«Գագիկ Ծառուկյանը, իշխանության մեջ չլինելով, ամենամեծ աջակցությունն է ցույց տալիս հենց իշխանությանը». Գառնիկ Իսագուլյանը Ծառուկյանին ընդդիմադիր դաշտում չի տեսնում
168.am-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը
– Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նախընտրական դաշինքներ են ձևավորվում։ Այսօր էլ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող զարգացումները։
– Շատ ողջունելի է դաշինքների ձևավորումը, հատկապես, երբ մենք անցել ենք խորհրդարանական կառավարման ձևին։ Լավ կլիներ, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը կարողանար ձևավորել մեկ ընդհանրական դաշինք՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ Հայաստանում դեռևս կուսակցությունները, որպես այդպիսին, կայացած չեն։ Գուցե ընդդիմադիր կուսակցությունները միավորվելով՝ կարողանան ստեղծել այլընտրանքային ինչ-որ ուժ, որն այսօր կարող է մրցակցության մեջ մտնել ՀՀԿ-ի հետ, և հույս ունենալ, որ որոշակի քվոտայով կարող են մտնել ԱԺ։
Այն, որ արդեն պարոն Ծառուկյանը հայտարարություն արեց, որ ինքը մտնում է մեծ քաղաքականություն և կձևավորի բավականին լայն դաշինք, սա ևս ողջունելի է։ Ինչ էլ ուզում են ասեն, դա ՀՀԿ-ից հետո 2-րդ ամենամասսայական կուսակցությունն է, որը կարողացել է իր շուրջ համախմբել բավականին լուրջ կադրեր, բավականին լուրջ ազդեցություն ուներ գրեթե բոլոր մարզերում և ուներ բավականին լուրջ վարկանիշ ունեցող առաջնորդ։ Փետրվարի 12-ից հետո, երբ բոլորը սպասում էին մեծ հանրահավաքի, ճիշտ է դա շատ բաներ բացահայտեց, բայց հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, չգնաց հեղափոխական զարգացումների, չնայած դրա բոլոր հնարավորությունները գուցե ուներ։ Այսինքն՝ իր կայունությունը, իրավիճակը ծայրահեղ անցանկալի զարգացումների չտանելու հատկությունը բավականին կարևոր է։ Հիմա, եթե որոշել է մտնել քաղաքականություն, դա շատ լավ է, ես ողջունում եմ այդ քայլը, վստահ եմ, որ հիմա էլ պարոն Ծառուկյանը ստանձնելու է այդ դերը։
Հաշվի առնելով հուլիսյան դեպքերը՝ պետք է հասկանանք, որ մեզ մոտ զարգացումները կարող են ոչ թե մինչև ընտրությունները լինել, այլ հետընտրական գործընթացները կարող են շատ անցանկալի ճանապարհով ընթանալ, և այդ պարագայում է, որ պարոն Ծառուկյանի առկայությունը և իր շուրջ ստեղծված մեծ դաշինքը կարող է հանդես գալ՝ որպես կայունացնող ուժ։ Բացի այդ, իշխանությունները միշտ իրենց թիկունքին կզգան ուժեղ կուսակցության շնչառությունը, և դա նաև կնպաստի իրենց լավ աշխատելուն։
– Չե՞ք կարծում, որ 2015 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն և հենց Գագիկ Ծառուկյանը վարկանշային անկում են ունեցել, և այդ կոնտեքստում՝ ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հաջողությունները կամ, Ձեր նշած, կայունացնող դերը։
– Ես որևէ հարցումների արդյունք չգիտեմ, որը ցույց տա, որ պարոն Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի վարկանիշն ընկել է։ Կարող է՝ որպես կուսակցություն, առանց պարոն Ծառուկյանի գլխավորության, որոշակի անկում ապրել է, բայց կոնկրետ պարոն Ծառուկյանի վարկանիշը, չեմ կարծում, որ անկում է ապրել, հատկապես այն բանից հետո, որ ինքը շատ հստակ հայտարարեց, թե ինչու չգնաց հետագա սրացումներին։ Դրան նախորդել էին դեպքեր, երբ նրան աջակցող կուսակցություններից շատերն իրենց իրական դեմքն էին ցույց տվել, և այդ բազայով գնալ սրացումների, կարծում եմ՝ տեղին չէր, ու պարոն Ծառուկյանը ճիշտ որոշում կայացրեց։ Դրանից հետո նա որևէ մեկի նկատմամբ թույնով չլցվեց, չթողեց իր գործը, որ նախկինում էր անում՝ թե՛ բարեգործությունը, թե՛ օլիմպիական խնդիրների լուծումը։ Հիմա մյուս դաշինքները գուցե հայտնվեն ծանր վիճակում, որովհետև նրանք իրենց բոլոր հաշվարկներն արել էին այն նկատառումից ելնելով, որ պարոն Ծառուկյանը չի լինելու այս ընտրություններում՝ որպես ակտիվ մասնակից, բայց հիմա կտեսնեք, որ նաև մյուս դաշինքներում լուրջ տեղաշարժեր ու փոփոխություններ կլինեն։
– Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը վտանգավոր է ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ընդդիմադիր դաշինքների՞ համար։
– Ոչ թե վտանգավոր է, այլ ես կասեի՝ երկուսին էլ օգնում է։ Նախ, որ ՀՀԿ-ականները շատ ավելի լուրջ կնախապատրաստվեն ընտրություններին, իսկ մյուս առումով էլ՝ Գ. Ծառուկյանի մուտքը կանխելու է հետընտրական այն ոչ ցանկալի զարգացումները, որ բոլոր պարագաներում ընդդիմադիր դաշտը փորձելու էր գնալ դրան։ Գագիկ Ծառուկյանը կայունացնող ուժ է, ինչը կարևոր է և՛ իշխանությունների համար, և՛ ընդդիմադիր դաշինքի համար։ Թող ընդդիմադիր դաշտը համախմբվի հենց Գագիկ Ծառուկյանի շուրջ։
– Նկատի ունեք՝ մյուս դաշինքնե՞րն էլ միանան Գ. Ծառուկյանին։
– Ինչո՞ւ չէ, եթե իրենք նպատակ ունեն ու տեսնում են, որ իրենք հնարավորություն չունեն, ապա կարող են նաև գնալ դրան։ Եթե կարող են երրորդ բևեռ ձևավորել, Աստված իրենց հետ։
– Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ինքը զերծ կմնար քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսներ ու վստահ լիներ, որ մեր երկիրն ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է։ Նրա այս հայտարարությունն արդյոք խոսո՞ւմ է այն մասին, որ նա ընդդիմադիր բևեռում է լինելու։
– Անկախ նրանից՝ մարդն անմիջապես իշխանության մեջ է, իշխանությունից դուրս է, շատ կարևոր է նաև ճշմարտությունն ասել։ Ոչ մեկը չի ասում, որ մեր երկրի վիճակն այնքան լավ է, որ ոչինչ փոխելու անհրաժեշտություն չկա, ու սրա առաջին խոստովանողը եղավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ու դա էր պատճառը, որ գնացին լուրջ փոփոխությունների։ Նույն բանն ասում է պարոն Ծառուկյանը, շատ ավելի հստակ ու պարզ է ասում։
– Այսինքն՝ Դուք չե՞ք մտածում, որ ինքն ընդդիմադիր կեցվածք կունենա։
– Կարծում եմ՝ այլընտրանքային։ Ինքն այսօր ղեկավարում է բավականին լուրջ կառույց, բավականին լուրջ աջակցություն է ցույց տալիս պետությանը և պետական մարմիններին, ինքը, իշխանության մեջ չլինելով, ամենամեծ աջակցությունն է ցույց տալիս հենց իշխանությանը։ Հիմա, եթե ինքն իրեն հայտարարի ընդդիմություն, սա ի՞նչ է նշանակում, ինքն իշխանությունների հետ որևէ հարաբերություն չունի՞։
– Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը, ինչպես նաև մյուս ընդդիմադիր դաշինքների ստեղծումը, թուլացնում են ՀՀԿ-ի դիրքերն ընտրություններում։
– ՀՀԿ-ն արդեն այնքան կայացած ու ձևավորված է… Ժողովուրդը, իշխանությունների նկատմամբ քննադատական, սուր հայացքներ ունենալով հանդերձ, չգիտես՝ ինչու, գնում են և քվեարկում են հենց այդ նույն քննադատված իշխանությունների օգտին։ Այդ առումով ՀՀԿ-ն բավականին լուրջ ուժեր ունի ու կարող է այդ ուժերն ընտրություններին հստակ օգտագործել, թեև իրենք ամեն ինչ անելու են, որ արդարության մաքսիմալ մակարդակ ապահովեն։ Մեր հասարակությունը պատրաստ է քվե տալ, մնում է այն, թե մեր ընդդիմադիր դաշտը ոնց կարող է այդ նույն հասարակությանն ուղղորդել՝ այլ ձևով քվեարկել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: