«Հունվարի 20-ից հետո Ղարաբաղյան հակամարտության շուրջ դեռևս Օբամայի քաղաքականությունն ենք զգալու»

Հունվարի 20-ին Վաշինգտոն քաղաքի Քեփիթոլ Հիլլ շենքում, որն ԱՄՆ Կոնգրեսի նստավայրն է, կկայանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որով ԱՄՆ նորընտիր նախագահը պաշտոնապես կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։

Հունվարի 20-ից, ըստ էության, կսկսվի նոր նախագահի աշխատակազմի գործունեությունը։ Ընտրություններից հետո, ինչպես անձամբ Թրամփը, այնպես էլ իր օգնականները հրապարակային անդրադարձերում շեշտել են, որ երդմնակալության արարողությունից հետո է Թրամփը հստակեցնելու իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։

Մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների հարցում Թրամփի դիրքորոշմանը, նրա օգնական Քելիեն Քոնուեյը նշել է, որ ընտրված նախագահը պետք է այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնի անվտանգության և հետաքննության հարցերով իր թիմի հետ։ «Նա դեռ նախագահ չէ։ Երբ հունվարի 20-ին նա դառնա նախագահ, կհանդիպի այս հարցերով իր թիմի հետ և որպես նախագահ` որոշում կկայացնի, թե ինչ է պետք անել այս հարցով»,- ասել է Քոնուեյը։

Նշենք, որ հանրապետական սենատորներ Լինսի Գրեմն ու Ջոն Մըքքեյնը Թրամփին խորհուրդ են տվել պահպանել և շարունակել հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը, որը սկսել էր Բարաք Օբամայի աշխատակազմը։ Անձամբ Թրամփը ևս իր թվիթերյան միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է, որ մի շարք հարցերում փոփոխությունները կլինեն արդեն հունվարի 20-ից սկսած։

Անհայտ է նաև` կփոխվի՞ արդյոք ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թրամփի աշխատակազմի օրոք, քանի որ Դոնալդ Թրամփը երբեք չի անդրադարձել ԼՂ հակամարտությանը և Հարավային Կովկասին։ Թե ինչ փոփոխություններ պետք է ակնկալել հունվարի 20-ից հետո Թրամփի արտաքին քաղաքականությունից, «168 Ժամի» հետ զրույցում պարզաբանեց ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը։

Հիշեցնենք, որ Փոլ Գոբլը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը կից Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` որպես խորհրդական և հետազոտությունների տնօրեն։

Ըստ Փոլ Գոբլի` հնարավոր են մի քանի զարգացումներ, որոնք կարող են անակնկալ ընթացք ստանալ ամենակարևոր հարցերում։ Գոբլի կարծիքով` Թրամփն ավելի գլոբալ գործիչ է, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ գլոբալ հարցերում. բեկում մտցնել ռուս-ամերիկյան հարաբերություններում, ԱՄՆ-միջազգային կառույցներ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։

«Թրամփը կարծում է, որ ԱՄՆ ակտիվ արտաքին քաղաքականությունը պետք է սահմանափակվի ԱՄՆ-ի և ԱՄՆ-ին հավասար ուժերի համագործակցությամբ` ներքին խնդիրների վրա կենտրոնացումով։ Սակայն սրա հնարավոր ազդեցությունն այդքան էլ միանշանակ չէ։ Այսինքն` չենք կարող վստահորեն նշել, որ այս քաղաքականությունը դրական հետևանքներ կունենա Ռուսաստանի վրա և բացասական հետևանքներ Ռուսաստանի հարևանների վրա, որոնցից Թրամփի աշխատակազմը կձգտի հեռավորություն պահել ոչ միտումնավոր կերպով` այս տարածաշրջաններում կիրառելով պասիվ քաղաքականություն։ Ես մեծ ուշադրություն եմ հատկացրել Թրամփի նախընտրական խոստումներին։

Թրամփը խոստացել էր արդյունաբերության մոդեռնիզացիա, այդ թվում` էներգակիրների ոլորտում սահմանափակումների վերացում։ Եթե նա կատարի իր խոստումը, ապա ևս մի քանի նիշով ետ կմղվի Ռուսաստանի տնտեսությունը, որը վերջին տարիներին անդունդն է գլորվում էներգակիրների գնանկման հետևանքով։ Ինչ վերաբերում է հնարավոր նոր պատժամիջոցներին, որոնք պետք է ուժի մեջ մտնեն ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջացած վերջին մի քանի տարաձայնությունների շնորհիվ, մի շարք սենատորների առաջարկով, կարծում եմ, Թրամփի հավանությանը չեն արժանանա, քանի որ նա հակված չէ ընդլայնել պատժամիջոցները։

Սակայն ԱՄՆ-ի համար չեն վերացել այն պատճառները, որոնք հանգեցրել են նման պատժամիջոցների սանձազերծման, ուստի կարծում եմ, որ եղած պատժամիջոցները կպահպանվեն, սակայն նոր միջոցներ Ռուսաստանի դեմ չեն լինի։ Կարծում եմ` Ռուսաստանին բավարար կլինի նաև այն, ինչ Թրամփը կանի երկրի ներսում»,- նման տեսակետ հայտնեց ամերիկացի դիվանագետը։

Փոլ Գոբլի կարծիքով` այս դեպքում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ով է նշանակվելու ԱՄՆ պետքարտուղար, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչ հստակ է։ «Սակայն կասեմ, որ որոշ երկրների համար կարող են նույնիսկ անակնկալներ լինել, քանի որ այնուամենայնիվ Թրամփը համաձայն չի լինելու զիջել ԱՄՆ դիրքերը միջազգային անցուդարձում, ինչը Ռուսաստանը կգիտակցի ժամանակի ընթացքում»։

Վերջինիս համոզմամբ` ինչ վերաբերում է Ռուսաստանի հարևան տարածաշրջաններին, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ դերակատարությանը Թրամփի աշխատակազմի օրոք, այս ոլորտներում հարցերն այս աշխատակազմի համար երկրորդական տեղում են լինելու, տնօրինվելով երկրորդական պաշտոնյաների կողմից, ինչը նշանակում է, որ այս հարցերում շարունակվելու է նախորդ աշխատակազմի քաղաքականությունը։

Նրա համոզմամբ` այս հարցում հունվարի 20-ից հետո էական ոչինչ չի փոխվելու` ի տարբերություն ռուս-ամերիկյան, ամերիկաչինական հարաբերությունների, ինչը նշանակում է, որ Օբամայի թիմի ազդեցությունն ենք զգալու։

«Իհարկե, սա դրական զարգացում չի լինի ԼՂ հակամարտության և հայկական կողմերի համար։ Գուցե ՌԴ-ն փորձի օգտվել ԱՄՆ-ի պասիվ դիրքորոշումից, առաջ մղելով Ղարաբաղում սեփական ավանդական խաղը, որում Մոսկվայի նվերը Բաքուն կարող է լինել։ Իհարկե, իրադարձությունների նման զարգացման դեպքում հայկական շահերը կստորադասվեն։ Սակայն ես այն համոզմանն եմ, որ սակարկումները դեռ երկար կարող են շարունակվել` մինչև անգամ հասնելով Իրան-Ադրբեջան-ՌԴ երկաթուղային ճանապարհի ձևավորման ժամանակաշրջանին, իսկ դա դեռ ուրվագծման փուլում է»,- ասաց Փոլ Գոբլը։

Նա նաև հիշեցրեց, որ իր լիազորությունների իրականացմանն է անցել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ով շարունակում է ԱՄՆ համանախագահության աշխատանքը։

«Կարծում եմ` այստեղ մենք նորությունների ականատես չենք լինելու։ ԱՄՆ-ը իր դիրքորոշումը հայտնել է և շարունակում է համանախագահությունը այդ սկզբունքների հիման վրա»,- նշեց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս