«ՏԿՆ աշխատակիցներին «Տոյոտա» ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի. իր գործն էդ ավտոբուսների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ոնց են գնում-գալիս»
«Վերջին 10-12 տարիներին ՀՀ-ում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այդ տնտեսական մոդելը կառուցված է հետևյալի վրա. որ մեր ընդերքը արտահանենք, մեր քաղաքացիներին ուղարկենք խոպան ու այդ երկու սուբյեկտների միջոցով ներհոսած գումարները շրջանառենք տեղում։ Քանի դեռ այս տնտեսական մոդելն է գործում, պարզ է, որ ՀՀ տնտեսությունը կախված է լինելու արտաքին շոկերից։ Այսպես է լինելու, քանի դեռ ՀՀ-ում չկա արդյունաբերություն։ Չնայած կառավարության ներկայացուցիչները խոսում են ռազմարդյունաբերական համալիրի մասին, ես բյուջեի նախագծում տեսա, որ «ռազմարդյունաբերական համալիր» բառն օգտագործված է մեկ անգամ, այն էլ «поиск»-ով հազիվ եմ գտել։ Ես կարծում եմ, որ մեր բնական ճանապարհն իրոք ռազմարդյունաբերական համալիրը լրջորեն զարգացնելն է։ Մենք պետք է ֆիքսենք, թե մեր բանակը, զինված ուժերն այս պահի դրությամբ ինչքա՞ն գնում են անում տեղի գոյություն ունեցող ռազմարդյունաբերական համալիրից, և ամեն տարի պետք է օրենքով ֆիքսենք, որ կառավարությունը այդ գնումների ծավալը պետք է ավելացնի ռազմական բյուջեի 1, 2, 3 տոկոսի չափով, կարելի է այդ թիվը քննարկել։ Եվս մի քանի տոկոս պետք է հատկացվի տեխնոլոգիաների մշակմանը, որ լինեն գիտահետազոտական, տեխնոլոգիական մշակումներ։ Մեր գիտության գիտատեխնիկական գործունեությունը պետք է մտցնենք ռազմարդյունաբերական համալիրի տակ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կա 12 հազար 97 հետախուզվող, որոնց 88 տոկոսը հետախուզվում է բանակից խուսափելու համար։ Նա նշեց, որ որոշ փորձագետների գնահատմամբ՝ հետախուզվողների մի զգալի հատված արտերկրում ուսում է ստացել և ներգրավված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Մենք պետք է այդ մարդկանց գտնենք ու օրենքով ամրագրենք, որ եթե այդ մարդիկ 5 ամիս, 1 տարի կամավորական ծառայություն իրականացնեն ռազմարդյունաբերական համալիրի համար, ՀՀ-ն այդ մարդկանց հետ իր հաշիվները փակված կհամարի։ Ռազմարդյունաբերական համալիրը իր հետևից տնտեսության բոլոր ճյուղերն է տանելու»։
Ն. Փաշինյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ ծառայողական ավտոմեքենաների վրա պետությունն ավելի շատ գումար է ծախսում, քան տալիս է սահմանապահ գյուղերի համար. «Մենք զարմանալի պետություն ենք։ Մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապահովելն է։ Այդ մարդու աշխատանքն ավտոբուսի, երթուղայինի մեջ է, մենք իրենց ինչո՞ւ ենք մեքենա տալիս։ Տրանսպորտի նախարարության աշխատակիցներին, որոնց աշխատանքը միջմարզային տրանսպորտն ապահովելն է, «Տոյոտա» ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի։ Իր գործն էդ ավտոբուսների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ոնց են գնում-գալիս»։
Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում պետք է լինի 30-35 ծառայողական ավտոմեքենա, այն էլ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար. «Այստեղ շատ մտահոգություններ են հայտնվում, որ վարկավորման տոկոսները շատ ընկել են, այս վերջերս մի երկու բան եմ լսել, որ բանկեր կան՝ որոշել են հուղարկավորության ծառայությունների վարկավորում իրականացնել. եթե այդ որոշումը կայացվի, կարծում եմ՝ վարկավորման տոկոսների շատ էական և կտրուկ աճ կունենանք»։