«Եթե օտարերկրյա ներդրողը տեսնում է, որ ներքին ներդրողը ձեռնպահ է, հետևություններ է անում». Գարեգին Մելքոնյան
Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ
– Պարոն Մելքոնյան, կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է հատկապես արտաքին աղբյուրներից ներդրումների ներգրավման առաջնահերթությունը։ Սակայն արդյո՞ք մենք մեր տեղական ֆինանսական ռեսուրսներն արդյունավետ ենք օգտագործում, ինչո՞ւ է Հայաստանից դուրս հանվում փողը։
– Լավ հարց է, քանի դեռ ներքին պոտենցիալ ներդրողն ավելի մեծ ծավալի ներդրում Հայաստանում չի իրականացնում, արտաքին ներդրումների տեսանկյունից մեծ հոսք ակնկալելն առնվազն դժվար կլինի։ Արդյոք ներքին ֆինանսական գործընթացները և ներքին ներդրումները բավարար չափով ներգրավո՞ւմ կամ նպաստո՞ւմ են տնտեսական զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես պետք է անկեղծ լինեմ և կարծում եմ, որ կարող է լինել ավելին։
Բացատրեմ, թե ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանում այսօր ունենք մի իրավիճակ, որ ֆինանսական միջոցները պետք է լինեն ավելի երկարաժամկետ, համեմատաբար ավելի մատչելի, և իրենց բնույթով ավելի հասանելի, հատկապես` փոքր բիզնեսի համար։ Այսօր բանկային համակարգում փաստ է ձևավորվել, որ, եթե համեմատենք ֆինանսական տարբեր գործիքների ներքո գործող պայմանները` վարկեր և այլն, մենք ամենալավ իրավիճակում չենք այդ տեսանկյունից, և դա իրականություն է, դա որակում չէ։
Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ սա ինչ-որ չափով նաև այն ճգնաժամի հետևանք է, որ մենք տեսանք վերջին տարիների ընթացքում, ոչ Հայաստանից սկսած։ Ես նկատի ունեմ 2014 թ. վերջին ռուսական ֆինանսական շուկայի խիստ զգալի ցնցումը, որն անմիջապես իր ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի վրա։ Այդ պահին Հայաստանի պետական համակարգը պետք է որոշակիորեն արձագանքեր, որպեսզի նմանատիպ շոկային ֆինանսական վիճակ Հայաստանում չստեղծվեր։
Գործիքները ներդրվեցին, հակազդեցությունը եղավ, բայց ժամանակի ընթացքում, երբ պայմանները մեղմվում են, դու պետք է նորից գործիքները թուլացնես, ինչը, ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շրջանում Կենտրոնական բանկն անում է` պահուստավորման, վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասով պայմանները մեղմվում են, և այսօր վարկերը, ի տարբերություն, ենթադրենք, 1-1.5 տարի առաջվա, համեմատաբար ավելի իջել են։ Արդյոք սա բավարա՞ր է։ Ես` որպես Տնտեսական նախարարությունը ներկայացնող անձ, կարծում եմ` դեռևս ոչ։
Միգուցե, ֆինանսական ոլորտի մասնագետները նշեն, որ սա ունի իր որոշակի հիմնավորվածությունը, չեմ վիճում, բայց կարծում եմ` մեր այսօրվա տնտեսությունը կարիք ունի առավել մրցակցային, երկարաժամկետ և էժան ֆինանսական ռեսուրսների։ Կա՞ն արդյոք այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում։ Կարծում եմ` կան։ Եթե դուք ուսումնասիրեք բանկային համակարգի ֆինանսական ապահովվածությունը, կտեսնեք, որ այնպես չէ, որ մենք այնտեղ ռեսուրս չունենք։
Այստեղ պետք է ճիշտ գործիք ընտրել` պահպանելով մեր ֆինանսական կայունությունը և անվտանգությունը, նկատի ունեմ բանկային համակարգը, և գլոբալ առումով, բայց միաժամանակ, որպեսզի այդ միջոցներն ավելի հասանելի լինեն տնտեսության և մասնավոր հատվածի համար։ Սա կարևոր է, որովհետև սա գեներացնում է տնտեսական ակտիվություն, սա գեներացնում է բիզնեսի իրականացման տեմպ, որը, բնականաբար, իր հետ կակտիվացնի նաև օտարերկրյա ներդրողին։
Օտարերկրյա ներդրողն առաջին հերթին` կախված չէ մեր ֆինանսական կառույցներից, ինքն ավելի շատ նայում է գործընթացները, բայց միանշանակ է, որ, եթե որևէ ներդրող տեսնում է, որ ներքին ներդրողը դեռ ձեռնպահ է, միջոցներն առավելապես պահում է բանկային համակարգում, հետևություններ է անում, լավ մասնագետի համար դա հետևություն անելու պատճառ է։ Բայց ես չեմ ասում, որ սա արգելում է կամ ետ է պահում նրանց։
– Այստեղ քաղաքական գործոններն ավելի մեծ դեր չունե՞ն, քանի որ ֆինանսական ռեսուրսը մեծամասամբ կուտակված է իշխանական կամ մերձիշխանական շրջանակների ձեռքում, և նրանք գերադասում են ներդնել արտերկրում ցածր տոկոսներով, քան Հայաստանում։ Ավելի շատ վաղվա օրվա վրա վստահության հարց չէ՞։
– Դուք մի քիչ ուրիշ կողմից հարցին մոտեցաք` մի քիչ քաղաքականացված, մի քիչ նաև որակում տալով։ Ես միշտ փորձում եմ հարցը վերլուծել և հարցի լուծումը տեսնել մասնագիտական հարթության մեջ։
Մենք մասնավոր հատվածում մեծ թվով շատ հաջողված բիզնեսներ ունենք, վստահեցնում եմ ձեզ, որոնք որևէ ձևով պետական կառավարման համակարգի հետ կապակցված չեն, և ամենը կապել ու նման որակում տալ, որ` «դե, մենք խոսում ենք նույն մարդկանց մասին», ես չէի համաձայնի։ Հայաստանը մեծ երկիր չէ, բնականաբար, մենք կարող ենք տարբեր կառույցներում աշխատող մարդիկ ունենալ, որոնք կամ իրենց մերձավոր շրջապատն ինչ-որ ձևով կապված լինի կամ առնչություն ունենա որևէ մասնավոր հատվածի հետ։
Այստեղ կարևոր է՝ գործող օրենսդրության կարգավորման տեսանկյունից կա՞ որևէ խախտում, թե՞ ոչ։ Ամեն ինչ պետք է նայել գործող օրենսդրության տեսանկյունից։ Ես կողմ չեմ որակումներ կամ ընդհանուր բնույթի գնահատականներ տալուն։
– Գործող օրենսդրության հետ կապված` հաճախ ներդրողները խնդիրներ են ունենում, և գործը հասնում է դատական ատյաններին, բայց բիզնեսի դժգոհությունը դատարաններից նույնպես հայտնի է ու չի պակասում, ըստ հարցումների` դատական համակարգն ամենակոռումպացվածներից մեկն է։ Ի՞նչ եք կարծում, քանի դեռ արդարադատությունը կաղում է, և բիզնեսը վստահություն չունի դատարանների հանդեպ, հարցի լուծումը ո՞րն է։
– Տեսեք, դա նորից ընդհանուր որակում է, և ձեր հարցն ու խոսքը կառուցում եք նման որակման վրա։ Դուք իրավունք ունեք նման կարծիք ունենալու։
– Բայց դա բիզնեսն է ասում, վերջերս ռուսական ՎՏԲ բանկի ներկայացուցիչներն էին դժգոհում։
– Միգուցե այդ գնահատման մեջ կունենաք որոշակի թվով համակիրներ, բայց բոլո՞ր բիզնեսմեններն են այդ կարծիքին։ Հիմա գուցե մի ռուս ներկայացուցիչ խոսի, իր կարծիքը ներկայացնի, ես չեմ կարող առանձին կարծիքներ մեկնաբանել։
Հայաստանում, երբ մտածում են, որ գործարարության այս կամ այն սահմանափակումները կան, իմ արձագանքը հետևյալն է` որոշեք ձեր բիզնեսը, սկսեք անել, ցանկացած խնդիր, որն ունենաք օրենսդրական կարգավորումից դուրս, ինչքան հնարավոր է` հրապարակայնացրեք փաստերով հանդերձ։
Դուք կարող եք ասել, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան էր ուզում անել, բայց մտածեց, որ չի կարող անել, որովհետև ինչ-որ մեկն ասել էր, թե ինքը ոնց որ թե չի էլ կարողանալու անի։ Լո՞ւրջ է սա։ Ի՞նչ է պետք անել։ Պետք է զբաղվել` կոնկրետ հղվելով օրենսդրության վրա, և, եթե որևէ խնդիր կառաջանա օրենսդրությունից դուրս, հիմքերով հանդերձ հրապարակայնացնել ու դիմել համապատասխան ատյաններին։
Եթե մտավախություն ունեն, որ համապատասխան ատյաններն ակտիվ, կարճաժամկետ պատասխան չեն տա, այդ ընթացքն էլ հրապարակայնացրեք։ Ես չեմ ուզում օրինակներ բերել` առևտրից սկսած և մնացած բոլոր ոլորտներով։ Բոլորն ասում են… Ասելու փոխարեն` արեք, խնդիր կինի` մաքսիմում հրապարակայնացրեք։