«Մենք ունենք աշխարհի ամենամեծ ծովը՝ море любви, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վաղուց կաշառված է». Սեդրակ Մամուլյան
«Զարգացնելով խոհանոցը՝ երկիրը զբոսաշրջիկների համար դարձնում ենք էլ ավելի նպաստավոր ու գրավիչ, և սա պետք է լինի մեր առաջնային խնդիրը»,- համոզված է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Տոկոսային հարաբերությամբ՝ Հայաստան այցելող զբողսաշրջիկների քանի՞ տոկոսն է խոհարակական զբոսաշրջության նպատակով ժամանում մեր երկիր: Որոշակի տվյալների մենք, անկասկած, տիրապետում ենք և վստահ կարող ենք ասել, որ խոհարարական տուրերը տարեցտարի շատ ավելի գրավիչ են դառնում, և աշխարհն էլ վստահաբար գնում է դեպի խոհարարական, ագրարային տուրերի զարգացման ուղղությամբ: Չմոռանանք, որ այստեղ կարելի է ներառել նաև ուսուցողական խոհարարությունը: Դրսում մեր խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունն այնքան բարձր է, որ կոնկրետ ռուսաստանյան կողմի հետ մենք արդեն պայմանավորվածություն ունենք՝ խոհարարական ուսուցողական տուրիզմի կազմակերպման առնչությամբ: Կան մարդիկ, ովքեր ուզում են գալ Հայաստան և իրենց զբոսաշրջային ժամանակաշրջանն օգտագործել՝ սովորելու, ուսումնասիրելու, յուրացնելու մեր ազգային կերակրատեսակների պատրաստման գաղտնիքները, ինչո՞ւ չէ՝ նույնիսկ ատեստավորվել և վերադառնալ, և ասեմ, որ մենք այս ուղղությամբ արդեն բանակցությունների փուլում ենք»,- ասում է նա:
Խոսելով խոհարարական տուրիզմի զարգացման ուղղությամբ պետական հոգածության կամ դրա բացերի մասին, խոհարարը ցավով նկատում է.
«Մենք արդեն ունենք տուրիզմով զբաղվող պետական կոմիտե, և, անկեղծ ասած, որքան էլ հարգում եմ և բարեկամական կապեր ունեմ Զառա Զեյթունցյանի հետ, բայց հանդիպում մենք դեռևս չենք ունեցել, չնայած հանդիպելու բազմաթիվ առիթներ եղել են: Ցավով եմ նշում, բայց զբոսաշրջության ոլորտում խոհարարության կարևորության մասին ընկալումը ես դեռևս չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք, և պատկերացրեք, որ ունենք նաև բավարար չափով ռեսուրս: Ավելի քան 10 տարի մենք հանրապետության բոլոր մարզերից հավաքագրում ենք տարածաշրջանային տիպիկ կերակուրների բաղադրատոմսերը, ակտիվ հավաքչությամբ ենք զբաղվում նաև Սփյուռքում:
Մենք ունենք պատրաստի փաթեթներ և առաջարկներ, որոնց մասին լսում են զբոսաշրջությամբ զբաղվող անհատ ընկերություններ, բայց պետական մարմինը դեռ լռում է: Մենք ունենք սքանչելի ժառանգություն, որը տուրիզմի մասով ներկայացնելու դեպքում շատ ավելի շահեկան վիճակում կհայտնվենք մեր բոլոր հարաևանների նկատմամբ: Մատի փաթաթան ենք դարձրել՝ թե ծով չունենք…
Մենք ունենք աշխարհի ամենամեծ ծովը՝ море любви, և ամենալուրջ մարդկային ռեսուրսը՝ հյուրասեր հասարակություն: Ավելին, մենք ունենք տոնածիսական կերակրատեսակների համակարգ, մենք ունենք կերակուրներ, որոնք ուղղակի պատրաստում ենք, որպեսզի աշխարհում խաղաղություն լինի ՝ քաշիթան, ղափաման, աղանդերային ամիչը:
Մենք ունենք արդեն վերականգնված 9-րդ դարի կերակուր, Անիի թագավորության ժամանակաշրջանին պատկանող կերակրացանկ, և ուսումնասիրում ենք 5-րդ դարից սկսած մեր տարածաշրջանային կերակուրները: Որպես զբոսաշրջային արդյունք՝ առաջնային դիրքում մեզ համար պետք է լինի հայկական խոհանոցի ճիշտ մատուցումը: Սա ասում եմ անվերապահորեն, առանց կասկածների: Քանի որ մեր շփումը Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ բավական ակտիվ է, վստահ կարող եմ ասել՝ ամենատպավորված զբոսաշրջիկն այստեղից հեռանում է իր քիմքի արձանագրած արդյունքներով ավելի շատ, քան տեսողական, լսողական և այլ տպավորություններով»:
Տարածաշրջանային խոհանոցային քաղաքականության զարգացումների մասին 168.am-ը Սեդրակ Մամուլյանից հետաքրքրվեց, ինչպե՞ս է նա մեկնաբանում վերջերս Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, որով նա առաջարկում էր Հայաստանի կողմից «օկուպացված» 5 շրջանների վերադարձի դիմաց տալ համաձայնություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ում լավաշը մի քանի տարի մեր երկրի անվան տակ գրանցելու առիթով:
«Ես բազմիցս հայտատարել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի ամենաբարձրագույն արդարության ատյանը չեմ համարում: Կան պետական գործառույթներ, որոնցով պայմանավորված՝ մենք մեր մասնակցությունն ունենք այնտեղ: Մեր կազմակերպության ազգագրագետներից մեկը՝ Խորեն Գրիգորյանը ևս ներգրավված է Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովի մեջ, և որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվում են:
Ինչ վերաբերում է լավաշին, ի՞նչ են ասում կամ չեն ասում՝ ես տեղյակ չեմ, չգիտեմ էլ, թե ասողն ո՞վ է, բայց մի բան հաստատ է՝ շատ են ուշացել: Լավաշի մեր տարատեսակը՝ թոնրի մեջ պատրաստվող և այդ բարակության, միանշանակ արդեն իսկ գրանցված է նույն այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ որպես լավաշի պատրաստման հայկական եղանակ: Այս տարի նրանք ինչ-որ բաներ արեցին՝ տափակ հացի քաղաքականություն անվան տակ, որ ունեն նաև մնացյալ ազգերը, դա ընդունվեց, և նորմալ է:
Հետո, եթե Ադրբեջանը, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով, նման հայտատարություն է անում, ապա նրանց հենց այդ հայտատարությունը ցույց է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կաշառված լինելը: Սա ուղղակի անմիջականորեն ցույց է տալիս, որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին լուրջ ընդունելու շատ պատճառներ չունենք: ՅՈՒՆԵՍԿՕ՞-ն է որոշում, թե լավաշն ումն է. իհարկե, ո´չ: Մենք մեր խոհանոցային երևույթները պետք է ինքներս լավագույն կերպով ճանաչենք, տեր կանգնենք և դրանցով հպարտանանք: Սա շատ ավելի կարևոր է, քան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարծիքը, հատկապես, երբ արդեն վաղուց գաղտնիք չէ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան բաժինը ոչ բացառապես, բայց մեծամասամբ ֆինանսավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ուրեմն՝ ի՞նչ ենք կարծում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ պետք է որոշեր:
Ոչինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումներից կախված չէ, այլ միայն մերը լավագույն կերպով ներկայացնել է պետք, մեր արժանապատվությունից, մեր ինքնության բացարձակ ճանաչումից է ամեն ինչ կախված: Եկեք արժանապատվորեն տեր կանգնենք մեր մշակութային ժառանգությանը և կհամոզվենք, որ որևէ մեկն ի զորու չէ մերը մեզանից խլելու: Եթե մենք մեր երկրում, մեր իսկ աշխատած գումարներով գովազդում և տարածում ենք թուրքական շաուրման կամ խինկալին, ապա ուրիշներից նեղանալու որևէ բարոյական իրավունք չունենք, այդ թվում՝ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից»,- հակադարձեց նա: