Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս. Նախընտրական ցուցակների շուրջ ինտրիգը շարունակվում է

Քաղաքական կյանքում ներկայումս բուռն քննարկումների շրջան է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը, բացի մեկը մյուսի հետ հնարավոր նախընտրական դաշինքների շուրջ բանակցություններից, նաև ակտիվ քննարկում են կուսակցությունների նախընտրական ցուցակներն ու անելիքները։ Սահմանված ժամանակացույցի համաձայն` կուսակցություններն ու դաշինքները գրանցվելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը։

Երեկ հրապարակվեց առաջին մասնակի ցուցակը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացահայտեց իր համամասնական ցուցակի առաջին տասնյակին` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Համաժողովի 208 պատվիրակներ 1-10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին։

Արդյունքում` ՔՊ համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն է ստացել` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան, Ռոմանոս Պետրոսյան, Նարեկ Բաբայան և Տիգրան Ավինյան։ Այս ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին, իսկ դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության` կոնսենսուսի միջոցով։

«Լուսավոր Հայաստանի» խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը «168 Ժամի» հետ զրույցում տեղեկացրեց, որ դաշինքը նախապատրաստում է մեծ համաժողով, որը կլինի այս շաբաթվա վերջին, և որի ժամանակ կներկայացվի դաշինքի տեսլականը։ Ըստ նրա` արդեն որոշվել է նաև «Ելքի» կարգախոսը, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի համաժողովի ժամանակ։ Նախընտրական ցուցակի քննարկումները ԼՀ-ում դեռ շարունակվում են։ Է.Մարուքյանի խոսքով` իրենց գրեթե բոլոր թեկնածուները կառաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով, ընդ որում` եթե անձը համամասնական ցուցակում չկա, չի կարող առաջադրվել ռեյտինգայինով։ «Ելքի» ընդհանուր ցուցակի վերաբերյալ Է.Մարուքյանը նշեց, որ կուսակցություններում քննարկումներ են ընթանում, մարզերում ամեն մի գոտում թիմեր են ձևավորվում. «Ենթադրում եմ, որ մինչև փետրվարի սկիզբ կունենանք «Ելքի» ցուցակը։

Բոլոր տարածքները կփակենք մրցունակ թեկնածուներով, բայց թե քանի հոգի կլինի համամասնական ցուցակը, դեռ հայտնի չէ»։
Անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի պահանջին, որ կուսակցությունների համամասնական ցուցակի յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի (նախկինում` յուրաքանչյուր 5-րդը), իսկ ՔՊ-ի 10-յակի միայն մի թեկնածուն է կին, Է.Մարուքյանը նշեց, որ ԼՀ-ն կին թեկնածուներ շատ ունի և քվոտայի խնդիր չկա. «Չեմ կարծում, որ դաշինքի համամասնական ցուցակում կանանց պակաս լինի»։

Նախընտրական ցուցակների հարցն այս շաբաթ կքննարկի նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ ռեյտինգային և համամասնական ցուցակների հետ կապված քննարկումները սկսվել են. «Օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հինգշաբթի օրը գործադիր մարմնի հերթական նիստն է, որի ընթացքում կազմակերպչական հարցեր կքննարկենք, նաև կքննարկենք ցուցակների տեսքի հետ կապված հարցեր, բայց վերջնական դժվար թե այս շաբաթ ավարտենք աշխատանքները, հատկապես` մենք նաև նախընտրական ծրագրի վրա ենք աշխատում»։

Նա նշեց, որ նախընտրական ցուցակների հետ կապված աշխատանքները կավարտեն մինչև փետրվարի սկիզբ։ Է.Շարմազանովը վստահեցրեց, որ արհեստականորեն այդ գործընթացը չեն ձգձգի, բայց արհեստական էլ չեն շտապի և կներկայացնեն սահմանված ժամկետում։

Ինտրիգը, թե ո՞վ է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, կամ ո՞վ է դուրս մնալու դրանից, առայժմ պահպանվում է։ «Քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ, համաձայնեցված չէ ոչինչ»,- նկատեց Է.Շարմազանովը։
Անդրադառնալով կանանց ներկայացվածության խնդրին` նա ասաց, թե ՀՀԿ-ն կին թեկնածուների պակաս չունի. «ՀՀԿ կանայք շատ ակտիվ են։ Ցուցակում կլինեն կանայք, երիտասարդներ, ոչ կուսակցականներ, նոր գործիչներ, փորձառու գործիչներ, կլինեն նաև նոր մարդիկ։ Մենք մեզ չենք դավաճանում, մենք գնում ենք մեր սկզբունքներով»։
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ևս այս շաբաթ կքննարկի նախընտրական խնդիրները, այդ թվում` ցուցակի և շտաբի ձևավորման հարցերը։ Մոտ օրերս կայանալու է ՀԱԿ վարչության նիստը։ Մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները լռություն են պահպանում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի խոսքով` կուսակցությունում ընթացիկ աշխատանքային դրություն է. «Այսինքն` կան և շատ որոշակի վիճակներ, և կան հարցեր, որ դեռ քննարկման փուլում են։ Երբ վերջնական պարզ կլինի, հստակ կլինի նաև, թե քանի հոգուց բաղկացած կլինի ցուցակը։ Ժամանակից շուտ չընկնենք, իրերի բնականոն ընթացքը ցույց կտա»։
Կին թեկնածուների քանակի վերաբերյալ ՀՅԴ-ում մտահոգություն չկա։ «Կարծում եմ, որ գործող օրենսգրքի համապատասխան կին թեկնածուներ ներկայացնելու դժվարություն չենք ունենա»,- ասաց Ա.Համբարձումյանը։

«Բարգավաճ Հայաստանը» դեռևս սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին։ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` արդյոք հայտնի՞ է, թե Գագիկ Ծառուկյանը երբ պետք է անի իր հայտարարությունը։

«Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգը մնում է պարոն Ծառուկյանի հայտարարությունը, բայց մեկ բան կարող եմ ասել` Գագիկ Ծառուկյանը հայտարարություն կանի ճիշտ ժամին և ճիշտ պահին»,- ասաց նա։
Հարցին` ԲՀԿ-ում նախնական ցուցակներ կազմվո՞ւմ են մինչև Ծառուկյանի հայտարարությունը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Բնականաբար, կուսակցությունն աշխատում է, բայց բոլոր հարցերին ես կպատասխանեմ միայն Ծառուկյանի հայտարարությունից հետո»։

Տեսանյութեր

Լրահոս