Պակաս հավակնոտ, քան ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրն էր, և ավելի հավակնոտ, քան ներկայումս գործող համաձայնագիրը. Ինչպիսին կլինի ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը

Բրյուսելում օրերս ավարտվել է Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների հերթական` 7-րդ փուլը։ Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն ու Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության` Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսն ամփոփել են ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքները։ Սուրմելիսը շեշտել է, որ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում` արձանագրելով արագ առաջընթաց «առևտրի և ներդրումների» բլոկում։

«Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,- նշել է նա։

Իսկ Մելքոնյանն իր խոսքում պարզաբանել է, որ սա ««Ազատ առևտրի համաձայնագիրը» չէ, և առևտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ, նախատեսվում է որոշ սակագների իջեցում։ Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը։ Մեզ համար ավելի կարևոր է հասնել լավ արդյունքի` ցույց տալով, որ Հայաստանը` իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական և վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ, և թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»։ «168 Ժամը» զրուցել է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS, Բրյուսել) վերլուծաբան, վերոնշյալ քննարկման համակարգող Հրանտ Կոստանյանի հետ։

– Պարոն Կոստանյան, Բրյուսելում ավարտվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների 7-րդ փուլը։ Ըստ Ձեզ` նախորդ տարի մեկնարկած բանակցային գործընթացի ընթացքում հաջողվե՞լ է արդյոք վերացնել այն վստահության ճգնաժամը, որն առաջացավ 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Ի՞նչ մակարդակի վրա են ՀՀ-ԵՄ հարաբերություններն այսօր։

– Անշուշտ, 2013թ. Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները բարդ փակուղի մտան, որից հետո շարունակական հետընթաց գրանցվեց։

Սակայն Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի մերժումից հետո երկու կողմերը ռազմավարական դադար վերցրին, այդ դադարից հետո տեղի ունեցան որոշ հանդիպումներ, որպեսզի կողմերը հասկանան, թե ինչպիսին կարող է լինել նոր համաձայնագիրը։ Եվ ահա ներկայումս բանակցությունների ընթացքում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Մասնավորապես առաջընթաց կա այս նոր համաձայնագրի քաղաքական և ոլորտային համագործակցության բաղադրիչներում։ Տնտեսական բաղադրիչը դեռ ընթացքի մեջ է, և դա ամենաբարդ բաղադրիչն է։ Ի դեպ, նոր համաձայնագիրն Ասոցացման համաձայնագիր չի լինելու։

– Բանակցվող համաձայնագիրը որքանո՞վ հավակնոտ փաստաթուղթ կարող է լինել, եթե հաշվի առնենք քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների այն ծավալը, որը նախատեսվում էր ԱՀ-ով և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրով։

– Եթե համեմատենք ԱՀ-ի և ԽՀԱԱԳ-ի հետ, ապա սա շատ ավելի թույլ համաձայնագիր է լինելու, որովհետև, օրինակ, հատկապես ԽՀԱԱԳ-ի մասով Հայաստանը հսկա օրենք պետք է վերցներ ԵՄ-ից, այս մասով թուլացել է համաձայնագիրը։ Սակայն նույնիսկ այս թուլությունը հաշվի առնելով` բանակցվող համաձայնագիրը կլինի ավելի հավակնոտ, քան ներկայում գործող ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը 1990-ական թթ. բանակցված և ուժի մեջ մտած համաձայնագիր է։

Այսինքն` այնքան հավակնոտ չէ, որքան ԱՀ-ն` ԽՀԱԱԳ-ի հետ միասին, բայց չենք կարող ասել, որ այն բնավ հավակնոտ չէ, քանի որ հատկապես ոլորտային համաձայնությունների առումով որոշ գլուխներում բավականին լուրջ տեքստ կա։ Անշուշտ, սա բոլոր ոլորտների վրա չի տարածվում, օրինակ, էներգետիկայի ոլորտի տեքստը հավանաբար կլինի բավականին թույլ, որը պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան երկկողմ գազի պայմանագրի առկայությամբ, որը կնքվել է 2013թ. վերջին։ Առևտրի մասով ևս չեմ կարծում, որ համաձայնագիրը կլինի հավակնոտ, որովհետև Հայաստանն այդ ոլորտում որոշակի պարտավորություններ ունի ԵՏՄ-ում։ Երրորդ խոչընդոտը` ԵՄ մի շարք կառույցներում դեռ կան բաժիններ, գործիչներ, որոնք հակված չեն այլևս Հայաստանի հետ հավակնոտ համաձայնագիր ունենալ։ Իհարկե, դա չի տարածվում բոլորի վրա, կան մի քանի բաժիններ, որոնք պատրաստ չեն տրամադրել ժամանակ և ռեսուրսներ։

– Վերջին շրջանում ԵՄ պաշտոնյաները, մասնավորապես` Յոհաննես Հահնը, Մայա Կոչիանչիչը, ինչպես նաև` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նշում են, որ առաջիկայում բանակցությունները կավարտվեն։ Ըստ Ձեզ` այս անգամ կա՞ վտանգ, որ Հայաստանը հրաժարվի կամ ձգձգի ստորագրման գործընթացը։ Ի՞նչ մտահոգություններ կան այս առնչությամբ։

– Ընդհակառակը, ՀՀ իշխանությունները, մասնավորապես` ՀՀ նախագահականը, շատ հակված են ավարտելու այս համաձայնագրի բանակցությունները` որքան հնարավոր է շուտ։ Դա կապված է, իմ կարծիքով, Հայաստանում կայանալիք ապրիլյան ընտրությունների հետ, այսինքն` դրա ուղիղ հակառակն եմ կանխատեսում։ Նոր համաձայնագրում հաշվի է առնվում Հայաստանի պարտավորությունները ԵՏՄ-ում և Հայաստանի պարտավորությունները հայ-ռուսական երկկողմանի համաձայնագրերում, ուստի, իմ համոզմամբ, այնպիսի խոչընդոտ, որն առաջացավ 2013թ., չի կարող լինել։ Ընդհակառակը, կանխատեսում եմ, որ ՀՀ իշխանությունները հակված են բանակցություններն ավարտել մինչ ընտրությունները։ Դա իրենց համար ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականություն է, քանի որ կարող է օգտագործվել իշխող էլիտայի համար` որպես ներքաղաքական ազդակ։

– Որքանո՞վ ընտրությունների անցկացման որակը, ընտրախախտումները, որոնց բացառման մասին անընդհատ խոսում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, կարող է անդրադառնալ ԵՄ-ի կողմից համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա։ Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն արձագանքել ընտրախախտումներին, եթե արձանագրվեն նման դեպքեր։

– Բնականաբար, ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագիրը ներառում է քաղաքական բաղադրիչ, որտեղ, ի թիվս մի շարք այլ կարևոր հարցերի, խոսվում է նաև ընտրությունների անցկացման մասին։ Շատ ավելի լայն է համաձայնագիրը։ Թե որքանով ընտրությունների անցկացումը կազդի այս համաձայնագրի վրա, դժվար է ասել, որովհետև պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի որակ կունենան գալիք ընտրությունները։ Ամեն դեպքում համաձայնագիրն իր մեջ ներառում է հիմնական դրույթներ, և այդ հիմնական դրույթների մեջ է մտնում ընտրությունները։ Եթե այդ հիմնական դեմոկրատական դրույթները չեն կիրառվում, չափանիշները չեն պահպանվում, ԵՄ-ի կողմից հնարավորություն կա համաձայնագիրը պարզապես չեղարկելու։

Տեսանյութեր

Լրահոս