Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է դպրոցներից. «Սինգապուրյան հրաշքի» ո՞ր մասը կարելի է կիրառել Հայաստանում

Սինգապուրում, Մալազիայում և Ինդոնեզիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, միջազգայնագետ, 8 տարուց ավելի Սինգապուրում բնակվող Վահագն Վարդանյանի հետ զրուցել ենք «սինգապուրյան հրաշքի», Հայաստանի համար դրա ուսանելի և ոչ կիրառելի կողմերի մասին։

– Սինգապուրի փորձը Հայաստանում կիրառելու մասին առաջինն այստեղ խոսեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, անգամ «սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն այցելեց Հայաստան, այժմ էլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանից են սպասում, որ Հայաստանը կդարձնի Սինգապուր։ Ձեր կարծիքով՝ Սինգապուրի փորձից ի՞նչն է ուսանելի մեր երկրի համար։

– Իհարկե, վերջին 50 տարիների ընթացքում Սինգապուրի նվաճումները գրեթե անգերազանցելի են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը չունի որևէ բնական պաշար կամ հանածո, և գործնականում զարգացման ամբողջ հիմքը մարդկային ռեսուրսն է։ Շատ երկրների համար միգուցե Սինգապուրի փորձը լավ իմաստով նախանձելի է և ձգտման մոտիվացիա է հանդիսանում, բայց միևնույն ժամանակ՝ ոչինչ պետք չէ իդեալականացնել։ Այսինքն՝ ցանկացած պետություն, ցանկացած երկիր ունեցել է որոշակի նախապայմաններ, թե ինչի հիման վրա է զարգացել, և դրանց տարբերությամբ է պայմանավորված, թե որքան արդյունավետ կարելի է հասնել հաջողության։ Իհարկե, սա չի բացառում, որ մենք պետք է ընդունենք, որ կարելի է որոշակի դրական կողմեր, թեկուզև նույնությամբ, ընդօրինակել։

Փորձելու համար հասկանալ, թե ինչը կարելի է կիրառել, նախ՝ պետք է հասկանալ, թե ի՞նչն է Սինգապուրի զարգացման այդ արագ հրաշքի հաջողության գրավականը։ Սինգապուրի անկախությունից ի վեր այնտեղ շատ հետևողական ձգտել են ոչ միայն բարձր տնտեսական աճի, այլև փորձել են կիրառել ինտեգրացված մոտեցում։ Այսինքն՝ տնտեսության, երկրի ներքին թե արտաքին քաղաքականության, սոցիալական քաղաքականության, բոլոր ոլորտներում կարողացել են գտնել այն կամուրջները, որոնք այդ ոլորտները մեկը մյուսին կապում են։ Եվ այդ միջոցով, շատ հետևողական աշխատելով՝ կարողացել են հասնել տնտեսական մեծ հաջողության, և այսօր, իհարկե, այնպիսի ցուցանիշների, որոնցով Սինգապուրը կտրուկ առանձնանում է տարածաշրջանի մյուս երկրներից։

Կարդացեք նաև

Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Նախ՝ Սինգապուրում աշխարհում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանից հետո՝ ընդհանուր եկամուտների մեջ խնայողությունների տեսակարար կշռով։ Սա լուրջ պայման է տնտեսության աճի համար։ Եթե վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանում այդ ցուցանիշը միջինը կազմել է 50%, Սինգապուրում 45% է։ Սա վկայում է մեկ այլ մշակույթի մասին, երբ մարդիկ կարողանում են քիչ ծախսել, և խնայողությունները վերածվում են ներդրումների։ Այնտեղ ներքին ներդրումները մեծ դեր են կատարում, և ոչ միայն՝ ներքին ներդրումները ներքին ռեսուրսի միջոցով, այլև ներքին ռեսուրսի միջոցով այլ երկրներում ներդրումները։ Այնտեղ ներդրումների մակարդակն այնքան բարձր է, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների, որ շատ չի խոսվում երկրից գումարների արտահոսքի մասին։

Սինգապուրում շատ մեծ դեր ունեն հաստատությունները։ Մասնավորապես՝ նրանց քաղծառայության աշխատաոճը դրական առումով շատ է առանձնանում ցանկացած այլ երկրի պետական ծառայության աշխատանքի ոճից՝ թե՛ սպասարկման, թե՛ արագ, օպերատիվ աշխատանքի տեսանկյունից։ Եվ մենք առաջին հերթին՝ կարող ենք դա ընդօրինակել կամ սովորել։ Իհարկե, կարելի է ասել, որ երկիրը փոքր է, բայց այն փոքր է միայն աշխարհագրական չափերով։ Սինգապուրը Հայաստանից փոքր է 45 անգամ, բայց բնակչության թվով ավելի քան 2 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը։ Եթե գումարենք նաև մշտական զբոսաշրջիկների թիվը՝ մոտ 300 հազար, դա շուրջ 6 մլն է անում, և նման թվաքանակի պայմաններում շատ այլ երկրների արդյունավետություն ապահովել չի հաջողվում։ Խնդիրն ուղղակի սկզբունքների ճիշտ դրվածքն է, և ըստ դրանց՝ հետևողական աշխատանքը։

Հաստատությունների դերի մասին խոսելիս՝ մի օրինակ բերեմ. 2015թ. մահացավ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, և նրա թաղման արարողության վերջին մասում խորհրդարանի շենքից թափորը պետք է տեղափոխվեր մի հաստատություն, որը երկրի ղեկավարությունը համարել էր ամենաբարձր նվաճումը երկրի համար՝ Սինգապուրի Ազգային համալսարան։ Մոտ 40-45 րոպե տևողությամբ ճանապարհն այնպես էին նախատեսել, որ այն անցներ Սինգապուրի մի քանի հիմնական նվաճումներն արտահայտող շենքերի կողքով, այդ թվում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի վարչության շենքի։ Այն համարվել է մեծագույն նվաճումներից մեկը, քանի որ տասնամյակների ընթացքում բաց, սպիտակ կառավարման սկզբունքները դրվել են երկրի կառավարման հիմքում։ Մի կարևոր հանգամանք էլ կա. այս ամբողջ ընթացքում ամեն ինչ արվում է՝ բացառելու երկիրը պախարակելու ցանկացած փորձ։

Այսինքն՝ ոչ միայն ստեղծվում են պայմաններ կամ ջանք է տարվում, որ երկրի հեղինակությունը բարձրանա, այլև մի քանի անգամ ավելի ջանք է արվում, որ ստեղծվածն անհիմն կամ ոչ լիարժեք տեղեկատվության հիման վրա չկորսվի։ Սա շատ կարևոր է երկրի հեղինակության համար, որի հիման վրա էլ երկրի բրենդավորումն է տեղի ունենում։

– Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարն ինչի՞ց է սկսվում։

– Դա ամենուր է և ամենուր գովազդվում է, թե ինչքան վատ բան է կոռուպցիան։ Առաջին հերթին՝ պետական դպրոցների սրահներում, միջանցքներում պաստառներով, գրքերով ներկայացվում է, թե ինչ վատ բան է կոռուպցիան։ Եվ ուսման 12 տարիների ընթացքում մեծանում է սերունդ՝ իմանալով, որ կոռուպցիան վատ է։ Եվ սա երևի թե գլխավոր նախապայմաններից մեկն է եղել, որի շնորհիվ, առանց լրացուցիչ միջոցներ վատնելու, երկիրը կարողացել է հասնել հաջողության։ Սինգապուրում բոլորը գիտեն, որ, եթե կառավարությունը մի բան նախատեսում է, անպայման նույնությամբ կիրականացնի։ Եվ դա շատ մեծ առավելություն է։ Այնտեղ ֆինանսական միջոցների պակասի խնդիր չկա, և սիրում են ամեն ինչ նախապես պլանավորել։

Թե ինչո՞վ պետք է Հայաստանը համեմատվի, կամ արդյոք արժե՞, որ համեմատվի, դրական ի՞նչը հնարավոր է ընդօրինակել, այս ուղղությամբ անպայման պետք է ուսումնասիրություն կատարել։ Կա նախապայմանների հարց։ Մենք ցամաքային երկիր ենք, մեզ մոտ տրանսպորտային խնդիրը մեծ է։ Սինգապուրը համաշխարհային ծովային հանգույցներից է, բայց դա չի խանգարել, որ այն դառնա նաև օդային խոշորագույն հանգույցներից մեկը։ Բայց աշխարհագրական դիրքադրությամբ Հայաստանը հասանելի է ավելի շատ երկրների, քան Սինգապուրը։ Եթե 2.5-3 ժամ չվերթի շառավղով շրջագիծ անցկացնենք, ստացվում է մոտավորապես 500 մլն-անոց շուկա։ Սա շատ մեծ հնարավորություն է։ Մենք պետք է կարողանանք ցանկացած թերություն դարձնել առավելություն։ Սա մտածելակերպի հարց է։ Իհարկե, մեզ համար շատ անհրաժեշտ է ազգի ինքնության պահպանումը, բայց մենք մշակութային պատ ենք մեր շուրջը կառուցել։ Սակայն մենք պետք է լինենք շատ պրագմատիկ։ Իսկ պրագմատիկ մոտեցումը ենթադրում է, որ երկրների միջև չկան ընկերներ կամ թշնամիներ, այլ կան շահեր։

Կարող են լինել երկրներ, որոնց շահերը չեն համընկնում, որոշ ժամանակ թշնամանում են, ապա նորից շահերը համընկնում են, և համագործակցում են կրկին։ Այսինքն՝ մենք պետք է ուղղակի հասկանանք, որ մեր դեպքում՝ որպես բարեկամ կարող է լինել միայն մեր ժողովրդի մյուս մասը, որ գտնվում է դրսում։

Սինգապուրի հաջողության մասին խոսելիս՝ պետք է նշել, որ այն արտաքին աշխարհում հայտնի է՝ որպես խիստ օրենքների երկիր, համենայն դեպս՝ այն մարդկանց շրջանում, ովքեր չեն եղել այդ երկրում։ Ես կարող եմ ասել այսպես՝ այնտեղ ապրելու ընթացքում այդ խստությունը չի զգացվում։ Սինգապուրն ունի բավականին մեղմ օրենքներ, բայց դրանք խախտելու դեպքում պատժամիջոցներն են խիստ։ Օրինակ՝ կոռուպցիայի դեպքում ֆինանսական պատիժը տասնապատիկ խիստ է, քան գայթակղիչ գումարն է եղել։

Սինգապուրն առանձնանում է սովորելու հանդեպ ձգտումով։ Օրինակ՝ օդանավակայանը կառուցելիս ուսումնասիրել են շատ երկրների փորձը, և որոշվել է այն կառուցել այնպես, որ օդանավերը ծովի ուղղությամբ օդ բարձրանան։ Աղմուկի և անվտանգության տեսանկյունից դա համարվում է նախապատվելի։ Հոլանդիայից ընդօրինակել են ծովից պաշտպանվելու եղանակները։ Պետական մակարդակով կրթությունը համարվում է թիվ մեկ նախապայմանը կամ գերակա ոլորտը։ Սինգապուրում երկրի բրենդավորումը տեղի է ունենում ազգային ինքնության վրա։ Դա շատ համալիր գործունեություն է։ Եթե երկրի կրթական համակարգն ազդում է երկրի հեղինակության վրա, նույն կերպ երկրի հեղինակությունն է ազդում կրթական համակարգի վրա։ Մեկը մյուսով պայմանավորված է և մեկը մյուսին պայմանավորում է։

Եթե խոսենք շատ քիչ թվով, բայց գերակա ճյուղերի մասին, շատերը կընդունեն, որ մեզ համար Հայաստանում կրթությունն այն քիչ ճյուղերից մեկն է, որ կարող է ՀՀ-ն դարձնել տարածաշրջանային և նույնիսկ ավելի լայն մասշտաբով կենտրոն։ Պետք է ընտրել և զարգացնել կրթական ուղղությունները։ Մենք կարող ենք կենտրոն դառնալ ոչ միայն հայերի, այլև ազգությամբ ոչ հայերի համար։ Եվ դա շատ լավ կլինի, պետք չէ վախենալ այդ մտքից, որ ոչ հայերը կարող են այստեղ գալ սովորել ու հետ գնալ։ Ցանկացած մարդ, որ կարող է գալ Հայաստանում կրթություն ստանալ ու հետ գնալ, Հայաստանի համար դառնում է փոքր դեսպան, որի ուսման տարիների փորձն ու հիշողությունները կամուրջ են դառնում Հայաստանի համար։ Նրանք կլինեն մեր խոսնակները դրսում։ Ցանկալի է հասնել այդ նվաճմանը, որ մեր մասին դրական առումով խոսեն ոչ հայերը։

– Սինգապուրի փորձից ի՞նչը կիրառելի չէ Հայաստանի համար։

– Սինգապուրը նախ՝ միայն մի քաղաք է։ Սա լուրջ տարբերություն է դնում, որովհետև այնտեղ իսպառ բացակայում է գյուղատնտեսությունը։ Եվ մյուս տարբերությունն այն է, որ մենք ազգաբնակչության առումով շատ ավելի միատարր երկիր ենք, 98%-ից ավելին հայեր են, իսկ Սինգապուրում 4 պետական լեզու գոյություն ունի, դավանանքի առումով՝ տարբեր կրոններ և ճյուղավորումներ գոյություն ունեն և, իհարկե, մտածելակերպի առումով էլ տարբեր ենք։ Մենք պետք է պարզենք, թե զարգացման ինչ աստիճանի, ինչ մակարդակի ենք ուզում հասնել։ Զարգացում միանշանակ չի նշանակում՝ 30-60 հարկանի շենքեր ունենալ։ Հաշվի առնելով Հայաստանի իրականությունը, միջավայրը, մեր ռեսուրսները, բնակչության թվաքանակը, պետք է որոշենք՝ զարգացման ո՞ր էտապն է մեզ համար ամենաբարձրը։ Սինգապուրը քաղաքային ենթակառուցվածքների զարգացման բարձր աստիճան է ենթադրում, քանի որ այնտեղ քաղաքից դուրս զարգացման այլ հնարավորություն չկա։ Սինգապուրը գերբնակեցված է, ֆիզիկապես զարգացման լիմիտ կա։ Հայաստանը  թերբնակեցված երկիր է։ Եվ, բացի թերբնակեցված լինելուց, Հայաստանը տարածաշրջանային համաչափ բաշխվածության առումով շատ ոչ արդյունավետ է։ Թե՛ բնակչությունը, թե՛ գործարար ակտիվությունը կենտրոնացած է փոքր տարածքում՝ Երևան քաղաքում, որը Հայաստանի տարածքի 1%-ն էլ չի կազմում։ Երևանում ևս կենտրոնացվածություն կա Կենտրոնում և Արաբկիրում, որն ընդհանուր տարածքի չնչին մասն է կազմում։

Հայաստանը Սինգապուրից տարբերվում է նաև լեզվի առումով։ Սինգապուրն անգլախոս երկրների քաղաքակրթության մաս է կազմում, քանի որ նախկինում եղել է Բրիտանական Կայսրության մաս, և այսօր էլ անգլերենը պաշտոնական լեզու է։ Եվ իրենք կարողանում են շատ ավելի կարճ հասնել մյուս անգլախոս հիմնական կնետրոններին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա։ Մեր աշխարհաքաղաքական իրավիճակը ենթադրում է այլ մոտեցում։

Սա զգալի տարբերություն է։ Եվ երևի պետք էլ չէ ամեն ինչ ամբողջությամբ կիրառել, այլ պետք է շեշտը դնել այդ 2 հիմնական պայմանի վրա՝ քաղծառայության արդյունավետության, օպերատիվության բարձրացման և բնակչության շրջանում, առաջին հերթին՝ դպրոցական տարիքից սկսած, կոռուպցիայի վատ լինելու գաղափարը դաստիարակելու։ Սրանք ամենակարևոր խնդիրներն են։

Տեսանյութեր

Լրահոս