Որքան են աշխատում և որքան են վաստակում Հայաստանի կանայք ու տղամարդիկ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան` Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց ներգրավվածության, զբաղվածության մակարդակի, եկամուտների և ծախսերի տարբերության մասին։ Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանի հետաքրքիր մասեր։
Սկսենք աշխատանքային ռեսուրսներից։ 2015 թվականի վերջի դրությամբ Հայաստանում աշխատանքային ռեսուրսները (աշխատունակ բնակչության թիվը) կազմել է 2107 հազար մարդ։ Այս թվի մեջ մեծ մասը` 1167-ը կամ 55%-ը, կանայք են։ Ընդ որում, կանայք գերակշռում են բոլոր տարիքային խմբերում, բացառությամբ 15-19 տարեկանների։ Իսկ սեռային անհավասար բաշխումը հատկապես խորանում է 39 տարեկանից բարձր գրեթե բոլոր տարիքային խմբերում։
Չնայած դրան` կանանց մեջ գերակշռում է տնտեսապես ակտիվ բնակչության կշիռը։ Այսպես, տղամարդկանց դեպքում աշխատանքային ռեսուրների մեջ 60%-ը զբաղվածներ են, 13%-ը` գործազուրկներ, 27%-ը` տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներ։ Իսկ կանանց դեպքում տնտեսապես ոչ ակտիվների կշիռը 45% է։ Գործազուրկները 11% են, զբաղվածները` 44%։
Զեկույցի համաձայն` 2015 թվականին 15-75 տարեկան կանանց 46%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել` հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ։
Ընդհանրապես, տնտեսապես ոչ ակտիվ բնակչության չաշխատելու պատճառները հետաքրքիր ձևով տարբերվում են տղամարդկանց և կանանց միջև։
533 հազար չաշխատող կանանցից 197 հազարը` որպես չաշխատելու գլխավոր պատճառ` նշել է` ընտանեկան հանգամանքները։ Տղամարդկանց դեպքում պատկերն այսպիսին է. 258 հազար տղամարդկանցից միայն 1000-ն են ընտանեկան հանգամանքներն աշխատանքի խոչընդոտ համարել։ 533 հազար չաշխատող կանանցից 71 հազարը` որպես չաշխատելու պատճառ` նշել են այն, որ աշխատանք գտնելու հույս չունեն։
258 հազար չաշխատող տղամարդկանցից 29 հազարն է նշել այդ նույն պատճառը։ Տոկոսային ձևով դիտարկելու դեպքում ստացվում է, որ հուսազուրկների (պաշտոնական վիճակագրության մեջ հենց այդ արտահայտությունն է օգտագործված) տեսակարար կշիռը չաշխատող կանանց թվում 13.3% է, իսկ տղամարդկանց դեպքում` 11.2%։
Այսինքն, տղամարդիկ այս հարցում ավելի լավատես են և չեն կորցնում աշխատանք գտնելու հույսը։
Ինչպես նշվում է զեկույցում, տնտեսական ակտիվության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ 15-75 տարեկան արական սեռի բնակչության 73%-ն աշխատանք է փնտրում, մինչդեռ իգական սեռի բնակչության 54%-ն է, որ զբաղված է կամ փնտրում է աշխատանք։
Զեկույցը նաև փաստում է, որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հիմնականում վարձու աշխատողներ են։ Գործատուների և ինքնազբաղվածների մեծամասնությունը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց։
Մի հետաքրքիր առանձնահատկություն ևս. պետական հատվածում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ Այսպես, տնտեսության պետական հատվածում զբաղված 261 հազար զբաղվածներից 151 հազարը (58%-ը) կանայք են, 110 հազարը (48%-ը)` տղամարդիկ։
Ոչ պետական հատվածում զբաղվածների թիվը 813 հազար է, որից 360 հազարը (44%-ը) կանայք են, 453 հազարը (56%-ը)` տղամարդիկ։
Ըստ զեկույցի` ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց։ Տղամարդիկ ավելի հաճախ են ներգրավված նաև բարձր և միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան կանայք։
Փոխարենը` տղամարդիկ ավելի շատ են աշխատում։ Զեկույցում նշվում է, որ տղամարդիկ ավելի շատ են աշխատում, քան կանայք` անկախ տնտեսության ոլորտից և աշխատանքային-իրավական հարաբերությունների բնույթից։ Օրինակ, լրիվ աշխատանքային օրով աշխատում է զբաղված կանանց 50%-ը, զբաղված տղամարդկանց` 57%-ը։ Ոչ լրիվ աշխատանքային օրվա տեսանկյունից շեղումն ավելի մեծ է` զբաղված կանանց 41%-ն է ոչ լրիվ օր աշխատում, տղամարդկանց` 23%-ը։ Իսկ լրիվ աշխատանքային օրվանից ավելի աշխատում են զբաղված տղամարդկանց 20%-ը, մինչդեռ կանանց դեպքում այս ցուցանիշը 9% է։
Այսքանից հետո, թերևս, զարմանալի չի հնչի, որ տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք։ Զեկույցի համաձայն, թեպետ վերջին 10 տարիների ընթացքում 10.8 տոկոսային կետով կրճատվել է կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերի (վաստակների) տարբերությունը, սակայն այն դեռ շարունակում է զգալի մնալ։ 2015թ. ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի 66.5%-ը կամ վարձատրության սեռային խզվածքը կազմել է 33.5%։
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա 2015 թվականին տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 203657 դրամ, կանանցը` 135492 դրամ։
Աշխատավարձերի ամենամեծ տարբերությունը ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում է. այստեղ կանանց աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի 57.3%-ն է (294737 դրամը` 514651 դրամի դիմաց)։
Իսկ ամենահավասարակշռված վիճակը գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում է. տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 114738 դրամ է, իսկ կանանցը` դրա 94.9%-ը` 108844 դրամ։
Զեկույցը տվյալներ է ներկայացնում նաև գործազրկության տևողության վերաբերյալ։ 2015թ. 5 գործազուրկից 3-ի (61%) աշխատանք փնտրելու տևողությունը գերազանցել է մեկ և ավելի տարին (երկարատև գործազրկություն) և կարող է հանգեցնել աշխատանք գտնելու հնարավորությունների սահմանափակման և դրանից բխող տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բազմաթիվ բացասական հետևանքների։
Երկարատև գործազրկության մակարդակը (ԵԳՄ) հատկապես բարձր է կանանց շրջանում` կազմելով իգական սեռի գործազուրկ բնակչության 64%-ը։ Տղամարդկանց դեպքում ԵԳՄ-ն կազմում է 57%։ ԵԳ ունեցողների 54%-ը կանայք են, 46%-ը` տղամարդիկ։