«Էղել է, որ էրեխես օրերով անոթի է եղել: Էրեխես աչքիս դեմը սոված, ես «կռիսին» հաց ուրդի՞ց տամ»

Asparez.am. Գյումրեցի Աննա Էլբակյանը որդու` 6-ամյա Արմենի հետ բնակվում է ավտոտնակին կից խորդանոցում: «Տան» համար` որպես չորրորդ հիմնային պատ, ծառայում է չօգտագործվող ավտոտնակի սեւ դարպասը:

Մոր եւ որդու կացարանը նեղլիկ է, զուրկ տարրական կենցաղային պայմաններից: Չկա խոհանոց եւ սանհանգույց: Խորդանոցի երկարությունը ընդամենը 3 մետր է, լայնությունը` 1,5 մետր:

sam_5655

Աղոտ լուսավորության մեջ հազիվ նշմարվում են գորշ պատերը, առաստաղը, հոսանքի կախ ընկած պարանները: Անտանելի է սենյակի խեղդող ծուխը, որպես ձմռան վառելիք օգտագործում են տարատեսակ իրեր, որի հետեւանքով սեւացել են կացարանի պատերը: Մռայլ շինությունը զուրկ է անգամ պատուհաններից, իսկ էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով մայր ու որդի ստիպված են եղել օրեր շարունակ մթության մեջ մնալ: «Եղել է, որ օրերով լույս չեմ ունեցել: Պարտքի պատճառով մարել են»,-ասում է 42-ամյա Աննա Էլբակյանը:

sam_5658

Ա. Էլբակյանը սոցիալական այս ծանր պայմաններում միայնակ է մեծացնում 6 տարեկան տղային: Պատմում է, որ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսատանի Դաշնություն, բայց չի վերադարձել:

Նրանց միակ եկամուտը ընտանեկան նպաստն է, ամեն ամիս ստանում են 20 հազար դրամ:

sam_5653

-Վառելիք չունիմ, որ տունը տաքցնեմ, էրեխեն չմրսի: Իմ միակ հոգսն է, որ էրեխեն չմրսի,-ասում է Ա. Էլբակյանը եւ շարունակում, որ տարածված վիրուսների պատճառով Արմենը հիվանդացել է: Մեկ շաբաթից ավել է, որ դպրոց չի հաճախում, թեեւ առողջանալուց հետո էլ դպրոց չի գնալու, պատճառը տրանսպորտի գումար չունենալն է: Դպրոց գնալու համար տնտեսած գումարով Արմենին դեղ են գնել: Բժշկի տանելու հնարավորություն չեն ունեցել, երեխան բուժվել է տնային պայմաններում, թեեւ ամբողջապես չի ապաքինվել, շարունակում է հազալ:

sam_5651

Արմենն առաջին դասարանում է սովորում: Հաճախում է Մուշ թաղամասի թիվ 23 դպրոցը: Մայրն ասում է, որ նախկինում այդ թաղամասում` հայրական տանն է բնակվել, տղան էլ այդ թաղամասի երեխաների հետ է մտերմացել: Եղբայրն ամուսնացել է, ինքը ստիպված հեռացել է:

Աննա Էլբակյանն անօթեւանի կարգավիճակ չունի: Ապրում է Սահմանապահների 131/14 հասցեի խորդանոցում:

Մռայլ պատերի մեջ մի լուսավոր կետ կա: Վեց ամյա Արմենի անկյունն է: Փակցրել է դպրոցից իրեն հարազատ դարձած այբուբենը, իսկ կողքին նկարել դինոզավր. «Ես նստել եմ դինոզավրի վրա, որ կարողանամ այստեղից հեռու գնալ, լավ տեղ ապրել»,-ասում է Արմենը եւ շարունակում` ասելով, որ «Ա» տառն է սիրում: Հասցրել է նաեւ Ձմեռ պապին նամակ գրել: «Շախմատ եմ ուզել, շատ եմ սիրում խաղալ եւ ինձ ու մայրիկիս համար նոր տուն եմ ուզել, որ «կռիսները» էլ մեզ չկծեն»:

Խորդանոցի անկյուններում թակարդներ են դրված: Աննա Էլբակյանն ասում է, որ առնետները դժվարությամբ են թակարդն ընկնում, որպես խայծ չի կարողանում ուտելիքի պատառ դնել: «Էղել է, որ էրեխես օրերով անոթի է եղել: Էրեխես աչքիս դեմը սոված, ես «կռիսին» հաց ուրդի՞ց տամ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս