«Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի գտնում բջջային հեռախոսների ազատականացումը քրեակատարողական հիմնարկներում». Արթուր Օսիկյան
Հարցազրույց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ
– Քրեակատարողական հիմնարկներում ցուցաբերվող բուժսպասարկման որակը, հավանաբար, ամենաքննարկվող հարցերից մեկն է։ Այս առումով առկա են բազմաթիվ դժգոհություններ, իսկ հուլիսին, երբ «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամներ տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, խոսվեց նույնիսկ հիվանդասենյակում խավարասերների առկայության մասին։ Ի՞նչ խնդիրներ կան բուժսպասարկման որակի ապահովման առումով, և ի՞նչ քայլեր են կատարվում՝ անազատության մեջ պահվող անձանց՝ որակյալ և ժամանակին բուժօգնության ցուցաբերումն ապահովելու համար։
– Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով՝ հիմնարկի ստացիոնարում բուժում ստացող անձանց պատշաճ բուժսպասարկումն ապահովելու համար, և պնդումները, թե հիմնարկի հիվանդասենյակները գտնվում են անմխիթար վիճակում, նրանցում վխտում են խավարասերներ, ուղղակի անհիմն են, որոնցում բազմիցս համոզվել են նաև բուժում ստացող անձանց փաստաբաններն ու ներկայացուցիչները։
Հարկ է նշել, որ քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ հսկողությունն այլ ձևաչափ է ստացել 2015 թվականից, երբ բացառապես բոլոր հիմնարկներում սկսեցին ամբողջ ծավալով իրականացվել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ, ինչը և շարունակվում է մինչ օրս: Ուշադրության է արժանի այն, որ առաջին անգամ բոլոր ՔԿ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են նաև դեզինֆեկցիոն (ախտահանման, մակաբույծների ոչնչացման) և դեռատիզացիոն աշխատանքներ, որպիսիք նախկինում երբևէ չեն իրականացվել:
– Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում խոսվում էր բժշկական սարքավորումներով և գործիքներով հագեցածության, անազատության մեջ գտնվող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ժամանակին տրամադրելու հետ կապված խնդիրների մասին։ Որևէ առաջընթաց կա՞ այս առնչությամբ։
– Քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման որակի և հասանելիության ուղղությամբ ծառայության կողմից իրականացված բազմակողմանի գործունեության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից համատեղ մշակվել և արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը, որի ընդունմամբ բժշկական սպասարկման ոլորտում կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:
Անհրաժեշտ է նշել նաև Եվրամիության ֆինանսավորմամբ արդեն իսկ մեկնարկած «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի մասին, որը նույնպես միտված է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի բարելավմանը: Ի թիվս բուժսպասարկման ստորաբաժանումները որակյալ կադրերով համալրելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, հարկ է հիշատակել նաև քրեակատարողական ծառայության օրենսդրական նախաձեռնության մասին, ըստ որի՝ նախատեսվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները՝ վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:
– Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են համարվում ոչ միայն պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, այլև դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը: Այս առումով նաև իրավապաշտպանների կողմից հաճախ են մտահոգություններ հնչում, որ դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական զբաղվածությունն անհրաժեշտ չափով ապահովված չէ, ուղղվելու փոխարեն՝ անազատության մեջ հայտնվող անձինք սերտաճում են քրեական օրենքների հետ։ Ի՞նչ ծրագրեր են անցկացվում այժմ ՔԿՀ-ներում և ի՞նչ ծրագրեր կան։
– Կալանավորված անձանց և դատապարտյալների վերասոցիալականացման (անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմանների, ինչպես նաև զբաղվածության ապահովում) խնդիրները, որպես կարևորագույն ուղղություններ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի ուժով ընդգրկված են նաև ծառայության խնդիրների շարքում, ուստի և դրանց արդիականացման հրամայականները մշտապես հաշվի են առնվում քրեակատարողական քաղաքականության մշակման գործընթացում: Նախ, նպատակահարմար է ներկայացնել անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացման ուղղությամբ 2016թ. ընթացքում իրականացված աշխատանքները, այնուհետև՝ անդրադառնալ 2017թ. ընթացքում նախանշված հեռանկարներին: 2016թ. 11 ամիսների ընթացքում աշխատանքով ապահովվել են 606 դատապարտյալներ, ինքնագործ միավորումներում ընդգրկվել՝ 276-ը:
Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը (65-ը՝ հանրակրթական, 114-ը՝ մասնագիտական, արհեստագործական, 8-ը՝ բարձրագույն և հետբուհական)։ Բացի այդ, 2016թ. 11 ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մշակութային, լուսավորչական, մարզական և կրոնական 319 միջոցառումներ, որոնց մասնակցել են 8.126 դատապարտյալներ և կալանավորված անձինք, ինչպես, օրինակ՝ «Աբովյանի Թիվ 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում անցկացված համակարգչային դասընթացները, «Աբովյան» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 27.01.2016թ-13.04.2016թ. անցկացված ծնողավարման դասընթացները, նույն ՊՈԱԿ-ի միջոցով կազմակերպված կավագործության, զարդարվեստի և փայտի փորագրության դասընթացները, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի և Լիտվայի դեսպանատան աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում անցկացված վարսահարդարման դասընթացները, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացները, ՀՀ Փաստաբաննների պալատի փաստաբանների և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ իրավաբանների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալներին պարբերաբար տրամադրված իրավաբանական խորհրդատվությունները: Այս ասպեկտում հարկ է հիշատակել նաև անազատության մեջ պահվող անձանց անձը հաստատող փաստաթղթերով փաստաթղթավորելու ուղղությամբ իրականացված գործողությունները, ինչը տասնամյակներ շարունակ դասվել է անլուծելի հիմնախնդիրների շարքին:
Արդյունքում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, շուրջ 400 (180-ը՝ 2016թ.-ի) դատապարտյալներ և կալանավորված անձինք փաստաթղթավորվել են նույնականացման քարտերով՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում լիարժեքորեն իրացնելով իրենց իրավունքները: Անկասկած պետք է փաստել, որ ԽՍՀՄ տարիներին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ իրականացված միջոցառումների ծավալն ու ընդգրկվածությունն անհամեմատելի են ներկայիս պայմանների հետ (հիմնականում աշխատանքով ապահովվածության), ուստի և, այդ գիտակցումով պայմանավորված՝ ծառայությունն արդեն իսկ նախանշել է 2017թ. քրեակատարողական հիմնարկներում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները, որի արդյունքում կապահովվի թե՛ անազատության մեջ պահվող անձանց օգտակար (այդ թվում՝ ֆինանսական) զբաղվածությունն ու վերասոցիակալանացման արդյունավետ կայացումը, և թե՛ քրեակատարողական համակարգի կայուն զարգացումը:
– ՔԿՀ-ներում խնդրահարույց է նաև մոլեխաղերի տարածվածությունը։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում խնդրի դեմ պայքարելու, երևույթը հնարավորինս բացառելու ուղղությամբ։
– Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով և նախականխիչ գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ հղումներով՝ կապված արգելված իրերի հայտնաբերման դինամիկայի հետ: Հարկ ենք համարում պարզաբանել նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները դիտավորությամբ խախտողներ, ինչպիսիք են նաև մոլեխաղով զբաղվելու փորձ կատարողները, վերջիններիս նկատմամբ անխուսափելիորեն կիրառվում են կարգապահական պատասխանատվության միջոցներ:
– Մեծ թիվ է կազմում քրեակատարողական հիմնարկներից առգրավված բջջային հեռախոսների քանակը։ Մի կողմից՝ եթե չեմ սխալվում, դեմ եք բջջային հեռախոսների ազատականացմանը, մյուս կողմից՝ դա հնարավորություն է՝ հարազատների հետ շփվելու։ Ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորումը։
– Չբացառելով երևույթի տարատեսակ դրսևորումներով գոյությունը՝ այնուամենայնիվ, գտնում ենք, որ բջջային հեռախոսների ներթափանցման վերաբերյալ հնչեցված կարծիքները շատ դեպքերում չափազանցված են: Հարկ է նշել, որ ծառայության կողմից մշտապես վերլուծվում են բջջային հեռախոսների ներթափանցման ուղիները, իրականացվող ուսումնասիրությունների և ծառայողական քննությունների շրջանակներում ձեռնարկվում են տարաբնույթ միջոցառումներ (այդ թվում՝ օպերատիվ) պարզելու հեռախոսների ներթափանցմանն առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը, ծառայության կազմակերպման թերություններն ու բացթողումները, արդյունքում՝ մշակելով հստակ և թիրախավորված ռազմավարություն՝ բացառելու արգելված իր հանդիսացող բբջային հեռախոսների ներթափանցման դեպքերը:
Հարկ է նշել նաև, որ բջջային հեռախոսների ներթափանցման խնդիրն արդիական է բոլոր զարգացած երկրների քրեակատարողական համակարգերում, որոնց դեմ մշտապես պայքարի տարբեր տեխնիկական գործիքներ են մշակվում:
Մեր կարծիքով` բջջային հեռախոսների ներթափանցման դեմ պայքարի արդյունավետության մասին է վկայում նաև հայտնաբերված և առգրավված հեռախոսների քանակը, որը 2016թ. 11 ամիսների ընթացքում արդեն իսկ հասել է շուրջ 2000-ի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Քրեակատարողական ծառայությունը, անվտանգության նկատառումներով պայմանավորված, նպատակահարմար չի գտնում բջջային հեռախոսների ազատականացումը քրեակատարողական հիմնարկներում, ինչը գրեթե բոլոր առաջադեմ երկրներում նույնպես դասվում է արգելված իրերի շարքին:
– Հարցազրույցներից մեկում խոսել էիք հարազատների հետ շփման նպատակով Skype-ի ներդրման հավանականության մասին։ Ի՞նչ ընթացքում է նախագիծը, որքա՞ն ժամանակ անց այն կարող է իրականություն դառնալ։
– Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հարազատների հետ շփումներն առավել արդիական չափորոշիչներով կանոնակարգելու և կազմակերպելու անհրաժեշտությունը ևս քննարկվել է Քրեակատարողական ծառայությունում, որի արդյունքում տարեսկզբին ծառայության նախաձեռնությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության 2006թ. թիվ 1543-Ն որոշման մեջ (ներքին կանոնակարգ) փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծ, որով նախատեսվել է ՔԿ հիմնարկներում պահվող անձանց շփումները հարազատների հետ կազմակերպել նաև տեսազանգի (skype) միջոցով: Հետագայում, նախագծի վերաբերյալ ստանալով շահագրգիռ մարմինների կարծիքներն ու նկատառումները, անհրաժեշտություն է առաջացել կրկին ուսումնասիրել միջազգային փորձը:
– Արգելված իրերի հայտնաբերման շրջանակներում պարբերաբար խոսվում է նաև թմրամիջոցների մասին։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ-ներ դրանց ներթափանցումը և շրջանառությունը կանխելու համար։
– Ինչպես ՀՀ, այնպես էլ բոլոր զարգացած երկրների քրեակատարողական համակարգերի ամենօրյա կարևորագույն խնդիրների շարքին է դասվում արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարը, որն անընդհատ կատարելագործվում է՝ անազատության մեջ պահվող անձանց կողմից հակաօրինական նորարարություններ կիրառելուն համահունչ: Ասվածից բացառություն չէ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, որի դեմ պայքարն ազգային ռազմավարության ողջ ծավալով իրականացվում է նաև քրեակատարողական համակարգում: Քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվում ՀՀ այլ իրավապահ մարմինների նկատառումներն ու առաջարկությունները ևս՝ շատ հաճախ նախականխիչ միջոցառումներն իրականացնելով համատեղ ուժերով:
Պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշտապես օգտագործվում են Քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ուժերն ու հնարավորությունները, այդ թվում՝ նաև օպերատիվ: Իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը վկայում է այն մասին, որ ինչքան արդիականացվում են իրավապահ համակարգի պայքարի միջոցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնքան «կատարելագործվում» են իրենց նպատակին հասնելու ուղղությամբ օրինախախտ անձանց գործադրած միջոցները, որոնց բազմազանության և ծառայության արդյունավետ նախականխման վերաբերյալ հանրությունը բազմիցս իրազեկվել է (պատրաստվել են ամենատարբեր թաքստոցներ՝ կենցաղային իրերի, սննդամթերքի, մրգերի, կահույքի և այլն):
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ միջոցների շարքին է դասվում նաև մեթադոնային փոխարինող բուժումը, որը ազգային ծրագրերի շրջանակներում լայնորեն կիրառվում է նաև քրեակատարողական հիմնարկներում:
– ՔԿՀ–ներում գերբնակեցման, վատ վերաբերմունքի, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ–կենցաղային անբավարար պայմանների խնդիրների մասին խոսվում էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գործարկումը որքանո՞վ է նպաստել գերբնակեցման խնդրի լուծմանը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
– Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ քրեակատարողական հիմնարկների ընդհանուր բնակելի մակերեսն առավել քան բավարար է քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված 4քմ բնակտարածքով անազատության մեջ պահվող յուրաքանչյուր անձին ապահովելու համար, և գերբեռնվածության խնդիրները մշտապես ծագել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանավորված անձանց առանձին պահելու օրենսդրական սահմանափակումները պահպանելու արդյունքում, որի անտեսումը կհանգեցներ անկանխատեսելի հետևանքների:
«Արմավիր» ՔԿՀ-ի բացման (2014թ. նոյեմբեր), դրա բոլոր մասնաշենքերի ամբողջական շահագործման (15.12.2015թ.), նրանում կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմի ավելացման, ինչպես նաև «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորվածներին պահելու վայր սահմանելու արդյունքում աստիճանաբար լուծվել է քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբեռնվածության խնդիրը՝ վերջնականապես վերանալով 16.02.2016թ.: Անազատության մեջ պահվող անձանց բնակության պայմանների բարելավման նպատակով իրականացվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Վանաձոր», «Կոշ», «Արթիկ», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում (խցերում և կացարաններում), կարանտինային մասնաշենքերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, հանձնուքների ընդունման սենյակներում, բուժմասերում, հիվանդասենյակներում, ճաշարաններում, սանհանգույցներում և այլ ենթակառուցվածքներում:
Բացի այդ, ավարտին է հասցվել Քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը։
Հիշյալ ծրագրի շրջանակներում «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:
– Մշտապես քննարկվում է այն հարցը, որ ՔԿՀ-ներում որոշ անձինք գտնվում են արտոնյալ պայմաններում, առավել բարեկարգ խցերում, իսկ ՄԻՊ զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ ազատազրկված անձանց բաշխումը ոչ միշտ է պայմանավորված եղել օրենսդրությամբ սահմանված պահանջներով: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում՝ անհավասար վերաբերմունքը բացառելու ուղղությամբ։
– Վերջին տարիներին վերանորոգվել են շուրջ 400 խցեր և բնակելի կացարաններ (ընդհանուրի կեսից ավելին): Յուրաքանչյուր տարի, առկա հնարավորությունների շրջանակներում, պլանավորվում և բարեկարգվում են անազատության մեջ պահվող անձանց բնակելի խցերն ու կացարանները, սանհագույցները, ճաշարանները, տեսակցությունների սենյակները և այլն: Բացի այդ, հարկ է նշել, որ քրեակատարողական հիմնարկների ոչ պատշաճ վիճակում գտնվող բոլոր խցերի վերանորոգման նախաձեռնություններն ընդգրկվել են քրեակատարողական համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերում:
Ինչ վերաբերում է խցերի միջև առկա տարբերությանը, ապա այն պայմանավորված է նրանցում պահվող դատապարտյալների ցանկություններով և հնարավորություններով՝ օրենքով չարգելված միջոցներով խցերը բարեկարգելու և կահավորելու իմաստով:
– Խնդիրներ էին առաջանում նաև ռեժիմների փոփոխության հետ, երբ անձը ենթակա է տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ, սակայն տեղ չլինելու պատճառով՝ նրա տեղափոխումը հետաձգվում է, ինչի հետևանքով սահմանափակվում են դատապարտյալի իրավունքները։ Ինչպե՞ս են լուծվում այս խնդիրները։
– ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում անդրադարձ է կատարվել «Աբովյան» ՔԿՀ-ում բաց ուղղիչ հիմնարկի լրակազմով սահմանված քանակի ոչ բավարար լինելու խնդրին, որին ի պատասխան՝ պարզաբանվել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ի բաց տիպի ուղղիչ հիմնարկի դատապարտյալների լրակազմի քանակի ավելացումը կախված է հիմնարկի տեխնիկական և ֆինանսական հնարավորություններից։ Այնուհանդերձ, տեղեկացվել է նաև, որ 2015 թվականին «Աբովյան» ՔԿՀ-ի բաց տիպի ուղղիչ հիմնարկի դատապարտյալների լրակազմի քանակը 2014թ. համեմատությամբ ավելացվել է 15-ով:
– ՄԻՊ զեկույցում խոսվում էր նաև սննդամթերքի որակի, պատրաստվող ճաշերի բազմազանության, պատրաստի կերակրատեսակներից ոչ պատշաճ նմուշառում կատարելու հետ կապված խնդիրների մասին: Ի՞նչ իրավիճակ ունենք այս առումով։
– Սննդի ապահովման բնագավառում իրականացվել են աննախադեպ կազմակերպաիրավական միջոցառումներ, որոնց շնորհիվ լուծում է տրվել տասնամյակներ շարունակ քրեակատարողական համակարգի առջև ծառացած հիմնախնդրին, այն է՝ տարիներ շարունակ դատապարտյալների և կալանավորված անձանց թվաքանակին համապատասխան սննդամթերք պատրաստելու և վերջիններիս կողմից դրանցից չօգտվելու արդյունքում անհիմն թափելուն: Սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ, համաձայն որի՝ այսուհետ անազատության մեջ գտնվող անձանց տրվող ամենօրյա անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն այն անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով: Կարևոր է արձանագրել, որ գործընթացը սկիզբ է դրվել 2015թ. վերջերին և ամսական միջին հաշվով ամենօրյա սննդից հրաժարվողների թիվը տատանվել է 200 անձի սահմաններում, ինչը գրեթե կրկնակի ավելացել է 2016թ. ընթացքում: Պարտադիր նմուշառության հարաբերությունները նույնպես իրավական կանոնակարգման են ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարի հիշյալ հրամանի շրջանակներում՝ հաշվի առնելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկները:
– Այժմ կալանավորված անձին կամ դատապարտյալին հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև ԱՆ քրեակատարողական ծառույության կայքի միջոցով՝ կատարելով առցանց պատվերներ։ ՀՀ արդարադատության նախարարության ո՞ր քրեակատարողական հիմնարկներում է գործում ծրագիրը, որքա՞ն ժամանակվա ընթացքում է պատվիրված ապրանքը փոխանցվում ստացողին, և նախատեսվո՞ւմ է արդյոք ծրագրի ընդլայնում ԱՆ մյուս ՔԿՀ-ներում։
– Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ 2016 թվականի հունվարից քրեակատարողական համակարգում ներդրվել է «Առցանց պատվերների» ծառայությունը, որի արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն է ընձեռվել առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև առցանց եղանակով: Քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական արգելքների բացակայության դեպքում, առցանց պատվերի հիման վրա ձեռք բերված ապրանքները 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին: Առցանց խանութի ծառայությունները դեռևս ներդրված են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հնարավորություն է ընձեռվել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուքներ փոխանցել ցանկացած վայրից, այդ թվում՝ արտերկրից: Իհարկե, նորամուծությունը դեռևս չի ապահովել անհրաժեշտ տարածականություն հասարակության շրջանում, սակայն վստահաբար կարելի է փաստել, որ տրամադրվող ապրանքների և ծառայությունների տեսականու ավելացմամբ, ինչպես նաև ճիշտ գնային քաղաքականության արդյունքում, այն հետագայում կապահովի անհրաժեշտ պահանջարկը:
– Քրեակատարողական ծառայությունն անցկացնում է նաև ծառայողական քննություններ։ 2016թ. ընթացքում քանի՞ ծառայողական քննություն է անցկացվել, և ի՞նչ հետևանքներ են ունեցել դրանց արդյունքները։
– ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում 2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են 211 ծառայողական քննություն և 90 ուսումնասիրություն, որոնց արդյունքում 142 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել են տարբեր կարգապահական տույժեր, այդ թվում՝ «ծառայությունից ազատում» և «պաշտոնի իջեցում»:
– Խնդրում եմ անդրադառնալ նաև միջազգային համագործակցությանը։ Ինչպե՞ս է կիրառվում միջազգային փորձը համակարգի կառավարման ընթացքում, ի՞նչ ծրագրեր կան։
– Միջազգային համագործակցության ընդլայնման և առաջադեմ փորձի փոխանակման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում 2016 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համագործակցել է՝
– «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ՝ առաջավոր փորձի փոխանակման, Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում գերմանական կողմի ներգրավվածության, ինչպես նաև փորձագիտական խորհրդատվությունների ապահովման հնարավորությունների քննարկման բնագավառում:
– Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտի հետ՝ փոխադարձ այցելությունների միջոցով համագործակցության առարկայական հնարավորություններ նախանշելու ուղղությամբ՝ կապված ՀՀ քրեակատարողական հիմնարկներում համատեղ արտադրություններ հիմնելու և կարևորություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ:
– Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության հետ՝ ՎՀ քրեակատարողական համակարգում ներդրված outsourcing-ի (սննդի ապահովման, բուժսպասարկման և այլ գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրարկելու) առաջավոր փորձի ուսումնասիրության և ՀՀ-ում ներդնելու հնարավորությունների քննարկման ուղղությամբ:
– ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ՝ երկու երկրների դատապարտյալ քաղաքացիների արտահանձնման ոլորտում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև երկուստեք փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
– 2015թ. հոկտեմբերի 15-ին Ղազախստանի Բուրաբայ քաղաքում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների կողմից ստորագրված «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում՝ համաձայնագրի անդամ երկների քրեակատարողական ծառայությունների հետ՝ միասնական օրենսդրական կանոնակարգումների հարթակ ստեղծելու, առաջավոր փորձի ուսումնասիրության, փոխադարձ այցելությունների, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր շուրջ: