Փոխե՞լ, թե՞ չփոխել ընտրության օրը. «Վեճի լուծումը Սահմանադրական դատարանում է»
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցը լայն քննադատությունների տեղիք է տվել։ Հարցը քննարկվում է 2 հարթությամբ՝ բարոյական և իրավական տեսանկյունից։ Նախ՝ անցած տարի ապրիլյան պատերազմը սկսվեց հենց ամսի 2-ին, և զոհերի հիշատակը հարգելու պահանջը լիովին տեղին է։ Ըստ այդմ՝ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաստելով, որ այդ օրն ավանդական արարողությունների օր է՝ զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար, ու նաև պահանջելով՝ հարգել հերոսների մահվան առաջին տարելիցը և ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում:
Խնդրի իրավական կողմը բարձրաձայնել էր «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։ Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքում հաշվի չեն առնվել Սահմանադրության անցումային դրույթները, համաձայն որի՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է նշանակվեին՝ առաջնորդվելով ոչ թե Ընտրական օրենսգրքով, այլ Սահմանադրության անցումային դրույթներով, որոնց համաձայն՝ ԱԺ առաջիկա ընտրությունները կարող էին նշանակվել ոչ թե հաջորդ գումարման նստաշրջանի բացման օրվանից 60 օր առաջ, այլ ամենաշուտը 40 օր առաջ:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սահմանված է, որ ընտրության օրը նշանակվում է նախագահի հրամանագրով, ենթաօրենսդրական ակտերը պետք է հիմնվեն և չեն կարող հակասել օրենքներին, իսկ Ընտրական օրենսգրքով սահմանված է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, հետևաբար՝ այդտեղ ԸՕ-ի և նախագահի հրամանագրի մեջ որևէ հակասություն չկա։
Սահմանադրության հետ կապված որևէ խնդրի առկայության մասին Հ.Սահակյանը նշեց, որ կարգավորման նյութական, կոնցեպտուալ կողմերը պետք է նայել ընդհանուր դիտարկման մեջ: Ըստ նրա՝ որպես այդպիսին, խնդիր չկա. «Եթե տեսակետների լուրջ տարբերություն է, դրա լուծումը կարող է տալ բացառապես միայն մեկ մարմին՝ Սահմանադրական դատարանը։ Էլինար Վարդանյանն ունի իր տեսակետը, ես՝ այլ, մեկ այլ իրավաբան՝ այլ»։
Թե ե՞րբ է որոշվել, որ հենց ապրիլի 2-ը պետք է լինի ընտրության օրը՝ Հ.Սահակյանը դժվարացավ ասել։
Ընտրության օրը որոշում և նշանակում է ՀՀ նախագահը՝ հրամանագրով։ Եվ, բնականաբար, այդ որոշումը չէր կարող կայացվել ապրիլյան պատերազմից առաջ։ Իսկ թե ինչո՞ւ հաշվի չի առնվել հարցի առնվազն բարոյական կողմն ու ընտրությունների օրը նշանակվել է հենց ապրիլի 2-ին, և ոչ թե՝ 10-ին կամ 12-ին, պարզ չէ։
Հ.Սահակյանը հորդորեց ապրիլյան պատերազմի հետ կապված բարոյահոգեբանական կողմը քաղաքականության հետ չխառնել։
«Մենք պետք է հասկանանք, որ չպետք է քաղաքականության մեջ մտցնենք և քաղաքական քննարկման առարկա դարձնենք բարոյահոգեբանական որևէ խնդիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրական պրոցեսներն ընթանան ավելի համահունչ և վստահության մթնոլորտի ներքո։ Իսկ այդ շահարկումներն այն դաշտից են, որ մեր ազգաբնակչության հուզական խնդիրները բերեն քաղաքականության մեջ քննարկեն, որը, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց Սահակյանը։
Ընտրության օրվա փոփոխության հարց իշխանությունն այլևս չի քննարկի։ Հ. Սահակյանի խոսքով՝ նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը, և, եթե կան այլ կարծիքներ, պետք է դիմել Սահմանադրական դատարան. «Այդ վեճի լուծումը Սահմանադրական դատարանում է»։