Ինչպե՞ս են հնում նշել Ամանորը հայերը. Ի՞նչ պետք է պարտադիր լինի տոնական սեղաններին
Ամանորը մինչ օրս հայկական տոների մեջ ամենասիրելին ու ամենատարածվածն է։ Հնում հայերը ամանորյա ծիսական մթնոլորտ ստեղծելու նպատակով մառաններից տուն էին բերում մրգերի և չրերի շարաններ և կախում առաստաղից։
Ամանորյա միջոցառումները սկսվում էին դեկտեմբերի 30-31-ին ծիսական հացերի թխմամբ։ Ամանորին պարտադիր թխվում էր նաև տարեհաց։ Տարեհացի մեջ պարտադիր դրվում էր նաև «միջինք»՝ լոբի, սիսեռ, մետաղադրամ։
Ամանորյա հացերի մյուս տեսակները «ասիլիկ-վասիլիկ», «վասիլ» անունով հայտնի մարդակերպ հացերն էին՝ մարդկային կերպարանքներով։
Ամանորի սեղանին պարտադիր պետք է լինի աղանձ։
Հնում հայերը պատրաստել են նաև կճախաշ՝ կճուճի մեջ ողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թոնրի մեջ եփել են նաև տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։
Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաև անուշապուրը՝ տարբեր չրերով եփված ձավարը, պասուց տոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ։
Մարդիկ հավատում էին, որ Նոր տարվա սեղանի առատությունը պետք է ապահովի հաջորդ տարվա առատությունն ու բարօրությունը։
Հնում հայերը որպես տոնածառ օգտագործում էին զարդարված չոր ճյուղ, որի վրա գունավոր թելերից մրգեր ու չրեր էին կախվում։