«Եթե մենք վերցնեինք մեզ վրա, դուք կասեիք՝ հիմնադրամը տանում ու դնում եք ձեր «տակ»». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Բանակին աջակցությո՞ւն, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկ. 1000 դրամի դիլեմա» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ սկսված հանրային քննարկումներն ու դժգոհության ալիքը որոշակի փոփոխություններ արդեն մտցրել է նախագծի մեջ, և ամբողջությամբ ընդունվելու ժամանակ օրինագիծը որոշակի փոփոխության ենթարկված կլինի:

«Օրինագիծն անդրադառնում է շատ կարևոր հարցերի, ու հանրության տեսակետը հաշվի չառնվել չի կարող: Ինչ վերաբերում է գլխավոր հարցադրմանը՝ նոր հնարավորությո՞ւն, թե՞ կոռուպցիոն ռիսկեր, ես կասեմ՝ նոր լուծում, որի դեպքում այդ կոռուպցիոն ռիսկերի համար կա առնվազն փայլուն առաջարկ: Ի սկզբանե առաջարկվել էր այնպիսի մի մոդել, որն առավելագույնս զերծ կլինի նման ռիսկերից: Այսինքն՝ մենք շատ լավ գիտեինք, որ առանց այն էլ, եթե հասարակությունում հարցեր չառաջանային՝ ինչ պետք է լինի, վստահություն չկա: Ի սկզբանե մոդելի մեջ դրվել էր մի հետաքրքիր լուծում, որը նման ֆոնդերի համար լավագույնն է: Դա համատեղ կառավարումն է. ֆոնդը կառավարող 9 հոգուց երեքը հասարակական սեկտորից են, կառավարության կողմից նշանակվող երեք հոգուց առնվազն երկուսը քաղաքական ընդդիմությունից են, և երեք հոգի մնալու են Կենտրոնական բանկից՝ որպես մասնագետներ: Այսինքն՝ առնվազն 5 հոգի պետք է որ հասարակության համար առավել վստահելի մարդիկ լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ՊՆ-ն ներկայացուցիչ չի ունենալու կառավարման ֆոնդում:

Հարցին, թե այդպիսով ՊՆ-ն իր վրայից գցո՞ւմ է պատասխանատվությունը, նա այսպես պատասխանեց. «Մենք՝ որպես հեղինակ, կառավարության անդամ գերատեսչություն, կառավարման մեջ կառավարության կողմից առաջադրված անձանց միջոցով պատասխանատվությունը կրելու ենք 3 մասնագետով և կառավարության առաջարկված 1 անձով: ՊՆ-ն չի լինելու, բայց կառավարությունը լինելու է: Կառավարությունը կարող է նշանակել Ֆիննախից մեկին, ես չեմ կարող ասել»:

Իսկ այն դիտարկմանը, թե դա, ըստ էության, պատասխանատվության լղոզման հրաշալի օրինակ է, նա այսպես արձագանքեց. «Դե, գիտեք՝ ես էլ այսպես կարող եմ ասել՝ ձեր կողմից էլ առաջարկը տապալելու փայլուն մեկնաբանություն է: Այսինքն՝ եթե մենք վերցնեինք մեզ վրա, դուք կասեիք՝ հիմնադրամը տանում ու դնում եք ձեր «տակ», որ ոնց ուզեք՝ այդպես կառավարեք: Հիմա որ ասում ենք՝ չենք ուզում մեզ մոտ տանել, դուք ասում եք՝ լղոզելու փայլուն օրինակ է: Միշտ կարելի է այդպես մեկնաբանել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս