«Երբեք չեմ լսել, որ Օհանյանը դատապարտի մարտի 1-ի սպանդը». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» խորհրդատվական ընկերության կարծիքով՝ Հայաստանը 2015 թվականին կիսաավտորիտար էր, իսկ 2016-ին դարձավ ավտորիտար: Չգիտեմ, թե որքանով է այդ ընկերությունը հեղինակավոր եւ ինչ չափանիշներով է այն առաջնորդվում, բայց, իմ կարծիքով, 2015-ը 2016-ից ավտորիտարիզմի առումով առանձնապես չէր տարբերվում:
Ավելին, ինձ թվում է` այդ առումով 1991-2017 թվականներից յուրաքանչյուրը մեկը մյուսից չէր տարբերվում:
Վարդան Օսկանյանը չի փակել «Ա1+»-ը, գուցե նույնիսկ հոգու խորքում դեմ է եղել դրան՝ դա արել է նրա «շեֆը»՝ Քոչարյանը: Բայց քանի որ հիմա պարոն Օսկանյանը բողոքում է, թե իբր Հայաստանը «պակաս ավտորիտար» երկրից դարձել է «ավելի ավտորիտար», եւ, հետեւաբար, կարեւորում է այդ խնդիրը, նա պետք է հրապարակավ ընդունի, որ «Ա1+»-ը փակելը սխալ որոշում էր՝ դրանով, ի դեպ, կապացուցի, որ այդ «շեֆի» հետ այսօր կապ չունի:
Նման հայտարարություն ես նրանից երբեք չեմ լսել: Սեյրան Օհանյանը մարտի 1-ին անզեն մարդկանց սպանելու հրաման չի տվել՝ որքան էլ փորձեն այսօր հակառակն ապացուցել: (Ի դեպ, ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված բոլոր թերությունները նրա վրա բարդելը նույնպես սխալ է՝ դրանք ամբողջ պետական համակարգի թերություններն էին):
Բայց երբեք չեմ լսել, որ Օհանյանը դատապարտի մարտի 1-ի սպանդը: Եթե կարեւորում է խաղաղ հավաքների իրավունքը, ապա պետք է դատապարտի: Եթե Առաջին նախագահի կողմնակիցները կարծում են, որ մեր երկիրը պետք է գնա ժողովրդավարության ճանապարհով, ապա նրանք պետք է ընդունեն, որ կուսակցություն եւ թերթեր փակելը, «երկրապահների» կամայականություններին տուրք տալը սխալ էին:
Եթե վաղը Արմեն Աշոտյանը եւ Էդուարդ Շարմազանովը դառնան ընդդիմադիր եւ սկսեն բողոքել ավտորիտարիզմից, ապա նրանք պետք է սկզբում ընդունեն, որ Շանթ Հարությունյանին 6 տարով դատապարտելը սխալ էր: Հակառակ դեպում ես չեմ հավատա նրանց անկեղծությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: