«Եթե վերադառնում է քաղաքականություն, ուրեմն ինչ-որ խնդիրներ կան, իրավիճակ է փոխվել». Լեռնիկ Ալեքսանյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
«Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, Ծառուկյանն ինքը պետք է պատասխան տա, որովհետև տարբեր երանգներ կան՝ իրավիճակի գնահատում կա, քաղաքականություն վերադառնալու նպատակներ կան։ Այդ հարցերին ես ենթադրություններ կարող եմ անել, բայց հստակ պատասխան չեմ կարող տալ, որովհետև իրավիճակ է փոխվել։ Տարբերակներ շատ կարող են լինել։ Համենայն դեպս, եթե ինքը վերադառնում է քաղաքականություն, ուրեմն ինչ-որ խնդիրներ կան, իրավիճակ է փոխվել։ Մնացածը՝ կապրենք, կտեսնենք»,- 168.am-ի ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է ժողովուրդը նորից վստահել քաղաքականություն վերադարձող Գագիկ Ծառուկյանին, երբ 2015 թվականին նա պայքարը լքեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո։
Դիտարկմանը, որ Ծառուկյանն իր հեռանալը հիմնավորում է արյունահեղությունը կանխելու նպատակով, արդյոք այժմ նորից արյունահեղության վտանգ չի՞ առաջանա, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նման վտանգ չկա. «Այսօրվա ընտրակարգն այլ է, քան նախորդը, և ես չեմ կարծում, որ արյունահեղության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Նաև այսօր Հանրապետական կուսակցությունն ավելի բաց է, և սա ընտրություններ են։ Ընտրություններում ընդամենը կշռում են ծանրությունը։ Ես նման վտանգ չեմ տեսնում»։
Թե ի՞նչ պետք է անի Ծառուկյանն առաջիկա տարիներին Ազգային ժողովում, երբ դեռևս գործող խորհրդարանի աշխատանքներին նա գրեթե չի մասնակցել, Լ.Ալեքսանյանը նշեց, թե պատգամավորը միայն խորհրդարանում չի, պատգամավորը նաև քաղաքական աշխատանք է, և պետք չէ ակտիվությունը կապել միայն ամբիոնին մոտենալու հետ.
«Դա քաղաքական աշխատանք է, որ և՛ դրսում է, և՛ ներսում։ Ծառուկյան Գագիկը, ինչ խոսք, խորհրդարանում ակտիվ չի եղել, բայց նրա փոխարեն՝ ակտիվ են եղել իր գործընկերները՝ իր որոշմամբ, կուսակցության որոշմամբ և առանց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», չեմ կարծում, թե պրինցիպիալ հարցերում քվեարկություն աներ։ Իսկ դրսում միշտ էլ, քանի կուսակցությունը կա, իր անվան հետ է կապվում, և դա քաղաքական գործունեություն է։ Այսինքն՝ պատգամավորը լոկ օրենսդիր աշխատանք չի անում։ Ես դրանով չեմ չափում պատգամավորի աշխատանքը, թե ինչքան է ամբիոնից ելույթ ունեցել, ինչքան է հարցուպատասխանի մասնակցել։ Դա շատ ավելի լայն է»։