Տնտեսական հարևանության մետաֆիզիկան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի այցը կարելի է անցնող 2016-ի կարևորագույն քաղաքական իրադարձություն համարել: Քաղաքական հարցերում մեր երկրները երբեք ակնհայտ տարաձայնություններ չեն ունեցել: Բայց բարիդրացիական հարաբերությունները ոչ մի կերպ չեն վերածվում լայնածավալ տնտեսական հարաբերությունների:

Մինչդեռ անկախության սկզբին այդ ոլորտում ստարտային շատ բարենպաստ պայմաններ ձևավորվեցին: 1993թ. աբխազական երկաթուղու փակումից հետո Իրանի հետ առևտրային հարաբերությունների շնորհիվ մեր երկիրը կարողացավ հաղթահարել վառելիքաէներգետիկ ճգնաժամը: Այդ տարիներին Իրանը մեր արտաքին տնտեսական հարաբերություններում շատ մեծ տեսակարար կշիռ ուներ: Հարևան երկիրն արտաքին առևտրում մեր երկրորդ կամ երրորդ գործընկերն էր:

Բայց 1990-ականների երկրորդ կեսից, երբ հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը, մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունն անկում գրանցեց: Քաղաքական փորձագետներն առ այսօր տնտեսական կապերի թուլացումը բացատրում են զուտ քաղաքական գործոններով: Նախ` Արևմուտքը` ԱՄՆ գլխավորությամբ, չէր խրախուսում մեր երկրների համագործակցությունը: Իսկ հետո՝ մասնավորապես 1997թ., երբ Իրանի հետ գազամուղի կառուցման ծրագիրը սկսվեց իրագործվել, պարզվեց, որ մեր տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի սրտով չի:

Տնտեսական ու քաղաքական փորձագետների կարծիքով` գազատարի նախատեսվածից երկու անգամ փոքր ծավալի խողովակաշարով կառուցելը Ռուսաստանի պարտադրանքի արդյունք էր:

Այլապես այդ գազատարով հնարավոր կլիներ ապահովել` Վրաստանի, հետագայում` նաև Ուկրաինայի գազամատակարարումը: Այդ պահից սկսած հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերլուծություններում հիմնական թեման ձեռքից բաց թողնված հնարավորություններն են: Սակայն 2016-ին աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ եղան: Նախ` Արևմուտքը թուլացրեց Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, որի արդյունքում մեր հարևան երկիրը վերադարձավ նավթի արտահանման շուկա:

Հետո սիրիական պատերազմի արդյունքում համընկան Իրանի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Սիրիական հակամարտության կարգավորման ոլորտում այս երկու երկրները դաշնակից են: Հիմա նրանց միանում է նաև Թուրքիան:

Իրանի նախագահի հայաստանյան այցի օրերին Մոսկվայում հանդիպեցին ՌԴ, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Ու հիմա թվում է, թե Հայաստան-Իրան համագործակցությանն այս պահին ո՛չ Արևմուտքը կխոչընդոտի, ո՛չ Ռուսաստանը: Բայց մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունները հատկապես վերջին տարիներին, մեղմ ասած, ոգևորիչ չեն:

Նախ` բերենք մեր արտահանման տվյալներն ըստ տարեթվերի: 2011-ին Հայաստանից Իրան արտահանվել է 106,3 մլն դոլարի ապրանք: 2012-ին՝ 108,5 մլն-ի, 2013-ին՝ 95 մլն-ի, 2014-ին՝ 85 մլն-ի: Անցած տարի ևս արտահանումը շարունակել է նվազել՝ կազմելով 82 մլն դոլար: Համարյա նույնաբնույթ կրճատվում է նաև ներմուծումը: 2011-ին ներմուծվել է 229 մլն դոլարի ապրանք: 2012-ին՝ 242 մլն-ի, 2013-ին` 194 մլն-ի: 2014-ին ցուցանիշը մի փոքր աճել է՝ 208 մլն, իսկ անցած տարի կրկին կրճատվել` կազմելով 183 մլն դոլար: Տնտեսական վիճակագրությունից ակնհայտ է, որ մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը երկուստեք ոչ շահավետ խոչընդոտներ ունի: Իհա՛րկե, կրկին կարելի է խոսել արտաքին խոչընդոտների մասին:

Բոլորս էլ հիշում ենք, որ հարևան երկրի դեսպանը մեկ-երկու անգամ բաց տեքստով հայտարարել է, որ իր երկիրը միշտ էլ պատրաստ է ավելի շահավետ պայմաններ առաջարկել գազի մատակարարման ոլորտում: Դեսպանի հայտարարություններին մեր քաղաքական ղեկավարությունից սովորաբար արձագանքում էր էներգետիկայի նախարարը` ասելով, որ իրանական գազի առաջարկվող սակագինն ավելի բարձր է ռուսականից: Շատերի կարծիքով` մեր պաշտոնատար անձանց հայտարարությունը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

Բայց մենք միշտ էլ ազգային «բարձր» գիտակցություն դրսևորելով` մեր նախարարին չենք պախարակել հարևան դեսպանի հետ հեռակա բանավեճում: Չենք պախարակել` ենթադրելով, որ մեր նախարարը հայտարարություններն անում է օտար պարտադրանքի տակ: Բայց այս խնդիրները կարծես քաղաքական լուծում են ստանում:

Հետևաբար` հետաքրքիր է դիտարկելը, թե ինչ են արտահանում ու ներմուծում հարևան երկիր: 2015թ. ներմուծման կառուցվածքում առյուծի բաժինը, բնականաբար, էներգակիրներինն է՝ մոտ 114 մլն դոլար:

«Աղ, ծծումբ, կրաքար, ցեմենտ, շինանյութ» ապրանքախմբով ներմուծումը երկրորդն է՝ մոտ 8 մլն դոլար: Մոտ 6,5 մլն դոլարի պարարտանյութ է ներմուծվել, 3,3 մլն դոլարի միրգ, 3,6 մլն դոլարի բանջարեղեն: Մյուս ապրանքախմբերը շատ ավելի փոքր ծավալ ունեն: Մեր արտահանումների մեջ նկատելի է միս-մսամթերքի ցուցանիշը՝ մոտ երեք մլն դոլար: Եթե, իհարկե, չխոսենք էլեկտրաէներգիայի արտահանման մասին: Մյուս ոլորտները չափազանց ցածր ծավալ ունեն:

Իսկ դա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մեր երկրների տնտեսական հարաբերություններն ամենևին էլ չեն արտահայտում իրենց հնարավորությունները և հիմնականում արտաքին ազդակների ազդեցության տակ են ձևավորվում: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը, հնարավոր է, փոխի իրավիճակը:

Եվ հնարավոր է, որ վերջապես տեսնենք իրական տնտեսական հարաբերություններ: Օրինակ` հանրահայտ երկաթուղու կառուցումը, որ խոստումի տեսքով մեզ մատուցվում է տարիներ շարունակ:

Տեսանյութեր

Լրահոս