«Լիբերալությունը դաշտն անկառավարելի կդարձնի, գյուղատնտեսության մեջ կոլապս կլինի». Իգնատի Առաքելյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք արդեն սկսել են կատարել՝ համագործակցնելով ոլորտի տարբեր ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների և բիզնես-ներկայացուցիչների հետ։
Նա նկատեց, որ բյուջեի նախագծով կան գումարային նվազեցումներ՝ մոտ 650 միլիոն դրամի չափով, որը, ըստ նախարարի, ուղղակի պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարի տենդերն անցկացնելիս պարարտանյութի գների նվազեցում է գրանցվել։ Նա նշեց, որ հաջորդ տարվա համար իրենց ֆինանսական տողերով փոփոխություն առանձնապես չկա։
«Բայց կա դիրքորոշում, և արդեն սկսել ենք այդ ուղղությամբ աշխատել, որպեսզի սուբսիդավորման ուղղություններն ընտրենք հստակ, հասցեական, և տենդերներն ու գնումները, եթե կատարվելու են, ապա կատարվեն թափանցիկ, հնարավորին չափ տնտեսելով գումարները և ուղղելով այն ոլորտներ, որտեղ մենք տեսնում ենք պոտենցիալ զարգացում։
Այսօրվա խնդիրները շատ են գյուղատնտեսության մեջ, և գրեթե բոլոր ոլորտներում մենք ունենք խնդիրներ՝ սկսած ֆերմերային տնտեսությունների և վերամշակողների ֆինանսական իրավիճակից, որ վարկավորված են գրեթե բոլորը, և վերավարկավորման խնդիր կա: Խնդիրներ կան անասնաբուժության ուղղությամբ. այդ դասակարգումն այսօր համարում եմ անթույլատրելի, և մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք՝ վերականգնելու անասնաբույժների որակավորումը, դասակարգումը, և այդ դաշտը ավելի ուժեղ դարձնենք»,- նշեց նախարարը։
Նա նաև ասաց, որ արդեն ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ միասին աշխատանքներ են տարվում, որպեսզի մարզերում կարողանան ունենալ հաստիքներով հաստատված անասնաբույժներ, ու այն գումարները, որոնք այսօր ուղղվում են զուտ համաճարակային և ծրագրավորման խնդիրներ լուծելու վրա, դարձնեն աշխատավարձ և փորձեն շահագրգռվածություն առաջացնել անասնաբույժների շրջանում՝ վերադառնալ համայնք և լինել հենց համայնքին կցված։
Ի. Առաքելյանի խոսքով՝ խնդիր կա նաև բարձրացնելու խորհրդատվության մակարդակը, ինչպես նաև կա մասնագետների խնդիր, որոնք կարող են այսօր ֆերմերներին ցույց տալ նոր տեխնոլոգիաները, և ուղղություն ցույց տալ, թե ինչպես կարելի է զարգացնել իրենց բիզնեսը.
«Առանց դրա՝ շատ դժվար է։ Համաձայն եմ Միքայել Մելքումյանի այն նկատառման հետ, որ այսօր արդեն պետք է մտածենք, թե հաջորդ տարվա մթերումը ոնց ենք անելու։ Գրեթե համոզված եմ, որ պետք է պետական միջամտությամբ խորհուրդներ ստեղծվեն, որոնք կպարտադրեն. այսօր մենք չենք կարող լինել լիբերալ այդ դաշտում, ինչքան մենք լինենք լիբերալ՝ այնքան դաշտն անկառավարելի կլինի, գյուղատնտեսության մեջ կոլապսի կգնանք»։
Նախարարը նաև նշեց, որ վարչապետի հանձնարարականով՝ ինքը հիմա աշխատում է պետություն-մթերող-գյուղմթերք արտադրող շղթան ստեղծելու ուղղությամբ.
«Խնդիրներն այնքան շատ են, որ շատ դժվար է հասկանալ՝ որտեղից սկսես, որտեղից ավարտես, որտեղ կպնում ես՝ կա խնդիր։ Մենք պատկերացնում ենք ոլորտի խնդիրները, բայց մենք մեծ խնդիրներ ունենք, կխնդրեի ձեր աջակցությունն էլ այդ մասով, որպեսզի ձեր ընտրատարածքներում բիզնեսները, որոնք ձեզ հետ կապ ունեն, կամ գյուղերը, համայնքները, իրենք պետք է հասկանան, որ պետք է համախմբվեն: Նախկին ծրագիրը, որ կազմվել է, համապատասխանում էր այն ժամանակվա խնդիրներին, այսօր, սակայն, պետք է դա փոխել»։