Մոդելի փոփոխություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը նոր սոցիալական մոդելի սկզբունքով վերանայելու, գործուն մեխանիզմներ սահմանելու և համակարգված աշխատանքներ իրականացնելու համար հավասար պայմաններ ապահովելու և հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։
«Գործող օրենքը 1993 թվականին ընդունված օրենք է, որում որոշակի փոփոխություններ արվել են, բայց մեծ առումով այս նախագիծը ենթադրում է մոդելի ամբողջական փոփոխություն՝ ներդնելով սոցիալական մոդելը։ Այս նախագիծը մեկ տարուց ավելի քննարկումների փուլ է անցել հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ մարմինների, ՄԻՊ-ի հետ։ Մոդելի փոփոխությունը ենթադրում է այսօրվա գործող համակարգից անցում կատարել ամբողջությամբ նոր համակարգի, որը նշանակում է, որ մենք ոչ թե սոցիալական պաշտպանություն պետք է իրականացնենք միայն հաշմանդամություն ունեցող անձանց մասով, այլ պետք է իրականացնենք հավասար հնարավորությունների ապահովման և սոցիալական ներառման քաղաքականություն։ Սա սկզբունքորեն տարբերվում է այն մոտեցումներից, որոնք գործող օրենքում առկա են։ Օրենքը շատ կարևոր է նաև հասարակության մոտ մոտեցումները փոխելու առումով հաշմանդամություն ունեցող անձանց մասով»,- նշեց նախարարը։
Ա. Ասատրյանը նկատեց, որ այսօրվա գործող մոդելը կոչվում է բժշկասոցիալական, որտեղ դեռևս էական դերակատարում ունեն քաղաքացու առողջական խնդիրները և առողջական վիճակով պայմանավորված մոտեցումները. «Մոդելի փոփոխությունը բացառապես սոցիալականի՝ նշանակում է, որ հաշմանդամություն սահմանելու պարագայում՝ մենք, իհարկե, դիտարկելու ենք առողջական վիճակով պայմանավորված խնդիրները, բայց միջավայրային գործոնները, մատչելիությունը, հասարակական միջոցառումներին մասնակից լինելու հնարավորությունը ունենալու են էական նշանակություն»։
Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը շուրջ 10 հազար է, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներինը՝ մոտ 80 հազար, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներինը՝ 100 հազարից ավելի։