«Ժառանգությունը» չի բացառում համագործակցությունը նաև «Ծառուկյան» դաշինքի հետ

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ վարչության նիստում որոշում է կայացրել միանալ ընդդիմադիր դաշինքներից մեկին ընտրություններից առաջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կազմվել է կուսակցության կողմից պաշտոնական խումբ, որը բանակցելու է «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ։

Նա պարզաբանեց, որ իրենք հենց այդ դաշինքների հետ են համագործակցելու, որովհետև ի սկզբանե նրանց հետ են եղել քննարկումների, խորհրդակցությունների մեջ։ Առաջիկայում կուսակցությունը կհստակեցնի, թե կոնկրետ որ դաշինքի հետ են մասնակցելու ընտրություններին։

168.am-ի հարցին, թե՝ ինչո՞վ է պայմանավորված, որ «Ծառուկյան» դաշինքի հետ չեք բանակցելու ընտրություններին մասնակցելու համար՝ հաշվի առնելով, որ նրա հետ էլ եք ոչ պաշտոնապես հանդիպել, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Հանդիպումներ եղել են, և շատ լավ է, որ եղել են։ Մենք հույս ունենք, որ հետագայում այդ համագործակցությունը կլինի, չգիտեմ՝ ինչպես, կարող է մինչև ամսի 16-ն այն լայն դաշինքը, որ մենք ի սկզբանե ասում էինք ու բոլոր տեղերում փորձել ենք այդ լայն դաշինքը կյանքի կոչել, ինչ-որ մի պահի կախարդական ձևով հնարավոր լինի։ Եթե՝ ոչ, խորհրդարանում, կարծում եմ, մենք կհամագործակցենք։ Քանի որ ավելի խորը հանդիպումներ չեն եղել, դրա համար խորհուրդն այդ որոշմանը հանգեց, որ այս երկուսի հետ բանակցենք։ Սա չի նշանակում, որ որևէ ձևով բացառվում է Գագիկ Ծառուկյանի հետ հետագայում համագործակցելը, բացարձակ դա չի նշանակում։

Հնարավոր է՝ որ մի դաշինքի մեջ էլ մենք մաս կազմենք, հետագայում Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ ինչ-որ գործնական հարաբերությունների մեջ մտնենք՝ նույնիսկ մինչև ամսի 16-ը»։

Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է ընտրություններին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս