«Եռանախագահները շատ կոնկրետ պայման առաջադրեցին Հայաստանին և Ադրբեջանին»
Նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան կարգավորման հարցով հայտարարություն ընդունեցին` հղում կատարելով նախկինում ներկայացված սկզբունքներին ու տարրերին: «Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին` հարգելու մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարություններում ամրագրված համաձայնությունները:
Կոչ ենք անում կողմերին` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում վերացնել բոլոր խոչընդոտները և առաջընթաց գրանցել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ: Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ»,- ընդգծել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ Ջոն Քերին, Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ անկախ Ադրբեջանի կամքից` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն աշխատում է հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության համակարգերի մշակման վրա։
Համանախագահ երկրների վերոնշյալ հայտարարության, բանակցային գործընթացում առկա միտումների մասին «168 Ժամը» զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, համանախագահ երկրների ԱԳ նախարարները բավականին համապարփակ հայտարարությամբ հանդես եկան` անդրադառնալով կարգավորման գործընթացի բոլոր կարևոր կետերին` կարգավորման տարրերին, սկզբունքներին, հետաքննական մեխանիզմների, Կասպրչիկի առաքելության ընդլայնման կարևորությանը։ Ձեր գնահատմամբ` ինչո՞վ էր կարևոր այս հայտարարությունը։
– Ամենաուշագրավն այս հայտարարությունում այն էր, որ հետաքննության մեխանիզմների ներդրումն ու Կասպրչիկի առաքելության ընդլայնումը պետք է տեղի ունենա կարգավորման հարցում բովանդակային բանակցություններին զուգահեռ։ Գուցե այս պարբերությանը շատերն ուշադրություն չեն դարձրել, բայց դա շատ էական դիտարկում էր։ Ինչո՞ւ, որովհետև, փաստորեն, Հայաստանը պայման էր դրել, որ Ադրբեջանը պետք է կատարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմք կստեղծեն կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար։
Ադրբեջանն ընդհանրապես գտնում է, որ այս ուղղությամբ որևէ քայլ չպետք է ձեռնարկել, ավելին, ժխտում է, որ Վիեննայում համաձայնություններ է տվել մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, և, բնականաբար, պնդում է, որ պետք է բովանդակային բանակցություններ սկսվեն` առանց որևէ պայմանի։ Եղավ այնպես, որ Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ այս երկու գործընթացները պետք է սկսվեն զուգահեռ։ Սա իրենց ներկայացրած բանաձևն էր, միանգամից բանակցություններ և պարտավորությունների կատարում։ Սա է նորությունը, և սա էական հանգամանք է, քանի որ արտահայտվեց նաև միասնական տեսքով։
Իզուր չէ, որ նրանք ասացին, որ պատասխանատու կողմերն այս հարցերում Հայաստանն ու Ադրբեջանն են, և իրենք պատրաստ են կազմակերպել նախագահական հանդիպում այն ժամանակ, երբ նախագահները դրան պատրաստ կլինեն։
Ե՞րբ կլինեն նախագահները պատրաստ, երբ ընդունեն այս պայմանը, որը Մինսկի խումբն է դրել, այս բանաձևը, որ զուգահեռ երկու գործընթաց է սկսվելու։ Մինսկի խումբը հակամարտող երկրների առջև շատ կոնկրետ պայման է դրել։
– ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ աշխատում են մեխանիզմների մշակման վրա։ Չե՞ք կարծում, որ սա ևս կարևոր հայտարարություն էր։
– Ես չեմ պատկերացնում այդ մեխանիզմների ներդրումը, երբեք հստակ չի խոսվել, թե դա ինչ է ենթադրում, ընդամենը հաղորդվում է, որ նման մեխանիզմ պետք է ստեղծվի, իրենց հայտարարությունում մեխանիզմ չի նշվում։ Շատ երկար ժամանակ խոսում էին հետաքննական մեխանիզմների մասին, իսկ հիմա ասում են` ԵԱՀԿ մեխանիզմ, այսինքն` այս հարցը ևս ընդհանրացվեց, իսկ սա ի՞նչ է նշանակում, անորոշությունն ավելացավ։ Առանց Ադրբեջանի` միակողմանի, սա ինչպե՞ս կարելի է տեղակայել։
– Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, Իլհամ Ալիևի հայտարարությունները տարածքներ վերադարձնելու մասին, ռուս-թուրքական մերձեցման գործընթացը, որի շնորհիվ փոխվել է Թուրքիայի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ, որքանո՞վ, ըստ Ձեզ` կհաջողվի ԵԱՀԿ-ին` պարտադրել այս բանաձևը Ադրբեջանին։
– Թուրքիան և Ադրբեջանն ունեն հստակ և միասնական դիրքորոշում, այսինքն` օգտագործելով միջազգային ներկայիս իրավիճակը, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի վատթարացող հարաբերություններն Արևմուտքի հետ, Սիրիայի իրավիճակը, ձգտում են ԼՂ խնդրում Ռուսաստանի միջոցով առաջ մղել թուրք-ադրբեջանական տեսակետը։ Այսինքն` հարաբերությունները, որոնք փորձում են ստեղծել Ռուսաստանի հետ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, մաքսիմալ կերպով օգտագործում են ԼՂ հակամարտությունում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով։ Սա պարզ, հստակ քաղաքականություն է, և այստեղ նրանք ունեցել են հաջողություններ։
Հիշեցնեմ, որ Լավրովը Թուրքիայում ԼՂ հակամարտության գոտում առաջընթացը կապեց հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Սա, բնականաբար, Թուրքիայի տեսակետն էր, որևէ կողմ ԼՂ հակամարտությունը հայ-թուրքական հարաբերություններին չէր կապում, Թուրքիան էր դա ցանկանում։ Այս քաղաքականությունը ներկայումս ևս շարունակում են ակտիվությամբ առաջ մղել, ամեն կերպ փորձում են սեփական դիրքորոշումները պարտադրել Ռուսաստանին, բնական է, ինչ-որ այլ գոտիներում ինչ-որ բան զիջելով` ԼՂ-ում հաջողություններ գրանցելու փոխարեն։ Մեծ հույս ունեն, որ կարող են դա անել։
Վերջին հանդիպումներում ևս այդ միտումը նկատեցի։ Երբ Լավրովը հանդիպեց Չավուշօղլուին, խոսեցին Սիրիայի և ԼՂ հակամարտության հարցերից, որից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնեց Բաքու, իսկ դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ խաղաղ ճանապարհով Հայաստանը «կվերցնեն»։ Ըստ երևույթին, այդ ընդհանուր պայմանավորվածությունների շրջանակում Ադրբեջանի նախագահը նման հայտարարությամբ հանդես եկավ։
– Այսինքն` շարունակվելո՞ւ է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան գիծը, որի պարագայում ԵԱՀԿ-ի քայլերի արդյունավետություն առանձնապես ակնկալելի չէ։
– ԵԱՀԿ-ն եռանախագահների հայտարարությամբ բանակցային գործընթացում ստեղծված ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա, հայտարարեց իր պայմանները, ասաց, որ նրանցից է կախված, եթե նախագահները պատրաստ լինեն, իրենք պատրաստ կլինեն շարունակել աշխատանքը։ Հիմա այդ նախապատրաստական աշխատանքն արդեն Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքում է տեղի ունենալու, որն ավելի լայն գործընթացի մի մաս է` Ռուսաստան-Արևմուտք, Թուրքիա-Արևմուտք։
Օգտագործելով Արևմուտքի հետ վատ հարաբերությունները` Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առանձին եռանկյունի ստեղծել և ինչ-որ հարցեր լուծել այդ ձևաչափում։ Բնական է, որ Հայաստանն էլ դրանում է` իր խնդիրներով։ Այստեղ մտահոգիչն այն է, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հայտնի չէ այս բոլոր հարցերում։ Հայաստանը ամեն կերպ քայլ առ քայլ Ռուսաստանի առաջարկներն է ընդունում` առաջարկը միացյալ ՀՕՊ-ի վերաբերյալ, առաջարկը միացյալ զորամիավորում ձևավորելու վերաբերյալ, և այլն, և այլն, որևէ հարցում Հայաստանի դիրքորոշումը տեսանելի չէ, տեսանելի չէ նաև ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարցում մեր դիրքորոշումը, բացատրություններ չկան։
Օրինակ` Լուկաշենկոն Բաքվում հայտարարեց, որ սատարում է Բաքվին անգամ ԼՂ հակամարտության հարցում, մեր ԱԳՆ-ն անորոշ մտահոգություն հայտնեց, որևէ նոտա չեղավ Բելառուսին, որևէ ձևով Բելառուսին այդ խնդիրը չբարձրաձայնվեց, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, որտեղ նա ՀՀ-ի դաշնակիցն է, անգամ նման կարևորագույն խնդրում չտեսանք Հայաստանի դիրքորոշումը։ Շատ վտանգավոր է այս քաղաքականությունը դառնում, քանի որ, եթե չունես սեփական քաղաքականությունը, շարժվում ես մեկ այլ կողմի թելադրանքով, այս դեպքում` Ռուսաստանի, ինչը ոչ միայն` անընդունելի է, այլև` վտանգավոր։