Դոնալդ Թրամփը վերջին երկու տարիների ընթացքում 2,8 միլիոն դոլարի եկամուտ է ստացել Ադրբեջանից
Ամերիկացիներից շատերը ընդունում են, որ Դոնալդ Թրամփի նման նորընտիր նախագահ չի եղել նախկինում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ոչ ոք չգիտի իմ կարողության չափը»,- ասել է Թրամփը:
Սակայն նրա ֆինանսական կարողության մասին 104 էջանոց փաստաթուղթը տալիս է որոշակի տեղեկություն:
Նախագահի պաշտոնի համար թեկնածուները պարտավոր են քարոզարշավի ընթացքում ներկայացնել այդ փաստաթուղթը: Սակայն օրենքում առկա մի փոքր բացը թույլ է տալիս նորընտիր նախագահին չհրապարակել նոր հարկային հայտարարագիր մինչև 2018 թվականը, իսկ առանց այդ հայտարարագրի, որը Դոնալդ Թրամփն այդպես էլ չի ներկայացրել, նրա կարողության մասին տեղեկությունը շատ ընդհանուր է:
«Մենք լավ պատկերացում չունենք, թե ինչ կա այնտեղ»,-ասել է նախկինում Դաշնային ընտրական հանձնաժողովի խորհրդական Քեն Գրոսը:
Թրամփի արտասահմանում գործարար ակտիվության աշխարհագրությունը ծավալվում է Դոմինիկյան հանրապետությունից մինչև Հնդկաստան և Ինդոնեզիա։
Սա խնդիր չէ անշարժ գույքով զբաղվող խոշոր գործարարի համար, սակայն խնդիր է նախագահի պաշտոնը զբաղեցնելու պարագայում:
«Շենքերի կառուցման համար նրան անհրաժեշտ է ստանալ տարբեր տեսակի թույլտվություններ և այլ փաստաթղթեր՝ ավելի մեծ և ավելի լավ շենքեր կառուցելու համար: Այս դեպքում մենք գործ ունենք այլ պետությունների ղեկավարության հետ առնչվելու անհրաժեշտության հետ»,- ասել է Գրոսը:
Թրամփը խոստացել է չունենալ շահերի բախում, սակայն ինչպես այն պետք է իրականացվի դեռ պարզ չէ: ՛՛Trump Organization՝՝ ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին այն գտնվում է վերակազմավորման փուլում, որի արդյունքում Trump Organization-ի ղեկավարությունը փոխանցվում է Դոնալդ կրտսեր Թրամփին, Իվանկա Թրամփին և Էրիկ Թրամփին: Սա ընկերության առաջնային խնդիրն է, և դրա համար տեղի կունենա կառուցվածքային և այլ տեսակի փոփոխություններ:
Դոնալդ Թրամփը թվիթերի միջոցով հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին նրա ընտանիքը կհրապարակի վերջնական ծրագիրը, որով նա դուրս կբերվի ամբողջությամբ բիզնես գործունեության ղեկավարումից: Ամերիկյան համալսարանի փորձագետ Ջեյմս Թաբերը, սակայն, թերահավատ է:
«Էթիկայի տեսանկյունից, ես ամբողջությամբ կտարանջատեի բիզնեսների գործադիր տնօրենությունն ու հոգաբարձուների խորհուրդը, ուր չպետք է լինեն ընտանիքի անդամներ, ովքեր ղեկավարում են Թրամփի անշարժ գույքն ու կառույցները ողջ աշխարհով մեկ»:
Ըստ Թաբերի տրամադրած տեղեկության՝ Թրամփի ֆինանսական կարողության մասին փաստաթղթերը ցույց են տալիս, որ նորընտիր նախագահը վերջին երկու տարիների ընթացքում 2,8 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել Ադրբեջանից՝ կապված Բաքվում կառուցվող 33 հարկանի հյուրանոցի հետ, որը դեռևս չի բացվել:
Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան հրապարակել է ֆոտոնկարներ դրսում եղած շինարարական նախագծերի մասին, սակայն Բաքվի հյուրանոցի իրական տերն Ադրբեջանի տրանսպորտի նախարարի ընտանիքն է: Freedom House կազմակերպությունն Ադրբեջանին տալիս է ամենացածր գնահատականը քաղաքական ազատությունների ու կոռուպցիայի առումով:
«Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր առումներով շատ կոռումպացված է: Եթե դու գործ ունես կոռումպացված երկրի հետ, ապա որոշ դեպքերում ընդգրկվում ես դրա մեջ»,- ասում է Թաբերը:
Թրամփի ընկերությունը նաև հաղորդում է, որ պատրաստվում է Չինաստանում բացել մոտ 30 հյուրանոցներ: Հայտնի է նաև, որ ընկերության Մանհեթանում գտնվող ամենամեծ հոլդինգը մասամբ ֆինանսավորվում է Չինաստանի պետությանը պատկանող Bank of China բանկից:
Ռոբերտ Դեյլը ղեկավարում է Քիսինջերի անվան ինստիտուտը, որը զբաղվում է Չինաստանով:
«Սա այն միակ երկիրն է, որն ունի հնարավորություն ԱՄՆ-ի ձեռքից վերցնել համաշխարհային գերիշխանությունը»,- ասում է Դեյլը:
Որոշ փորձագետներ կասկածի տակ են առնում, թե արդյոք Չինաստանի հետ բանակցելուց Թրամփը հանդես կգա որպես նախագահ, թե գործարար:
«Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուր համաձայնություն, առևտրային պայմանագիր, արտաքին քաղաքական կուրս, նպատակ, այն ամենն, ինչ մենք որոշում ենք միջազգային ասպարեզում, լինի կասկածից վեր»,- ասել է Կառավարության վերահսկողության ծրագրի ղեկավար Սքոթ Ամին:
«Ինչպե՞ս ես կարող եմ չսիրել Չինաստանը, երբ նրանք այդքան փող են ինձ վճարում»,- ասել էր Թրամփը:
Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության, որևէ պաշտոնյա իրավունք չունի վճարվել օտար կառավարության կողմից:
Մերիլենդ նահանգի սենատոր Բեն Քարդինը ասում է, որ Թրամփը կխախտի օրենքը, եթե ամբողջապես դուրս չգա իր ընկերության կազմից:
«Դու երբեք չես կարող համուզել հանրությանը, որ հատուկ վերաբերմունք չես ունեցել դեպի ընկերություններդ»,- ասել է սենատորը:
Սա առաջին անգամ է, երբ այդքան մեծ կարողություն ունեցող գործարար կտեղափոխվի Սպիտակ Տուն: Չնայած առկա մարտահրավերների՝ կարծիք կա, որ նորընտիր նախագահի գործարարի հատկանիշները կարող են օգտակար լինել երկրի համար: