«Համանախագահները պետք է առաջարկեն փաստաթուղթ, որը կամուրջ կլինի Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև». Մեթյու Բրայզա
Հարցազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ
– Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում փոխվեց ԱՄՆ նախագահն ու իշխող կուսակցությունը, որը որոշակի փոփոխություններ է ենթադրում մի շարք ոլորտներում։ Ձեր կարծիքով` ինչպիսի՞ քաղաքականություն պետք է ակնկալել Թրամփի աշխատակազմից Հարավային Կովկասում և Ռուսաստանի նկատմամբ, որտեղ բավականին մեծ էյֆորիա է բարձրացել Թրամփի հաղթանակից հետո։
– Ես երբևէ որևէ հայտարարություն չեմ լսել նրա կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ։ Ես անակնկալի կգամ, եթե նման մի հայտարարության օրինակ բերեք։ Նա մի մարդ է, որը ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ընդհանրապես քաղաքական փորձառություն չունի։ Ես վստահ եմ, որ նա երբեք չի էլ մտածել Հարավային Կովկասի մասին, կզարմանամ նաև, եթե նա լսել է Հարավային Կովկասում որևէ հակամարտության մասին։ Նա որևէ հստակ բան չի ասել արտաքին քաղաքականության մասին, բացառությամբ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկության։ Այլ որևէ բան մեզ հայտնի չէ։
Միակ պարզ կետը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն է, ինչը կարող է տարբեր կերպ անդրադառնալ Հարավային Կովկասի վրա։ Օրինակ` մեկ տարբերակը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը մեղմ քաղաքականություն որդեգրի Վրաստանի անկախության հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ։ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը չափազանց արդյունավետ էր նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանում ամեն ինչ չափազանց լարված էր։ Ամենապարզ պատասխանը հետևյալն է` չափազանց վաղ է կանխատեսումներ անելու համար։
– Այնուամենայնիվ ճի՞շտ կլինի առանձնացնել ամերիկյան քաղաքական գործիչներին դեմոկրատների և հանրապետականների, երբ խոսք է գնում ամերիկյան արտաքին քաղաքականության, հատկապես` հարավկովկասյան ուղղության մասին։
– Ոչ, չկան էական տարբերություններ ԱՄՆ հիմնական քաղաքական կուսակցությունների մոտեցումների միջև Հարավային Կովկասում։ Չկան էական տարբերություններ կուսակցությունների միջև։ Կարող են լինել պարզապես որոշ նրբերանգների փոփոխություններ։ Բայց նախագահի անձը կարևոր է, քանի որ նա է թելադրում հիմնական տոնայնությունը, բնականաբար, ԱՄՆ ռազմավարական շահերի և հետաքրքրությունների շրջանակում։ Նախագահի անձը կարող է դրամատիկ փոփոխություններ բերել։ Օրինակ` երևի թե հիշում եք, որ Ջորջ Ու. Բուշը դժվարությամբ կարողացավ հաղթել իր հակառակորդ Ալ Գորին։ Թեև Ալ Գորն ավելի շատ ձայն ստացավ հասարակության կողմից, բայց հաղթեց Բուշը` ամերիկյան ընտրական ներկայիս համակարգի արդյունքում։
Պատկերացրեք, եթե Ալ Գորը հաղթեր, ամենայն հավանականությամբ, Իրաքում երբեք պատերազմ չէր լինի։ Սա բավականին լուրջ տարբերություն է։ Նույնկերպ Բարաք Օբաման իր նախագահության մեկնարկին որոշեց լուրջ սխալ գործել Ռուսաստանի հանդեպ քաղաքականության վերանայման հարցում, որի պատասխանն այն էր, որ նախագահ Պուտինն առավելություն ստացավ և սկսեց խաղաղ ժամանակի ամենալայնածավալ ռազմական ընդլայնման քաղաքականությունը Բալթյան տարածաշրջանում։ Ուստի կուսակցությունների դիրքորոշումներում էական տարբերություններ չկան, բայց կա անհատականությունների հարց։ Հիմա մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի նախագահ Թրամփի ապագա քաղաքականությունը։
– Հայտնի դարձավ, որ Ջեյմս Ուորլիքը լքում է իր դիվանագիտական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Ինչպես հասկանում ենք, ԱՄՆ նոր նախագահությունը սկսվելու է նոր համանախագահով Մինսկի խմբում։ Նոր համանախագահից պետք է ակնկալել նոր մոտեցումնե՞ր, թե՞ ամերիկյան քաղաքականությունն անփոփոխ կմնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։
– Իմ կարծիքով` որևէ փոփոխություն չի լինի Ղարաբաղում ամերիկյան քաղաքականությունում և չպետք է լինի։ ԱՄՆ-ի դիրքորոշումը հետևյալն է ` անել հնարավորն օգնելու համար հակամարտող կողմերին` մոտենալ շրջանակային համաձայնագրին, որոնք նաև անվանվում են հիմնարար սկզբունքներ։ Բնականաբար, սա չի փոխվելու։ ԱՄՆ-ը չի գործելու այս կամ այն կողմի օգտին, աշխատելու է ինչպես` Ռուսաստանի, այնպես էլ` Ֆրանսիայի հետ բանակցային գործընթացում որքան հնարավոր կլինի։
Համանախագահի անհատականությունը ևս կարևոր է, բայց նա չի կարող դուրս լինել ամերիկյան ռազմավարությունից, ԱՄՆ նախագահը կարող է լուրջ որոշումներ կայացնել, բայց համանախագահը չի կարող։ Համանախագահը կարող է պակաս կամ ավելի շատ արդյունավետ մտածող ու հաղորդակցվող լինել։
– Ի՞նչ կասեք բանակցային ներկայիս գործընթացի մասին։ Օրերս ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզորեն ասաց, որ Ադրբեջանն է մերժել շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, որը քննարկվել էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում։ Ինչպե՞ս կարող են համանախագահները և Հայաստանը հաղթահարել բանակցություններում ստեղծված մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, որ կվերադարձնի Ադրբեջանի տարածքներն այնպես, ինչպես Լելե Թեփեն։
– Հակամարտող կողմերի համար կարևոր է հանձնառու մնալ Մադրիդյան հիմնարար սկզբունքներին, որը երկու նախագահները, երկու կողմերը համաձայնեցրել են 2009թ. հունվարի վերջին։ Ես մանրամասների մեջ չեմ ցանկանում խորանալ, բայց այս մոտեցումն այն է, որը կարող ենք ընդունել։ Սա է, որ անհրաժեշտ է վերջնականացնել։ Մյուս հարցերը երկրորդական են։ Հիշեցնեմ, որ նախագահ Պուտինը կառուցողական առաջարկ արեց Սանկտ Պետերբուրգում, նա ասաց` եկեք գտնենք բեկման հնարավորություն Մադրիդյան սկզբունքների շրջանակում` նեղացնելով Մադրիդյան սկզբունքների շուրջ տարաձայնությունները։
Յոթ տարածքների վերադարձի փոխարեն` նա առաջարկեց երկու տարածքի վերադարձ Ադրբեջանին, որի դիմաց Ադրբեջանը պետք է վերականգներ Հայաստանի համար կոմունիկացիոն կապերը։ Թվում էր, թե այս մոտեցումն ընդունվել է երկու կողմերի կողմից։ Ես գիտեմ, որ Բաքվում աջակցում են այս տարբերակին։ Բայց դուք գիտեք, թե ինչ տեղի ունեցավ Երևանում` կապված Ոստիկանության բաժանմունքում պատանդների ճգնաժամի հետ, որի արդյունքում պարզ դարձավ, որ որոշ մարդիկ Երևանում պարզապես համաձայն չեն որևէ տեսակի զիջման։
Հուսով եմ, որ այս ուղղությամբ առաջընթաց կլինի, և նախագահ Թրամփը կխոսի նախագահ Պուտինի հետ` փորձելով առաջ մղել գործընթացը։ Բայց կրկին պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի ԱՄՆ դերակատարությունը։
– Այսինքն` Դուք կարծում եք, որ հայկական կողմն է մերժել պուտինյան ծրագիրը։
– Ես հավատում եմ, որ ՀՀ կառավարությունը կդիտարկի դա, գուցե ընդունի։ Բայց ամենաքիչը պետք է դիտարկել այս տարբերակը։ Սակայն տեսանք, որ մարդիկ, որոնք իշխանությունում չեն, որոշեցին կազմակերպել այդ ճգնաժամը` դրանով իսկ արգելափակելով այս ուղղությամբ որևէ առաջընթաց։ Դուք ինձանից լավ գիտեք, որ երբ ակցիաները սկսվեցին, նրանք դժգոհություններ էին արտահայտում այդ առաջարկների վերաբերյալ։ Այս դեպքում ինչպե՞ս կարող ենք առաջ շարժվել։ Այո, սա բարդ իրավիճակ է։ Պուտինն անում է կառուցողական առաջարկ, ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ մարդիկ դեմ են դուրս գալիս դրան։
– Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ծավալուն հարցազրույց տվեց Դմիտրի Կիսելյովին` ասելով, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Կազանի փաստաթուղթը, որը ենթադրում էր նաև տարածքների վերադարձ։ Սա նշանակում էր, որ հայկական կողմը պատրաստ էր նույնիսկ տարածքային զիջումների, բայց Ադրբեջանն ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացը հնարավոր դարձնելու ճանապարհին կարևոր մեխանիզմների ներդրումը մերժում է։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի ելքը։
– Ես կարծում եմ, որ այն, ինչ պետք է արվի, հետևյալն է` պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև։ Երևանն ասում է, որ հավանում է Կազանի փաստաթուղթը, Բաքուն ասում է` Մադրիդի փաստաթուղթը, թեև սկզբնական փուլում Բաքուն այն չէր ցանկանում ստորագրել։ Ես կարծում եմ, որ համանախագահներն իրենց առաջնորդների` նախագահների հետ իմաստուն կգտնվեն, եթե առաջ մղեն այն, ինչ նախագահ Պուտինն առաջարկեց Սանկտ Պետերբուրգում, որի էությունը կայանում էր հետևյալում` մեղմացնել այս երկու մոտեցումների միջև առկա տարբերությունները։
Հիմնական տարբերությունները հետևյալն են` Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր։ Բայց անիմաստ է խոսել համաձայնագրի կետերի մասին, եթե նախագահները ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ և չեն վերականգնում վստահությունը միմյանց միջև։ Եթե դա տեղի չունենա, ոչ մեկն իրեն վստահ չի զգալու զիջումներ անելու համար, և հայտարարությունները լինելու են քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն։
– Սերժ Սարգսյանն իր այդ հարցազրույցում կարծես ակնարկում է, որ կա փաթեթ համանախագահների մոտ, բայց Ադրբեջանի դիրքորոշումը դրա ներկայացումը բարդացնում է։
– Ես համանախագահ չեմ, տեղյակ չեմ` արդյո՞ք կա մի փաստաթուղթ, որը կամուրջ է Մադրիդի և Կազանի փաստաթղթերի միջև։ Ես կարծում եմ, որ դա կարող է ելք լինել։
– Այս իրավիճակում, հաշվի առնելով նաև շփման գծում այս օրերին ստեղծված լարվածությունը, հարց է առաջանում` կա՞ արդյոք լայնածավալ գործողությունների վերսկսման հնարավորություն։ Մենք տեսանք ակտիվ բանակցային գործընթաց ապրիլյան պատերազմից հետո, ներկայումս` բանակցային ճգնաժամ, խնդիրներ և լարված շփման գիծ։ Ի՞նչ պետք է սպասել։
– Ես ներքին տեղեկատվության չեմ տիրապետում ներկայիս իրավիճակի, ուժերի մասին։ Իմ առաքելության տարիներին ես անհանգիստ էի այն զինվորների համար, որոնք դիպուկահարների կողմից են սպանվում, ես չէի անհանգստանում և չէի դիտարկում լայնածավալ գործողությունների հնարավորությունն ընդհանրապես, որովհետև շփման գծում չկար ծանր սպառազինություն։ Բայց դա այսօր փոխվել է։
Այո, կա վտանգ, որ հակամարտությունը փոքրից կվերաճի լայնածավալի։ Բայց կրկին չեմ կարծում, որ դա տեղի կունենա պատահականորեն։ Համաձայն չեմ նաև քաղաքացիական հասարակության անհանգստությունների հետ։ Իմ մտավախությունն այն է, որ կողմերից որևէ մեկն իրեն սադրված կզգա` նախաձեռնելով ռազմական գործողություններ։ Բայց սա չեմ կարծում` մոտ ապագայում տեղի ունենա։ Չեմ կարծում, որ դա պետք է Ռուսաստանին, չեմ կարծում, որ պետք է Ֆրանսիային և ԱՄՆ-ին, հակամարտող կողմերը ևս չեն ցանկանում, երկու երկրներն էլ տնտեսական մարտահրավերներ ունեն, ուստի չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը լայնածավալ գործողություններ կնախաձեռնի, չնայած իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան իմ առաքելության տարիներին։ Բայց այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։