Բաժիններ՝

«Գաղափարից՝ դեպի շուկա». 2.800.000 ՀՀ դրամ՝ գաղափարն իրականություն դարձնելու համար

Ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում խթանելու, Հայաստանի զարգացմանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ), ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում նորարարական գաղափարների առևտրայնացմանը նպաստելու նպատակով՝ ISTC  նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը:

«Գաղափարից՝ դեպի շուկա» մրցույթին այս տարի ներկայացվել էին ավելի քան 80 թիմեր: Վենչուրային կոնֆերանսի ժամանակ ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից:

Մրցույթի արդյունքում հաղթող 5 թիմերը ստացան 2.800.000 ՀՀ դրամ մրցանակ, որը պետք է օգտագործեն նորարարական գաղափարն իրականություն դարձնելու համար:

Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին թե՛ հայաստանյան, և թե՛ արտասահմանցի մասնագետներր: Հաղթող 5 թիմերին ընտրել են Քրոսսպրինգ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքանդ Վերուին, «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը և Ի-Վի Քոնսալթինգի խորհրդատու Վալերիա Արզանգուլյանը:

Կարդացեք նաև

Հաղթող թիմերից մեկը Triple-E-ն էր: Լրացված, վիրտուալ կամ զուգակցված իրականության տեխնոլոգիան միտված է լրացնելու տեսողական մատուցվող նյութի անկատարությունը՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիայից օգտվողներին՝ իրական ժամանակում իրենց հեռախոսի միջոցով ստանալ հավելյալ տեղեկատվություն հեռախոսի թվային ֆոտոխցիկի միջոցով դիտվող ցանկացած օբյեկտի վրա՝ նկարի, տեսահոլովակի, եռաչափ օբյեկտի կամ ձայնային պարունակության տեսքով:

Հաջորդ հաղթող թիմը՝ Social Bridge-ը, իրենից ներկայացնում է հարթակ,  որը կապում է սոցիալական ցանցերում բովանդակություն գեներացնող օգտատերերին և այն կազմակերպություններին, որոնք արժեքավոր ինֆորմացիայի փնտրտուքների մեջ են՝ իրենց բիզնեսը բարելավելու համար։ Այս հարթակը թույլ է տալիս Facebook-ի օգտատերերին իրենց գրառումների ու հրապարակումների միջոցով գումար աշխատել:

Հաղթող հաջորդ ստարտափը հարթակ է, որը կապ է հաստատում բիզնեսի և ներդրողի միջև: Varkatu.am-ն առաջարկում է նոր լուծումներ օնլայն banking-ի ոլորտում, որը կտարբերվի ավանդական բանկային համակարգից և ավելի կհեշտացնի վարկատուների ու վարկառուների կապը:

Appress-ն իր օգտատերերին կընձեռի հոդվածն ամբողջությամբ թարգմանելու հնարավորություն, ինչի միջոցով կօգնի  մարդկանց հարմարավետ ձևով կարդալ  ընտրված երկրի լրատվամիջոցների լուրերը:

Դրամաշնորհ ստացած մյուս ծրագիրը՝ Loyal Club-ը, հնարավորություն է տալիս ընկերություններին իմանալ իրենց հիմնական/վերջնական սպառողին:

Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսի  կազմակերպիչն էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս