«Այս նախագծով պարզվում է մի շատ կարևոր բան՝ իշխանությունը չի վստահում հասարակությանը». Ռուբեն Բաբայան

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր «Բանակին աջակցությո՞ւն, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկ. 1000 դրամի դիլեմա» քննարկման ժամանակ, անդրադառնալով բանակի համար հավաքագրվող 1000 դրամների հարցին, ասաց, որ այստեղ հակասություն չի տեսնում, այլ իրականում երկու պարագայում էլ կա մեծամասնություն, և ըստ նրա՝ մի մեծամասնությունն ասում է, որ գաղափարը լավն է, իսկ մյուս մեծամասնոթյունն ասում է, որ մեխանիզմներն իրեն չեն բավարարում:

Նրա խոսքով՝ անընդհատ խոսվում է կոռուպցիոն ռիսկերի վերացման մասին, բայց կոռուպցիան չի վերանում, հետևաբար՝ կարծում է, որ կոռուպցիոներներին հայտնաբերելով ու պատժելով միայն կարելի է վերացնել կոռուպցիան, այլ ոչ թե՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելով. «Իրականում, չկա մեխանիզմ, որը կարող է հիմնովին վերացնել կոռուպցիան: Հետևաբար՝ մեխանիզմի վրա հույս դնել և չաշխատեցնել այն կարևորագույն օղակները, որոնք պետք է բացահայտեն կոռուպցիան և որոշակի զսպիչ դեր կատարեն, կարծում եմ՝ անիմաստ է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սա ինչ-որ համաձայնություն է համապատասխան կառույցների հետ, որոնք ֆինանսավորում են այդ օրինագծերը, որոնք պետք է նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, բայց իրականում կոռուպցիան չի պակասում, իրականում մի մեծագույն բյուրոկրատիկ օրենք ընդունվեց պետական գնումների մասին, բայց պետական գնումները ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ են»:

Հետևաբար, նա կարծում է, որ խնդիրն այլ կողմից պետք է լուծել. «Եթե մենք առաջ ենք բերում ազգ-բանակ հասկացությունը, ապա դա կարող է իրականանալ միայն ու միայն կամավոր սկզբունքով: Կամավոր՝ չի նշանակում, որ ինքս եմ որոշում փող տալ, այլ նշանակում է, որ ես դառնում եմ այս երկրի տերը, ես որոշում եմ, որ այս խնդիրը ես կվերցնեմ ինձ վրա, որովհետև կարևոր է, վերաբերում է բոլորիս, կարող է յուրաքանչյուրիս դռանը չոքել: Բոլորս խոսում ենք վստահության պակասի մասին, ասում, որ մեր երկրում պակասում է վստահությունը, հասարակությունը չի հավատում ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը. այս նախագծով պարզվում է մի շատ կարևոր բան՝ իշխանությունը չի վստահում հասարակությանը: Այ, ինչպես ենք մենք գլոբալ անվստահության պայմաններում ստեղծում երկիր: Կարծում եմ՝ դրա համար է դրվել պարտադիր վճարումը»:

Ռ. Բաբայանը նկատեց՝ վստահությունը փորձում են վերականգնել խոսքերով, երդումներով՝ «շան տղա լինենք», «հորս գերեզման», և այլն, բայց վստահությունը, ըստ նրա՝ պետք է վերականգնել գործողություններով. «Կատարվում են գործողություններ, հասարակությունը դրանք տեսնում է, ու այդ գործողությունները ներշնչում են վստահություն. վերջ»:

Դիմելով ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ նա ասաց, որ համամիտ է Անահիտ Բախշյանի այն մտքի հետ, որ գուցե վաղն ընդունվի օրինագիծ, ու այդ գումարը նպատակահարմար գտնեն ուղղել այլ ուղղությամբ. «Այդ դեպքում ես կհրաժարվեմ գումար տալ: Եթե հաստատեք, որ դա իսկապես գնում է այդ ուղղությանը, ապա գումարի քանակը կավելանա»:

Տեսանյութեր

Լրահոս