Սիրելի աշխատանքը և ինքնաիրականացման հնարավորությունները

Սիրելի աշխատանք… Կյանքի գործգ Առաքելություն… Ե՞րբ է մասնագիտությունը դառնում սիրելի։ Ե՞րբ կարելի է սեփական աշխատանքն անվանել կյանքի գործ։ Արդյո՞ք այն, ինչով զբաղվում եք, կարող եք վստահ համարել Ձեր առաքելությունը։

Ցավոք սրտի, մարդկանց մեծամասնությունը չի հավանում և հաճույք չի ստանում այն աշխատանքից, որը կատարում է ամեն օր։ Շատ քչերը կարող են համաձայնել այն ճշմարտության հետ, որ աշխատանքը պետք է և կարող է լինել հաճելի, կարող է և պետք է բավարարվածություն հաղորդել։ Իհարկե, ըստ էության, ինքը` աշխատանքը, որպես այդպիսին, ոչինչ է։ Աշխատանքն իրականում կատարում է մարդը, և միայն մարդն է այն իմաստավորում և գունավորում։ Իսկ ի՞նչ գույն ունի Ձեր աշխատանքը։

Մելամաղձոտ կանաչով ներկված անվերջ թվացող կածանի՞, թե՞ սև կործանիչ հիշեցնող պտուտակի, որն անընդհատ տանում է իր ետևից` հոգնեցնելով Ձեզ։ Միգուցե վառվող կարմիր ուղեղի, որն արդեն գրեթե պատրաստ է ճնշվածությունից և սթրեսից պայթել։ Նման զգացողություններն առաջանում են, քանի որ աշխատանքն աստիճանաբար վերածվում է սթրեսածին գործոնի։ Այս ամենը գիտակցելով` անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել։ Իսկ փոխելու համար նախ` պետք է ինքներս մեր հնարավորությունների և ցանկությունների հետ քայլենք ներդաշնակ և համահունչ։

Նախևառաջ, նման իրավիճակներում ինքներս մեզ հասկանալու համար, պետք է պատասխանենք հետևյալ հարցին. «Իրականում ինչո՞վ եմ ցանկանում զբաղվել»։ Ափսոսանքով պետք է նշել, որ շատերն այդ հարցումով սահմանափակվում են` չունենալով հստակ պատասխան։ Նրանք չգիտեն, թե ինչով են ուզում զբաղվել, չգիտեն` ինչն է իրենց դուր գալիս կամ որ բնագավառում առավել լավ կարող են հմտություններ ցուցաբերել։ Մեծամասնությունը հիմնականում աշխատում է` ըստ սովորության, իներցիայով` չմտածելով, թե որ աշխատանքով առավել մեծ սիրով կզբաղվեր։

Կարդացեք նաև

Մարդիկ, բավականին շատ կլանված սոցիալական հորձանուտով և ժամանակաշրջանի պահանջներով, մոռացել են երազել` դա համարելով ժամանակի անօգուտ վատնում։ Իսկ երազելն իրականում կարող է լինել ռեսուրս` ներքին թաքնված ցանկությունները և անձնային պահանջները բացահայտելու համար։ Այն նման է ուղեղային գրոհի, որը դուրս է բերում խնդրի լուծման ամենախենթ տարբերակները, որոնցից ընտրվում են առավել արդյունավետները` դրդելով անձի ինքնազարգացմանը։

Որպեսզի չվախենանք երազել և հասկանանք, թե որ աշխատանքային բնագավառն է հանդիսանում մեր առաքելությունը, պետք է կատարենք մի քանի քայլ.

1. Մտովի գնալ դեպի մանկություն։ Մանկությունը մեր ռեսուրսն է։ Երեխա լինելով` մենք հաճախ խոսում և անում ենք այն, ինչ ցանկանում ենք` առանց կեղծելու և որոշակի հասարակական պահանջների համապատասխանելու։ Մեր ինքնարտահայտումն ինքնաբուխ է, ստեղծագործ և ազատ։ Իհարկե, այդ տարիքում բացակայում է գիտելիքը կյանքի որոշակի դժվարությունների և արգելքների մասին, սակայն մենք կարողանում ենք երազել և ցանկանալ։ Մենք գիտենք, թե ինչն է իրականում մեզ դուր գալիս։ Փորձեք մտաբերել` ի՞նչ նախասիրություններ ունեիք մանկության տարիքում, ի՞նչն էր դուր գալիս, ի՞նչն էր ստացվում։ Դպրոցում ո՞ր առարկաներն էին առավել գերադասելի և հետաքրքրական Ձեզ համար։ Կա՞ր ինչ-որ գործողություն, որը Դուք կատարում էիք մեծ բավականությամբ, սակայն հետաքրքրությունն ու ձգտումը մարել են` ծնողների անհանդուրժողականության, քննադատության, զայրույթի արտահայտման հետևանքով։

2. Կարողությունների բացահայտում։ Փորձեք թղթի վրա շարադրել, թե ինչ եք առհասարակ կարողանում անել, ամենասովորական գործողությունից` մինչև ամենաբարդը։ Օրինակ. գեղեցիկ գրել, համեղ պատրաստել որևէ ուտեստ, զգայուն լինել մարդկանց ներքին հոգեվիճակի նկատմամբ, նկարել, լուծել տրամաբանական հանելուկներ, և այլն։ Սյունակով առանձնացնելուց հետո փորձեք յուրաքանչյուր գործողություն ըստ հաճելիության և բավարարվածության գնահատել 1-5 գնահատման սանդղակով։ Ձեր ունակությունները թվարկեք ինքնաբուխ` առանց երկար մտածելու։

Գրեք նույնիսկ Ձեզ մանրուք թվացող գործողությունները։ Որքան շատ եք գրում, այնքան ավելի է ակտիվանում երևակայությունը և հիշողությունը` ստեղծելով ամուր կապ սեփական Ես-ի և ներաշխարհի հետ։

3. Նոր գիտելիքների ձեռքբերում։ Տվյալ փուլում պետք է շարադրել այն հմտությունները, որոնք կցանկանաք սովորել` կրկին բաց չթողնելով ոչ մի մանրուք։ Պարտադիր չէ, որ դրանք կապված լինեն Ձեր աշխատանքի, կյանքի առաքելության հետ։ Այն կարող է լինել կիրառական, ներքին, անձնական, կարող է կապված լինել Ձեր հատկանիշների և որակների հետ։ Կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել այն կետերի վրա, որոնք առավել կհուզեն և կհետաքրքրեն, երբ սկսենք դրանք թվարկել բարձրաձայն։ Փորձեք հասկանալ, թե որ գիտելիքի ձեռքբերումը ձեր ներսում առավել մեծ խանդավառություն և հուզական անզուսպ էներգիա առաջացրեց։ Դրան հետևելով` կգտնեք ինքնազարգացման աղբյուրը, ինչը կհանգեցնի արդյունավետ աշխատանքի և սեփական անձի առաքելության բացահայտմանը։ .

Հիշե՛ք, եթե Ձեր առաջ կա նպատակ և որոշում` դրան հասնելու, սկսեք շարժվել առաջ, նույնիսկ ամենափոքր քայլերով ընթացեք դեպի դրա իրականացումը։ Ձեռնարկելով առաջին քայլերը` շատ չեք սպասի արդյունքին, այն ակնառու կլինի։ Փոքր հաջողությունները գործի են դնում շարժիչը, ինչն արթնացնում է տաղանդ և նոր փուլի սկիզբ։

ԿԱՄԻԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հոգեբան

Տեսանյութեր

Լրահոս