվածություն չկար, Ծառուկյան Գագիկը եթե քայլ է կատարել, ո՛չ պաշտոնի համար, ո՛չ դիրքի, ո՛չ ունեցվածքի։ Աստծո կամոք` ամեն ինչի հասել եմ,- հավաստիացրեց նա ու հավելեց,- Փակ դռները բացում է, չորը կանաչացնում է»։

Սովորույթի համաձայն խոսելով երրորդ դեմքով` նա ասաց, թե այն ժամանակ Ծառուկյանը չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության, սահմանին իրավիճակը լարվելու էր, և իրեն էին մեղադրելու, բայց ինքը միշտ եղել է ժողովրդի կողքին և բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը։

Ծառուկյանը հայտարարեց, թե որ ոլորտը քանդված-ավերված է եղել, ինքը կարճ ժամանակում ոտքի է կանգնեցրել. «Չլուծվող խնդիր չկա, պետք է նայել` ինչպես լուծել»։

Ծառուկյանը խոսեց նավթ չունենալու և տնտեսական զարգացման հնարավորությունների մասին, վերացող ՓՄՁ-ների խնդիրների, վարկերի բեռի, արտագաղթի, կենսաթոշակային համակարգի անարդյունավետության մասին, հատուկ ուշադրության արժանացրեց կարմիր գծերի, արագաչափերի ու տուգանքների խնդիրը։ Գ. Ծառուկյանն անգամ պատմեց, թե ինչպես է մի անգամ տաքսիստը «քշել իր վրա». «Նայում ես` տաքսիստը քշում ա քո վրա… ընգեր ջան, ի՞նչ եղավ։ Վայ, պարոն Ծառուկյան, կներեք, կներեք։ Գիտե՞ս ինչ, ասում ա, մտքերի մեջ էի, չգիտեմ` էսօր ինչ եմ անելու, որ առավոտից իրիկուն ուշադիր քշում եմ, մի հատ շեղվեցի, հեռախոսով խոսում էի, և արդեն ոնց որ տուգանքի տակ եմ։ Մարդկանց ներվային համակարգը լարված ա, անդունդի եզրին են»։

Ծառուկյանը խոսեց նաև Հայաստանում ներդրումների մասին և օրինակ բերեց ԱՄԷ-ի Դուբայ քաղաքը. «Դուբայ, երևի, բոլորդ էլ գնացել եք, 25 տարի առաջ միայն անապատ էր։ Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց։ Մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք, հնարավորություն տանք, մարդիկ գան»։

Գ. Ծառուկյանը հիշեցրեց, որ Հարվարդ չի ավարտել, կյանքի փորձից է սովորել, իսկ ամենաուժեղը ոչ թե թեորիան է, այլ կյանքի փորձը. «Ամեն ինչ լավ է լինելու»։ Ծառուկյանը նշեց, թե իր «փափուկ կյանքից, հանգիստ կյանքից» հրաժարվել է ու գալիս է իր խաչը տանելու. «Չեմ կարող ձեռքերս ծալած, հանգիստ նստել։ Այսօր պատրաստակամ ենք օգտակար լինելու։ Մենք օր օրի հետ ենք գնում»։

Ծառուկյանն ընտրողներին խորհուրդ տվեց ապրիլի 2-ին առաջնորդվել ոչ թե տարբեր կուսակցությունների գրած ծրագրերով, այլ կատարած գործով։

«Ես գիտեմ սկիզբը, վերջը, ինչից սկսենք, ինչ դնենք, ինչի դիմաց ինչ ենք ստանալու,- նկատեց Ծառուկյանը և շարունակեց,- Վստահ եղեք իմ խոսքի համար։ Մենք մեր ծրագիրն իրականացնելու ենք։ Եթե չստացվեց, եթե ժողովուրդը մեզ չվստահեց, արդեն մենք ինչ կա` արել ենք»։

Ամենաինտրիգային հարցը` լայն կոնսոլիդացված դաշինքի կազմը, համագումարի ժամանակ այդպես էլ չհայտարարվեց և որևէ հուշագիր չստորագրվեց։ Հրավիրյալների թվում էին ՀՀՇ-ից` Արարատ Զուրաբյանը, նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, երբեմնի ԲՀԿ-ական, «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, նախկին ՀՀԿ-ական և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ովքեր բոլորն էլ, ինչպես հայտնի է, տեղ են գտնելու ԲՀԿ ցուցակում։

Արգամ Աբրահամյանը հաստատեց, որ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը հավանական է «Ծառուկյան» դաշինքով։ Նա խոստացավ` առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ ու տալ բոլոր հարցերի պատասխանները։

ԲՀԿ-ին հարելու իր ընտրությունը Վարդան Ղուկասյանն «Աստծո կամք» որակեց, թեև դեռ կուսակցական չէ, ընդամենը ռեյտինգայինով է առաջադրվելու։ Լարված ընտրապայքար Ղուկասյանը Շիրակում չի սպասում, ճնշումներից չի վախենում, հերքում է նաև աղմկահարույց պատմություններին իր առնչությունը. «Ես, ճիշտն ասած, կրիմինալ դեպքերի մեջ չեմ եղել, դա դուք եք այդպես ներկայացրել, և ձեր տերերն են ձեզ ասել, որ այդպես ներկայացնեք։ Իմ ժողովուրդն ուրիշ բան գիտի, իսկ դուք ուրիշ բան գիտեք։ Ինչ մնում է ճնշումներին, ընդհանրապես մարդը որ ծնվում է իր մոր որովայնից, ճնշումների տակ է»։

Տեսանյութեր

Լրահոս