Ոչ թե ԱԺ-ի, այլ արժանապատվության ընտրություն
«Ընդդիմությունը հաղթելու որևէ հնարավորություն չունի», «Ընդդիմությունը թող մտածի խորհրդարանում ընդհանրապես լինել-չլինելու մասին», «Իշխանության հաղթանակն ապահովված» է։ Ինչպես ամեն անգամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ևս իշխանությունը սկսել է այս հռետորաբանությամբ հայտարարությունները։ Դրանք միայն կամ ամենևին քարոզչական հայտարարություններ չեն։
Դրանք իշխանության հոգեվիճակ, ինքնավստահությունը արտահայտող հայտարարություններ են։ Ժամանակի ընթացքում իրականությունից կտրվածության հետևանքով բթացած պատրանքի հետևանք հայտարարություններ են։ Ու այդպիսին լինելով՝ ինքնախոստովանական հայտարարություններ են այն մասին, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու, այլ կայանալու է ընտրական ակտ, որն ընդամենը տեխնիկապես արձանագրելու է իշխանության՝ իշխելու իրավունքը։
Դա ընտրական իրավունքի ու ժողովրդին՝ իշխանության պատկանելու սահմանադրական իրավունքի հետ կապ չունեցող իրավունք է։ Որովհետև երկրում, որի տնտեսական ծանր վիճակի մասին հայտարարությունները զբաղեցնում են վարչապետի խոսքի առյուծի բաժինը, երկրում, որտեղ աղքատության իրական մակարդակն աճում է ամեն օրվա հետ, ու երկրում, ուր կյանքը ոչ թե վայելում են, այլ քարշ տալիս, ահա այդ և բազմաթիվ այդպիսի բնորոշումներ ունեցող երկրում իշխանության հաղթանակի մասին մտածելու համար պետք է խնդիրներ ունենալ իրականության ընկալման ու բարոյականության հետ։
Այո, Հայաստանում ընդդիմությունը թույլ է, գուցե առավել, քան երբևէ, ընդդիմադիր ուժերը բզկտված են, ռեսուրսներ չունեն, չի երևում նրանց իրական միավորման ու բևեռացման հնարավորությունը։ Բայց դա ամենևին չի նշանակում իշխանության մեխանիկական հաղթանակ։
Որովհետև իշխանությանն ընդդիմադիր են ոչ թե առանձին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ կամ համակիրներ, այլ հասարակության, անկուսակցական մարդկանց մեծամասնությունը։
Պարզապես ընդդիմության թուլացած վիճակն այդ տրամադրություններն ինստիտուցիոնալացնելու հնարավորություն չի տալիս, բայց այդ հնարավորությունը կարող է առաջանալ մինչև ընտրությունները մնացած ժամանակահատվածի ամեն օրվա հետ։ Իշխանության անբեկանելի հաղթանակի մասին այս օրերին հնչող հայտարարությունները, քաղաքական հայտարարություններ լինելուց բացի, հայ ժողովրդին ուղղված մեծաագույն վիրավորանք են, քանի որ այդպիսով հայ հասարակությունը ներկայացվում է՝ որպես աշխարհի ամենամազոխիստ մարդկանց հավաքականություն, ինչը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ բժշկական ախտորոշում։
Այսինքն՝ այդ հայտարարություններն իրականում համազգային խայտառակություն են, որն իշխանությունը ցանկանում է իրականություն դարձնել ընդամենը մի քանի ամիս անց։ Եվ ուրեմն՝ 2017 թվականի ապրիլին Հայաստանի քաղաքացիները կանգնելու են այդ երկընտրանքի առաջ՝ համապատասխանել մազոխիստական հասարակություն լինելու մասին ախտորոշմանը, կամ ապացուցել, որ այլ ախտորոշումների կարիք ունեն հասարակության մասին այդպես մտածողները։
Ընդդիմության հետ կամ առանց ընդդիմության։