«Հերթական անգամ հասարակության համբերությունն են փորձում». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօրվա` «Բանակին աջակցությո՞ւն, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկ. 1000 դրամի դիլեմա» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ, թեև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշում է, թե բանակի համար ստեղծվող հիմնադրամն աշխատելու է թափանցիկ, սակայն «Մարտիկ» հիմնադրամի օրինակը բոլորովին հակառակն է ապացուցում. «Երբ 2002թ. Արցախի այսօրվա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սկսել է քարոզել «Մարտիկ» հիմնադրամի կարևորության մասին, լրագրողներից մեկը հարցրել է՝ ինչպե՞ս է վերահսկվելու ծրագրի իրականացումը, որպեսզի չկրկնվեն, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի հետ կապված նախադեպերը՝ գումարների փոշիացման առումով, նա պատասխանել է՝ ոչ պակաս լավ, քան պարոն Արծրուն Հովհաննիսյանը: Իհարկե, մեխանիզմը, որն այսօր դրված է օրենքում, չի եղել «Մարտիկ» հիմնադրամի դեպքում, բայց թափանցիկության մասին այն ժամանակ էլ է խոսվել, սակայն արդյունքում մենք ունենք մի իրականություն, երբ, ըստ կայքի՝ 12 հազար 404 անձինք ցուցակագրված են այնտեղ՝ որպես 100-ական դոլար ներդրում կատարողներ, այդ գումարը, ասում են՝ կա, բանկում է պահվում, բայց տոկոսները, որ եկել են ամեն տարի, ինչպես են ծախսվում, այդպես էլ մինչ օրս չգիտենք: Հաշվետվության մեջ գրված է՝ կանոնադրական ծրագրերի համար, բայց այդ ի՞նչ ծրագրեր են իրականացվել՝ չգիտենք, որովհետև հիմնադրամը նախատեսված է եղել ռազմական կրթության, սպաների պատրաստման, զինվորականների առողջության, բարեգործության, քարոզչության համար: Բայց երբ այդ ամենի մասին հարցրել եմ, այդպես էլ պատասխան չեմ ստացել»:

Ըստ Ա. Բախշյանի՝ հիմա էլ ասում են, որ ով չի ցանկանում մասնակցել բանակին 1000 դրամ նվիրաբերելուն, համարում են ոչ հայրենասեր, իսկ գումարները յուրացնողներին անվանում «շան տղա», բայց այդ էտապներով անցել ենք, ու հերթական անգամ հասարակության համբերությունն են փորձում. «Թեկուզ Հայաստանի ամենախեղճ ընտանիքը չի զլանա այդ 1000 դրամը տալ, բայց այն փորձը, որ մեր հասարակությունը վերջին 25 տարվա ընթացքում ձեռք է բերել տարբեր դրամահավաքների ընթացքում, մարդկանց մեջ վերջին հույսի ծիլն էլ է մեռցրել: Այո, ես ունեմ մտավախություն. բյուջեն դատարկ է, ու հիմա եթե այս հիմնադրամը սկսի աշխատել, առաջին ընթերցումն անցել է արդեն, այդ գումարների ծախսման ուղղությունը, մեկ էլ տեսար, օրենքի այլ նախագծով կփոխեն ու ուրիշ բանի վրա կծախսեն այդ գումարները: Սա հեռու չէ մեր կառավարությունից. այդ մտահոգություններն անտեղի չեն»:

Ի պատասխան՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ «Մարտիկ» հիմնադրամն ընդհանրապես որևէ նմանություն չունի առաջարկվող մոդելի հետ. «Պետական այրերի ներգրավվածությունը չի նշանակում, որ պետական հիմնադրամ է: Երբ այս օրինագիծը քննադատելիս ընտրում ենք միայն «Մարտիկի» սցենարը, դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև նույն պետական այրերի կողմից այսօր կառավարվում է նաև «Լույս» հիմնադրամը, և էլի մասնավոր մարդկանց կողմից են այդ գումարները հատկացվում»:

Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ «Լույս» հիմնադրամի տնօրենն օրինավոր մարդ է և իր պարտականությունները լավ է կատարում: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, եթե ֆիզիկական անձի վստահության հարցն է, ուրեմն իրենց առաջարկը ճիշտ է՝ թող հասարակության կողմից ներգրավվի 3 վստահված և օրինավոր մարդ. «Չեք վստահում, ուրեմն կա փայլուն առաջարկ՝ եկեք, մասնակցություն ունեցեք կառավարման մեջ, որպեսզի վստահեք մեկդ մյուսին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս