«Ինքը վատ բան չի ասել, բացի «երախտամոռ» բառից, մնացածը նորմալ էր». Անահիտ Բախշյանի պատասխանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ինքը վատ բան չի ասել, բացի «երախտամոռ» բառից, մնացածը նորմալ էր»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն և Ստեփան Սաֆարյանին ուղղված խոսքերի մասին։
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը երեկ կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով Ա. Բախշյանի և Ս. Սաֆարյանի՝ այլ կուսակցության հետ բանակցելու և ընտրություններին մասնակցելու մասին՝ ասել էր. «Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին։ Մեզ մոտ եղել է անհատականությանը թևեր տալու սովորությունը, իսկ որ թևեր ես տալիս՝ դժվար է դրանք հետ վերցնելը»:
Մեզ հետ զրույցում Ա. Բախշյանն ասաց, որ ինքը լիովին հասկանում է Ր. Հովհաննիսյանին՝ չընդունելով, որ ինքը երախտամոռ է. «Ինքն ասում է՝ թևեր տվեցինք, բայց հետո անկառավարելի դարձան, իր տեսակետից այդպես է, որովհետև 2004 թվականից ես կուսակցության անդամ եմ, անդամագրվել եմ՝ իմ համոզմունքների համաձայն, որոնք «Ժառանգության» ծրագրային գծերն են եղել, ես դրանց հավատացել եմ և անդամագրվել եմ։ Խորհրդարանական ցուցակում ինձ ներառել է պարոն Հովհաննիսյանը, այդ հարթակը տվել է, ես այդ թևերը թափ տալու, շարժելու կարողություն ունեցել եմ, իսկ ինքը դրա հնարավորությունն է տվել, ինչի համար շնորհակալ եմ և միշտ ասելու եմ՝ որտեղ տեսնեմ, ինչքան տեսնեմ նրան»։
Ա. Բախշյանն ասաց, որ այն քաղաքական գիծը, որն ուներ «Ժառանգությունը», իր համար ընդունելի էր, տեսնել Հայաստանը՝ որպես ժողովրդավար, մարդու իրավունքների և ազատությունների իրավական պետություն։ Նա նշեց, որ ինքն այսօր էլ այդ գծին է հետևում և հետևելու է մինչև վերջ. «2014-ից սկսեց այդ գիծը շեղվել, ու այդ շեղումներին այն ժամանակ էլ եմ ես դեմ արտահայտվել, իսկ այս վերջերս, երբ նրանք սկսեցին խոսակցություններ, քննարկումներ քաղաքական այնպիսի ուժերի հետ, որոնք երբեք իրենց չեն դրսևորել այն տեսլականում, ինչ «Ժառանգությունն» է ունեցել, ես հասկացա, որ այն թևերը, որ ինձ տրվել են, ինձ ոչ թե թռիչք, այլ ազատ անկում են խոստանում։ Իսկ ես այսօր ազատ անկման արդյունքը լավ գիտեմ, պարզապես ժամանակին ասացի, որ ես այդ գիծը տանող չեմ, ու դուրս եկա կուսակցությունից»։
Մեր այն հարցին, թե «Ժառանգության» քաղաքական գծի շեղման պատճառը ո՞րն էր՝ Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Դա ամենալավը կիմանան այն մարդիկ, ովքեր սկսեցին այդ շեղումը»։ Մեր ճշտող հարցին, թե ովքե՞ր են այդ մարդիկ՝ Ա. Բախշյանը չցանկացավ հստակեցնել։
Մենք նաև Ա. Բախշյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերում նեղացածություն տեսնո՞ւմ է։ Ի պատասխան՝ Ա. Բախշյանը կրկնեց, որ ինքը լիովին հասկանում է Ր. Հովհաննիսյանին. «Իր նեղվածությունն էլ եմ հասկանում, իր՝ ինձանից նեղացածությունն էլ եմ հասկանում, ուղղակի ես ինքս իմ նկատմամբ հավատը չեմ ուզում կորցնել, եթե դա էլ կորցնեմ, ուրեմն՝ չարժի ապրել։ Միշտ երախտիքով եմ հիշելու ու երբեք չեմ խուսափելու հանդիպել պարոն Հովհաննիսյանին, որտեղ տեսնեմ, շնորհակալություն էլ ասելու եմ»։