Լարսի հավերժական պրոբլեմը

Լարսը նորից փակ է։ Կամ բաց։ Կամ՝ արդեն բաց կամ փակ։ Մի խոսքով, ամեն ինչ շատ անորոշ է ու անհասկանալի։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքում երեկ առավոտյան լուր հայտնվեց, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից իրենց տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Այսինքն, բեռնատարները չեն կարողանում Հայաստանից շարժվել Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։

Լարսի փակվելու և բացվելու մասին լուրն արդեն այնպիսի պարբերականությամբ է կրկնվում, որ արդեն ընկալվում է սովորական երևույթ։ Մինչդեռ խնդիրը շատ ավելի լուրջ է, որովհետև դա Հայաստանը Ռուսաստանին կապող փաստացի միակ ցամաքային ճանապարհն է։

3 օր առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ դեկտեմբերի 7-ի ժամը 17։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Հաջորդ իսկ օրն այն կրկին փակվեց։

Մեզ հետ զրույցում գործարարները նշում են, որ իրականում ավտոճանապարհը չի բացվել. փորձնական բաց են թողել Ռուսաստանից Հայաստան ուղևորվող մի քանի բեռնատար, որից հետո ճանապարհը կրկին փակվել է։

Այս, մեղմ ասած, տհաճ և նյարդայնացնող վիճակն արդեն կոնկրետ հետևանքներ էլ է ունեցել։ Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային դեպարտամենտի ղեկավար Գեորգի Սետուրիձեին, հայտնել էր, որ Մցխեթ-Մթիանեթ մարզի Պասանուր գյուղի մոտ, ռուս-վրացական սահման տանող մայրուղու վրա, ավտոմեքենաների կուտակումների պատճառով Ռուսաստանի քաղաքացի է մահացել՝ սրտի կաթվածից։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Երեկ ժամը 15։00-ի սահմաններում զանգահարեցինք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թեժ գծին (010-56-25-33) և հարցրեցինք՝ ճանապարհը բա՞ց է։ «Ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում»,- պատասխանեցին մեզ՝ նշելով, որ կան բեռնատարների կուտակումներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ձեր նախարարության կայքում այլ տեղեկություն հրապարակված։ Այս հարցին ի պատասխան՝ թեժ գծի օպերատորը նախ՝ ճշտեց, թե ո՞ր կայքն ենք նայել, իսկ հետո համոզվելով, որ կայքը ճիշտ գիտենք (mtc.am), խոստացավ ճշտել այս հակասության պատճառը։

Այս զրույցից հետո մենք կապ հաստատեցինք մեզ ահազանգած բեռնափոխադրողների հետ, որոնք հավաստիացրին, որ ճանապարհը փակ է բեռնատարների համար։

Որոշ ժամանակ անց կրկին կապ հաստատեցինք նախարարության թեժ գծի հետ և հարցրեցինք՝ ինչ-որ բան պարզվե՞ց։ Մեզ պատասխանեցին, որ երկրորդ հաղորդագրությունը կայքում դրվում է ժամը 14։30-ին, սակայն, քանի որ մեքենաների կուտակումը շատ մեծ է, և հնարավոր է՝ խնդիրներ առաջանան, այդ պատճառով էլ հաղորդագրությունն ուշանում է։ Որքանով հասկացանք՝ քննարկում էին՝ ինչ հաղորդագրություն պետք է հրապարակվի, երբ պետք է հրապարակվի, որպեսզի հետո սխալ դուրս չգան, ու խնդիրներ չստեղծվեն։

Իսկ եթե ավելի անկեղծ, ապա այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նախարարությունը մի տեսակ չի վստահում վրացական կողմին։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Պարզվում է՝ այս ընթացքում շատերն են զանգահարել նախարարության թեժ գիծ և լսել, որ ավտոճանապարհը բաց է։ Ու դա փաստի առաջ է կանգնեցրել բեռնափոխադրողներին։ Նրանց պատվիրատուները՝ բեռների տերերը, հղում անելով թեժ գծին, պահանջում են տեղ հասցնել իրենց ապրանքը։ Նրանց ևս կարելի է հասկանալ. օրինակ, կան գործարարներ, ովքեր տոնածառի խաղալիքներ են ներկրում, և Ամանորից հետո նրանց ապրանքն այլևս ոչ ոք չի գնելու։ Բեռնափոխադրողների վիճակն  էլ նախանձելի չէ, նրանք  մեծ վնասներ են կրում. ճանապարհին մնացած վարորդներին պետք է վճարել, կերակրել, լրացուցիչ գումարներ ծախսել մեքենաներն աշխատեցնելու (վառելիքի) վրա, և այլն։

Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։ Թվում է՝ ոչ ոք. ճանապարհը փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ բնության վրա ոչ ոք ազդեցություն չունի։

Սակայն բեռնափոխադրողներն այս ամենի մեջ արդեն տխուր օրինաչափություն են տեսնում։ Հատկապես վերջին 2 տարիներին (Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո) Լարսն առավել խնդրահարույց է դարձել։ Ինչպես հիշում եք, այս տարվա հունիսի վերջին տեղացած հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը հունից դուրս եկավ և փոխեց ուղղությունը՝ հեղեղելով Թբիլիսի-Վլադիկավկազ ճանապարհի մի հատվածը։ Հայաստանին Ռուսաստանի և այլ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը դարձավ անանցանելի՝ փաստի առաջ կանգնեցնելով բեռնափոխադրողներին և հերթական անգամ հիշեցնելով, թե որքան խոցելի վիճակում ենք տրանսպորտային հաղորդակցության հարցում։ Բեռնափոխադրումները վերականգնվեցին մոտ 1 ամիս անց։ Իսկ դա ծիրանի արտահանման ակտիվ սեզոնն էր, և բերքի մի զգալի մասը ճանապարհին փչացավ։

Այժմ էլ՝ ձյունն է պատճառը։ Մեր տեղեկություններով՝ հայաստանյան «Սպայկա» ընկերությունը պատրաստ է իր տեխնիկայով ապահովել բեռնատարների փոխադրումը, սակայն վրացական կողմը համաձայն չէ։

Կարճ ասած, անելանելի վիճակ է, բեռնափոխադրողների ճակատագիրը կախված է բնության քմահաճույքներից ու վրացական իշխանությունների որոշումից։

Սակայն հարցն իրականում ավելի խորն է։ Լարսի ճանապարհը, ըստ էության, լրջագույն ու պարբերաբար կրկնվող խնդիր է դարձել Հայաստանի համար։ Առանց չափազանցության՝ կարելի է ասել, որ սա երկրի անվտանգության հետ կապված հարց է և պետք է վերջնական լուծում ստանա։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները այնքան էլ լուրջ կարևորություն չեն տալիս դրան, կամ՝ հնարավորություն չունեն այն լուծելու։

Լուծումներից մեկն այլընտրանքային ճանապարհ գտնելն է։ Նման ճանապարհ, ի դեպ, կառուցել պետք չէ. այն կա։ Վարորդներն ասում են, որ այդ ճանապարհը նորմալ վիճակում է։ Այն մի փոքր երկար է, սակայն ավելի անվտանգ է, հեղեղումների վտանգ չկա և շահագործելի է տարվա բոլոր եղանակներին։ Այսինքն՝ բեռնափոխադրողները դեմ չեն օգտագործել այդ ճանապարհը։

Խնդիրը, սակայն, այն է, որ այն անցնում է Հարավային Օսիայով։ Իսկ Վրաստանից հնարավոր չէ մուտք գործել Հարավային Օսիա՝ հասկանալի աշխարհաքաղաքական պատճառներով։

Ի դեպ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն այս տարվա հունիսի վերջին հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական և ռուսական կողմի հետ՝ այլընտրանքային ճանապարհի համար։ Սակայն այդ հայտարարությունից 2 օր անց Հարավային Օսիայի նախագահի մամուլի խոսնակ Հանա Յանովսկայան ասաց, որ Հարավային Օսիան չի ստացել որևէ դիմում Հայաաստանից՝ հայկական բեռնատարներն իր տարածքով տարանցելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, թե, ի վերջո, ինչպե՞ս են Վերին Լարսի հարցը լուծելու, որը, արդեն երկու օր է՝ փակ է: «Հնարավոր չէ՞ մեր հարևանների հետ լուծում գտնել» հարցը գինու արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցչինն էր: «Հնարավորություն միշտ ունենք, բանակցում ենք այս պահին, բայց բարդ խնդիր է»,- խոստովանել էր վարչապետը: Ըստ նրա՝ անցակետը հետաքրքիր է Հայաստանի համար, բայց ներդրումների կարիք ունի, որպեսզի թողունակությունը մեծանա: «Բայց քանի որ Ռուսաստանի և Վրաստանի սահման է, հնարավորություն չունենք. կողմերից մեկը համաձայն է ներդրումներ անել, մյուսն այդքան էլ շահագրգռված չէ, բայց բանակցություններ գնում են»,- ասել էր նա:

Այսինքն, որքան էլ ցավալի է, պետք է համակերպվենք, որ Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ ցամաքային այլ ճանապարհ չենք ունենալու՝ Լարսի ճանապարհից բացի։ Իսկ դա նշանակում է, որ առատ ձյունը կարող է փչացնել 170 միլիոնանոց շուկայի պոտենցիալը։

Հ.Գ. Ի դեպ, հոդվածը պատրաստ լինելու պահին՝ երեկ, ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքում ավտոճանապարհի մասին լուրը դեռ չէր թարմացվել։

Տեսանյութեր

Լրահոս