Հայաստանի լռությունը ԵԱՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միության նկատմամբ այդ կառույցի անդամ երկրների իշխանությունների կողմից հնչեցվող դժգոհությունները պարբերական բնույթ են ստանում:

Ընդ որում՝ գնալով նման հայտարարությունները ավելի ու ավելի բարձր են դառնում, այնինչ Հայաստանը, որը բազմաթիվ չափանիշներով կարող է համարվել ԵԱՏՄ-ից «ամենատուժած» կողմը, առավելապես լռում է և չի բարձրաձայնում առկա խնդիրների մասին:

Բելառուս

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը հանդես էր եկել նույնիսկ իր համար չափազանց էմոցիոնալ ելույթով, որում, այսպես ասած, ի ցույց էր դրել Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում առկա բոլոր անբարեմասնությունները՝ սկսած գազի սակագներից, նավթի տարանցումից, վերջացրած արտաքին հարաբերություններով և Բելառուսի վիզային քաղաքականությամբ:

Սա, թերևս, ԵԱՏՄ գոյության տարիներին ամենաթեժ բռնկումներ էր, որը տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների միջև, այն էլ՝ առանցքային երկրների: Բելառուսի նախագահի այս հայտարարությունները, սակայն, ինչպես և նախկինում, հետապնդում էին առավելապես հետևյալ նպատակները՝ բարձրաձայնել խնդիրները, դարձնել քննարկման առարկա, ստանալ արդյունքներ:

Սա սկզբունք է, որը օգտագործում են ՌԴ դաշնակիցներն ու գործընկերները, երբ ցանկանում են, որպեսզի Մոսկվան երկկողմանի հարաբերություններում գնա որոշակի զիջումների:

Ղազախստան

Այդ սկզբունքը բավական լավ են սերտել նաև Ղազախստանում:

Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Աստանան չի վարանում ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր ինքնիշխանության անձեռմխելիության մասին և բազմաթիվ դեպքերում վարում է Մոսկվայից անկախ արտաքին քաղաքականություն:

Դրա վառ օրինակն է այն, որ 2015 թվականին Աստանան միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ այդ կերպ, փաստացի, հրաժարվելով ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորությունների զգալի մասից, ինչպես նաև՝ հարցականի տակ դնելով եվրասիական ինտեգրման առաջնահերթությունը:

Փոխարենը՝ Աստանան, բարձրաձայնելով ԵԱՏՄ-ում իր խնդիրների, ինչպես նաև Մոսկվայի քաղաքականության՝ իր շահերին հակասող դրույթների մասին, կարողանում է առավել նպաստավոր պայմաններ ապահովել իր տնտեսվարողների համար:

Ղրղզստան

ԵԱՏՄ-ում իր խնդիրների մասին չի լռում նաև Ղրղզստանը ու առավել հաճախ բողոքում է Ղազախստանի կիրառած սահմանափակումներից:

Ղրղզա-ղազախական այս դիմակայությունը, սակայն, ավարտվեց նրանով, որ Բիշքեքը, այնուամենայնիվ, ստացավ իր գյուղատնտեսական ապրանքները ղազախական շուկա հանելու բաղձալի իրավունքը: Չնայած դրան, 2016 թվականի դեկտեմբերին Ղրղզստանի նախագահ Աթամբաևը շարունակում էր հայտարարել, որ ԵԱՏՄ-ում ոտնահարվում են ղրղզական շահերը, ինչը, ամենայն հավանականությամբ, բերելու է նրան, որ Բիշքեքն էլ ավելի է հարթելու իր տնտեսության եվրասիական ինտեգրման ճանապարհը:

Հայաստան

Բոլոր վերը թվարկված երկրները, ինչպես նշեցինք, այս կամ այն կերպ բարձրաձայնում են ԵԱՏՄ-ում իրենց ունեցած խնդիրների մասին: Ինչը նշված երկրների դեպքում կատարվում է հրապարակայնորեն, այսինքն՝ գագաթաժողովների ժամանակ, առանձին հայտարարություններով, կոնկրետ գործողություններով, կամ ասուլիսներով:

Հայաստանի դեպքում պատկերը այլ է և այստեղ գործ ունենք արտաքին քաղաքականության համար պատասխանատու մարմինների իսկական գաղտնիության հետ:

Ի՞նչ են բանակցում ՀՀ ղեկավարները ԵԱՏՄ պաշտոնյաների հետ, ի՞նչ են բանակցում ՀՀ և ՌԴ նախագահները, վարչապետները: Մեծ մասամբ՝ նման հանդիպումներից հետո տարածվում են ստանդարտ հաղորդագրություններ, որոնցում կողմերը փաստում են հարաբերությունների խորությունն ու զարգացման անհրաժեշտությունը:

Այնինչ, ինչպես ցույց է տալիս եվրասիական փորձը, երբեմն ավելի արդյունավետ է լինել բաց ու բարձրաձայն, այլ ոչ թե ղեկավարվել չխոսկան մամուլի խոսնակների, էլիտար վարդագույն մամուլի սկզբունքներով և ամեն տեսակի փաստաթուղթ (օրինակ, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը) գաղտնավորելու մոլուցքով: Միգուցե այդ դեպքում Հայաստանը կարողանա ավելի ապահով լինել եվրասիական կառույցներում:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Տեսանյութեր

Լրահոս