Բաժիններ՝

«Համաշխարհային բանկից գրանտ է եկել, այդ փողն ուզում են ծախսել». Սարգիս Սեդրակյանը՝ գյուղացիների համար խորհրդատվական կենտրոններ ստեղծելու մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, թե խնդիր կա բարձրացնելու խորհրդատվության մակարդակը, ինչպես նաև կա մասնագետների խնդիր, որոնք կարող են այսօր ֆերմերներին ցույց տալ նոր տեխնոլոգիաները և ուղղություն ցույց տալ, թե ինչպես կարելի է զարգացնել իրենց բիզնեսը։

«Գրեթե համոզված եմ, որ պետք է պետական միջամտությամբ խորհուրդներ ստեղծվեն, որոնք կպարտադրեն. այսօր մենք չենք կարող լինել լիբերալ այդ դաշտում. ինչքան մենք լինենք լիբերալ, այնքան դաշտն անկառավարելի կլինի, գյուղատնտեսության մեջ կոլապսի կգնանք»,- ասել էր նախարարը։

168.am-ի հետ զրույցում «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանն ասաց՝ որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, կոնկրետ ներդրումներ են պետք գյուղատնտեսության մեջ։ Նա նկատեց, որ ԳԱՄԿ-երը (գյուղատնտեսության խորհրդակցական մարզային խորհուրդ) հենց խորհրդատվության համար են ստեղծվել, բայց, նրա բնորոշմամբ, գյուղացին այդ ԳԱՄԿ-ի տեղն էլ չգիտի։

«Գյուղացին կոնկրետ աջակցություն է ցանկանում։ Արտաշատցին մի լավ խոսք ունի՝ «խորհուրդ կիտամ՝ խորհուրդ չիտաս»։ Խորհրդատվության վրա այնքա՜ն գումար են ծախսել մինչև հիմա այդ ԳԱՄԿ-երի միջոցով։ Բա ո՞ւր են այդ մասնագետները, գյուղացին չի իմանում, տեղյակ չէ՝ այդ գումարներն ուր են գնացել։ Հիմա նորից նույնը կրկնում են։ Ըստ երևույթին, Համաշխարհային բանկից գրանտ է եկել, այդ փողն ուզում են ծախսել։ Երկու հոգի երևի խորհուրդ են տվել, թե այդ նպատակով ծախսի, բայց դա ոչ մի ներդրում չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ս. Սեդրակյանը կարծում է, որ դրա փոխարեն կարող էին մեքենա, տեխնիկա գնել գյուղացու համար, ջերմոց սարքել, անասուն առնել. «Բայց սա ի՞նչ է, միգուցե լավ բան է, բայց ես չեմ ընդունում։ Մի աֆրիկացու բռնել էին, բերել էին այստեղ, որ բացատրեր, թե ինչպես ծիրան աճեցներ հայ գյուղացին։ Ուրեմն աֆրիկացին պետք է բացատրի, թե ոնց ծիրան աճեցնեն, հա՞։ Փող լվալու ուրիշ ձև չեն գտել, էդ են մտցրել։ Հերիք եղավ, փողերը պետք է խնայողաբար, նպատակային և արդյունավետ օգտագործել, իսկ դա փողերը փոշիացնելու հերթական տարբերակն է։

Ս. Սեդրակյանի խոսքով՝ ԳԱՄԿ-ը հեռու է գյուղացուց, ոչ մի բան չի անում, ընդհանրապես գյուղնախարարության ոչ մի կառույց չի աշխատում։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նույնպես կարծում է, որ ոլորտում առաջնային շատ այլ խնդիրներ կան։ Մեզ հետ զրույցում նա նշեց՝ թող դեռ եղած կենտրոնները բարելավեն, հետո նոր կենտրոնների մասին մտածեն։

Նա համաձայն է, որ ոլորտի համար բաց է այն, որ գյուղացիները նոր տեխնոլոգիաներից չեն կարողանում օգտվել, բայց, ըստ նրա, դա գյուղատնտեսության համակարգի թերություններից ամենափոքրերից մեկն է։

«Կարծում եմ, որ ավելի լուրջ  խնդիրներ կան այսօր։ Տեղային հարցեր լուծելով՝ առաջ չենք գնանք։ Այսօր շուկայի հարցը կա, տեսականու հարցը կա, ինտենսիվ տեխնոլոգիաների հարցը կա։ Կառավարությունը պետք է մտածի, թե հայ գյուղացին ինչպես է շուկաները պահելու, որովհետև այդ «ԵվրԱզԷս»-ի երկրներում կան լուրջ սուբսիդիաներ, այդ թվում՝ Վրաստանում»,- նշեց Հ. Բերբերյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս