«ԼՂ հակամարտության սպառնալիքը. 2016-ը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է ավելի վատը լինել». Թոմաս դե Վաալ
«Կարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ծավալուն հոդված է ներկայացրել «Կարնեգի» պարբերականում, որը ներկայացնում ենք ստորև։
«Ամեն տարի, երբ Հայաստանի և Ադրբեջանի լեռներում սպասվում է գարնանային հալոցքը, գիտնականների և փորձագետների փոքր խումբը, որը աչքը պահում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, հարց է տալիս՝ «Արդյո՞ք պատերազմ կլինի»:
Այս տարի Ղարաբաղի հակամարտությանը հետևողները հատկապես մռայլ են: 2016-ը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է ավելի վատը լինել։
Անցած տարվա ապրիլին գրեթե 200 հայեր և ադրբեջանցիներ զոհվեցին 1994թ. զինադադարի մասին պայմանագրի կնքումից ի վեր ամենասարսափելի բախումների հետևանքով երկու կողմերի շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքներից հարավ ընկած հատվածում։
Բռնությանը հետևեց ամռան ընթացքում դիվանագիտական ակտիվությունը։ Ադրբեջանցիները համաձայնեցին հետևել 1994թ. կնքված զինադադարի պայմաններին, իսկ հայերը՝ ավելի խորը և համապարփակ բանակցային գործընթացի։
Բայց վերջին վեց ամսում ամռանը ձեռք բերված համաձայնությունները դանդաղ տապալվեցին: Ղարաբաղի շուրջ իրավիճակը վերածվել է արդեն ծանոթ դարձած փոխադարձ մեղադրանքների, Ադրբեջանի հիասթափության զգացումի, Հայաստանի իներտությանը և դետալների վերաբերյալ դիվանագիտական կռիվների»,- գրում է նա։
Թոմաս դե Վաալը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Բենջամին Ֆրանկլինի խոսքերն առ այն, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։
Կովկասում նոր հակամարտությունը կարող է դառնալ հազարավոր զոհերի և տնտեսական վնասների պատճառ՝ առանց լուծելու վեճի հիմնական հարցերը, բայց վտանգ կա, որ կողմերը կարող են սխալվել իրենց հաշվարկներում ու սկսել պատերազմել՝ չնայած իրենց առողջ դատելու կարողությանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ավելի քիչ կայուն են թվում՝ ո՛չ խաղաղպահներ, ո՛չ ԵԱՀԿ Մոնիթորինգային փոքրաթիվ առաքելություն և գործընթաց, որը ղեկավարում է այն և ոչ թե լուծում։
1994թ. 250 կմ-անոց շփման գծում, որտեղ տեղակայված են երկու բանակները, շտապ փորվեցին խրամատներ, մինչ այդ զինվորները երբեմն հանդիպում էին, ծխախոտներ փոխանակում, իսկ ներկայումս այդ գոտին Եվրոպայում ամենառազմականացված գոտին է՝ հրետանիով, հրթիռային հեռահար համակարգերով, ուղղաթիռներով ու ռազմական անօդաչու թռչող սարքերով: Ադրբեջանը միլիարդավոր նավթադոլարներ է ծախսել նոր սպառազինությունների ձեռքբերման համար:
Հայերն ավելի քիչ գումար են ծախսել, բայց պահպանել են հուսալի պաշտպանունակությունը ռուսական զենքի ձեռքբերման շնորհիվ։
2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը գրավեց երկու փոքր տարածք։ Պատերազմից ադրբեջանցիների ստացած խթանը ավելի մեծ էր։ Հաջող ռազմական հարձակման ընկալումը օգնեց փոխել երկու տասնամյակից ավելի տևող ստորացման զգացումը և հայրենասիրական վերելքը օգնեց շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական վատ վիճակից։
Հիմա, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին դիվանագիտական նախաձեռնությունը փակուղի է մտել, Բաքուն կարող է գայթակղվել՝ սկսել մեկ այլ տարածք գրավելու նոր գործողություն՝ փորձելով այդկերպ ճնշում գործադրել հայկական կողմի վրա:
Ռիսկն այն է, որ փոքր գործողությունն անխուսափելիորեն կվերաճի ավելի լուրջ բանի, քան նախորդ անգամ էր։ Ադրբեջանի իշխանությունները կգտնվեն ավելի կարևոր տարածքներ գրավելու ճնշման տակ, այլ ոչ թե անցած անգամվա պես փոքրիկ հողակտորների: Հայերը հասարակական ճնշման տակ կգտնվեն իրենց հասարակության կողմից՝ պայքարելու ավելի ուժեղ, քան 2016թ. ապրիլին և հետ մղել ցանկացած հաջողություններ։
Երկու կողմերն էլ գրեթե հակված են գերագնահատել իրենց ռազմական հզորությունները։ Երկուսն էլ վերջերս ձեռք են բերել մահաբեր զենքեր՝ Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, որոնք ցուցադրվել են 2016թ. սեպտեմբերին ռազմական շքերթի ժամանակ, ադրբեջանցիները Իսրայելից գնել են մեծ քանակությամբ զենք, ներառյալ՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգ և ռազմական անօդաչու թռչող սարքեր։
Եթե ռազմական կոնտեքստը վտանգավոր է, քաղաքականը ավելի լավը չէ։
Ադրբեջանի նավթային բումն ավարտվել է՝ տնտեսությունը վերջին տարում կրճատվել է մոտ 4 տոկոսով։
Հայաստանում ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ են նախանշված, որից հետո երկիրն անցնելու է նախագահական համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Դա լայնորեն ընկալվում է որպես Սարգսյանի գամբիտ, ում նախագահության ժամկետն ավարտվում է 2018-ին։ Փոփոխությունը վիճելի է, և ընդդիմությունն օգտագործելու է ընտրությունները ՀՀ նախագահին բոլոր հնարավոր եղանակներով մարտահրավեր նետելու համար։
Անկայունության վերջին գործոնը միջազգային ասպարեզում Դոնալդ Թրամփի ընտրություններն էին, ԵՄ-ի ճգնաժամը, որը զգացվում է Հարավային Կովկասում, և որը կարող է խրախուսել կողմերին ավելի անպատասխանատու արարքների և հավատալ, որ կարող են չվախենալ հետևանքներից:
Եթե կռիվ լինի, այն դժվար կլինի ղեկավարել։ 2016 թվականի ապրիլին Մոսկվայի ջանքերով կողմերը բանավոր հրադադարը հաստատեցին, բայց սխալ պատկերացում է այն, թե Մոսկվան կառավարում է Ղարաբաղյան հակամարտությունը: Մոսկվան երբեք չի վերահսկել , քանի որ վեճն սկսվել է 1988 թվականին, այլ փորձել է տարբեր կերպ պաշտպանել այս կամ այն կողմին կամ հանդես գալ որպես միջնորդ։
Ներկայումս Ռուսաստանի նկատմամբ չափազանց անվստահություն կա երկու երկրներում և Բաքուն ու Երևանը թույլ չեն տա Ռուսաստանին իր սեփական օրակարգը փաթաթել իրենց վզին թիվ մեկ ազգային խնդրի հարցում։
Կարճ ասած՝ Ղարաբաղում բռնության սպառնալիքը պետք է կանխվի ինտենսիվ կանխարգելիչ դիվանագիտությամբ: Հարավային Կովկասում նոր հակամարտության գործարկումն ամենավերջին բանն է, որ կարող է մեկը ցանկանալ, հատկապես հասարակ հայերը և ադրբեջանցիները, որոնք կհայտնվեն դրա մեջտեղում։