Բաժիններ՝

«Մենք պետք է մեր միջից այդ ստրուկը հանենք». Ռուբեն Բաբայան

«Եթե հայերի տոկոսը Հայաստանում լիներ 40 տոկոս, միևնույն է` մենք պետք  ունենայինք մեկ պետական լեզու, և դա հայերենն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել էր, որ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում։

Ռ. Բաբայանի խոսքով՝ սա ինքնիշխանության, պետության, հայրենիքի հարց է։ Նա նկատեց, որ այդ հայտարարությունը վերաբերում է հետխորհրդային տարածքին, նույնիսկ՝ ոչ երկրներին, որովհետև, ըստ նրա, Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը դիտում է այդ երկրները՝ որպես տարածք։

«Այն երկրները, որոնք հստակ բռնել են անկախության ուղին և շարժվում են, իհարկե, լուրջ չեն վերաբերվում նման հայտարարությանը։ Այն երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ զիջում են իրենց անկախության որոշակի տոկոսը, և՛ մտավախության տեղ ունեն, և՛ լուրջ ընկալելու, և՛ սարսափելու, և՛ ողջունելու, ինչպես մենք տեսանք մեր որոշ գործընկերների կողմից»,- նշեց Ռ. Բաբայանը։

Նա կարծում է՝ պետք է երկու բան տարանջատել՝ մշակույթը և պետական լեզուն որևէ կապ իրար հետ չունեն. «Մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում, առավել ևս, հզոր ռուս մշակույթը, որովհետև ո՛չ Տոլստոյն է ագրեսիվ, ո՛չ Դոստոևսկին է ագրեսիվ, ո՛չ Չեխովը, ո՛չ Գոգոլը, ո՛չ Պուշկինը, ո՛չ էլ Չայկովսկին։ Ագրեսիվ է միշտ լինում չինովնիկը, պետությունը, որը, իհարկե, լեզվի հարց չի դնում։ Երբ մենք հաճախակի ասում ենք՝ դե, ինչքան շատ լեզու իմանանք, այնքան լավ, իհարկե՝ այնքան լավ, ես իմ ուսանողներին ասում եմ՝ հայերենից բացի, դուք պետք է պարտադիր իմանաք և՛ անգլերեն, և՛ ռուսերեն, որպեսզի կարողանաք իմանալ՝ աշխարհում ինչ է կատարվում։ Սա լեզվի հարց  չէ, սա էքսպանսիայի հարց է։ Սա այն է, երբ երկիրն ընկալում ես՝ որպես տարածք, բնակչությունը, որն ապրում է այս երկրում՝ որպես սպասարկող անձնակազմ, բա սպասարկող անձնակազմը լեզուն չիմանա՞՝ ում է սպասարկում»։

Ըստ Ռ. Բաբայանի՝ դա տրամաբանական է, եթե մենք ինքներս վարում ենք այնպիսի քաղաքականություն, որ մեր արտաքին քաղաքականությունը զուտ սպասարկող է. «Մենք սպասարկում ենք մեր հյուսիսային հարևանի բոլոր շահերն արտաքին աշխարհում, իսկ ո՞վ է ասում, որ արտաքին աշխարհով պետք է սահմանափակվի այդ սպասարկումը։ Երբ Մովսեսը տանում էր ժողովրդին Ավետյաց երկիր 40 տարի, որ նայում ես քարտեզով՝ մեկ շաբաթվա ճանապարհ է, 40 տարի պետք է, որպեսզի մեռնի այն վերջին հրեան, որ ծնվել է ստրկության մեջ և ով օրհնում է այդ ստրկությունը։ Չեմ կարծում, որ բառացիորեն պետք է դա հասկանալ, որ իսկապես մինչև մենք բոլորս, ովքեր ծնվել են Սովետական Միությունում, չվերանանք, հարցը չի լուծվելու, բայց այն, որ մենք պետք է մեր միջից այդ ստրուկը հանենք, դա այդպես է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս