Սև ցանց. ինչ է դա և ինչպես է աշխատում
Մենք հաճախ ենք լսում այն մասին, որ սև ցանցը կապված է ահաբեկչական սխեմաների, թմրամիջոցների գործարքների և մանկական պոռնոգրաֆիայի հետ։ Weforum.org կայքը գրում է, որ ամեն դեպքում կարող է դժվար լինել հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։
Մի պահ պատկերացրեք, որ ամբողջ համացանցն անտառ է՝ հսկայական կանաչ տարածք, որտեղ կան արահետներ A կետից B-ին հասնելու համար։ Այդ արահետները կարող ենք նմանեցնել հայտնի որոնողական համակարգերին, օրինակ՝ Google-ին, որը ձեզ թույլ է տալիս տեսնել ծառերի փայտը և կապի մեջ մնալ։ Բայց այդ արահետներից հեռու հատվածներում ծառերը փակում են ձեր տեսադաշտը։ Այդ արահետներից դուրս դժվար է որևէ բան գտնել, քանի դեռ չգիտեք՝ ինչ եք փնտրում։ Դա նմանվում է գանձեր որոնելու։ Հսկայական անտառում որևէ բան գտնելու միակ ճանապարհն իմանալն է, թե որտեղ փնտրել։ Սև ցանցը հենց այսպես է աշխատում. այդ անունը տրվում է համացանցում թաքնված բոլոր վայրերին։ Սև ցանցը, անտառի նման, ամեն ինչ շատ լավ թաքցնում է. այն թաքցնում է գործողությունները և նույնականացնող տվյալները։ Այն թույլ չի տալիս մարդկանց իմանալ, թե ով եք դուք, ինչ եք անում և որտեղից եք դա անում։ Զարմանալի չէ, որ այն հաճախ օգտագործվում է անօրինական գործողությունների համար։
Տեխնիկական մարտահրավերներ
Սև ցանցի տեխնոլոգիաները կառուցվում են առանց թույլ տեղերի, ինչը դժվարացնում է իրավապահների միջամտությունը։ Բացի այդ, այն կարող է օգտագործվել ինչպես՝ բարի, այնպես էլ՝ չար նպատակների համար։ Նույն ճանապարհով հանցագործները կարողանում են թաքցնել, թե ինչ են պատրաստվում անել, նույն ճանապարհով որոշակի խմբեր կարող են ազդարարել օրենքի խախտման մասին և անանուն տեղեկատվություն փոխանակել։ Tor ծրագրային հավելումը, որը հնարավորություն է տալիս անանուն ցանցային կապ ստեղծել, ֆինանսավորվել է արևմտյան կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Տեսականորեն այս և նմանատիպ ծրագրերի միջոցով իրականացվող հաղորդակցությանը խոչընդոտելու միակ ճանապարհն օգտագործվող ծրագրում գաղտնի ծրագիր բեռնելն է։ Այն նախատեսված է ծրագրի պաշտպանական համակարգերը թուլացնելու համար։ Մենք գիտենք, որ ցանկացած թույլ կետ կարող է գտնվել հաքերների կողմից՝ գողանալու համար տեղեկատվություն, լուսանկարներ և տվյալներ։
Օգտագործելով «մթությունը»
Իհարկե, այս ամենը նորություն չէ։ Հանցագործները միշտ էլ գտել են ճանապարհներ միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Բջջային հեռախոսներն օգտագործվել են հանցավոր խմբավորումների կողմից՝ կազմակերպվելու համար, իսկ հասարակությունը բավարարված է օրենքներով, որոնք իրավապահներին հնարավորություն են տալիս գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները և հայտնաբերել հանցագործներին։ Իհարկե, սև ցանց մուտք գործելն այնքան հեշտ չէ, որքան հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելը, քանի որ սև ցանցը նման չէ հեռախոսային համակարգին, որը սպասարկվում է փոքր թվով կազմակերպությունների կողմից, ինչը հեշտացնում է գործը։ Նույնիսկ, եթե դա շատ հեշտ լիներ, բազմաթիվ հարցեր անպատասխան կմնային։
Հանրության անվստահությունը շատ տեխնոլոգիական ընկերությունների ստիպել է ետքայլ անել, երբ խոսքը վերաբերում է օգտատերերի սարքավորումներ մուտք ունենալու հարցին։ Մենք ականատես ենք եղել, երբ Apple ընկերությունը հանդես է եկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ, որը պահանջում էր արգելափակումից հանել հայտնի ահաբեկչի iPhone-ը։ Միևնույն ժամանակ նույն կազմակերպությունները հավաքել են օգտատերերի տվյալները՝ ներքին նպատակներով։ Հայտնի է, որ Facebook ընկերությունը WhatsApp-ի համար գործարկել է գաղտագրման ծառայությունը՝ հաղորդակցությունը հետաքրքրասերներից պաշտպանելու համար, սակայն այժմ էլ կարող է անձամբ տեսնել հավելվածում առկա տվյալները։ Այժմ հստակ է, որ աշխարհը դեռ երկար ճանապարհ ունի՝ հասնելու համար այն հասարակությանը, կառավարությանը, իրավապահ մարմիններին և դատարաններին, որոնք գիտակցում են՝ ինչ է նշանակում ինչպես՝ օնլայն, այնպես էլ՝ օֆլայն հաղորդակցությանը ճիշտ հետևելը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը