«Հավատացած ենք, որ ԵՄ-ն կարող է կամուրջ լինել ԵՄ 28 և ԱլԳ 6 պետությունների միջև». Երևանում կայացավ ԱլԳ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Այսօր Երևանում կայացավ Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի արտգործնախարարների 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: Երևանյան աշխատանքների արդյունքում նախարարները մամուլի ասուլիս տվեցին ՀՀ ԱԳ նախարարությունում: Իր բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ արդյունավետ քննարկում է ծավալվել ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում:

Նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն կարևորում է իր մասնակցությունն «Արևելյան գործընկերություն» ծրագրին, և Երևանում կայացած նախարարական հանդիպումը դրա վկայությունն է: Նալբանդյանը փոխանցեց, որ այսօր կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել ԱլԳ Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին, որոնք կարևոր էին ԵՄ-ի գործընկեր երկրների համար: Նրա որակմամբ, գագաթաժողովի արդյունքներով տարածված համատեղ հռչակագիրն արժեքավոր շեշտադրումներ էր պարունակում ԵՄ անդամ և գործընկեր երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ձևաչափերի վերաբերյալ:

«Վերջին երկու տարիներին Ռիգայի դրույթների խորացումը մեր ուշադրության կենտրոնում է եղել: Անցնող տարվա ընթացքում տեսանելի առաջընթաց է գրանցվել, տեղի են ունեցել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, կողմերը զգալի առաջընթաց են գրանցել, միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի»,- ասաց Նալբանդյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ ակնկալում են առաջիկայում սկսել բանակցությունները ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղությամբ, շուտով՝ ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը նշեց, որ շատ կառուցողական և բաց քննարկում են ունեցել այսօր: Հանձնակատարը տեղեկացրեց, որ սա նման ութերորդ հանդիպումն էր այս ձևաչափով: «Այս տարի չորրորդ անգամն ենք միասին այս ձևաչափով: Այս անգամ էլ հնարավորություն ունեցանք գույքագրելու ներկա իրավիճակը ԱլԳ իրագործման ուղղությամբ, «իրագործում»-ն էական բառ է այստեղ, հիմա իրագործման ժամանակն է, կարևոր է, որպեսզի տեսանելի դարձնենք իրավիճակը քաղաքացիների համար»,- ասաց Յոհաննես Հահնը: Վերջինիս խոսքով՝ Ռիգայում ԱլԳ հիմնական ուղղությունները խմբավորեցին 4 զամբյուղների մեջ։ Առաջինը, ըստ նրա, այն է, որ պետք է ծավալուն օժանդակություն ցուցաբերվի ԱլԳ երկրների ձեռնարկություններին, ավելին, առաջիկա 1-2 տարիների նպատակն է՝ օժանդակել 10 հազար ՓՄՁ-ների, որոնք տնտեսության ողնաշարն են, ուստի պետք է օգնել, առաջ մղել նրանց:

Կարդացեք նաև

Մյուսը, Հահնի տեղեկացմամբ, այն ամենն է, ինչ կապված է կառավարման և արդարադատության բարեփոխումների, թափանցիկության ապահովման հետ, ինչն ուղղակիորեն կապված է տնտեսությունն առաջ մղելու, ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հետ: Երրորդ զամբյուղը, հանձնակատարի խոսքով, տրանպորտային և էներգետիկ կապակցվածությունն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, ջրային ուղիներ և այլն, որը կդյուրացնի շարժունակությունը, կակտիվացնի երիտասարդների առաջնորդությունը, կդյուրացնի մուտքն աշխատաշուկա:

«Մենք շուտով կհրապարակենք հիմնական քսան ցանկալի արդյունքները, որոնց կցանկանայինք հասնել՝ 2020 թվականին ընդառաջ։ Սա ցույց է տալիս, որ մենք գագաթաժողովից գագաթաժողով չենք աշխատում, այնպես ենք աշխատում, որպեսզի նպատակներ ու խնդիրներ ունենանք, որոնք հեռու են սահմանված, ցույց տալու համար, որ սա շարունակական գործընթաց է»,- ասաց Հահնը։

Իր հերթին՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Բեյարդն ասաց, որ ԱլԳ-ն ԵՄ-ի համար է կարևոր և կարևոր է այն վեց երկրների համար, որոնք ԱլԳ մասնակիցներ են։ «Հավատացած ենք, որ ԵՄ-ն կարող է կամուրջ լինել Եվրոպայի 28 և ԱլԳ 6 պետությունների միջև: Մեզ համար այս գործընկերությունը կոնկետ գործողություններով է բնութագրվում՝ մարդկանց միջև, ժողովուրդների միջև հարաբերություններով, ճանապարհներով, տրանսպորտով, կոռուպցիայի դեմ պայքարով, ժողովրդավարությամբ։ Հավատացած ենք, որ այսօրվա հանդիպումը թույլ տվեց մեզ, որպեսզի էլ ավելի մեծ առաջընթաց ունենանք։ ՀՀ-ում հանդիպումը փոխել է ինչ որ բան»,- ասաց Բեյարդը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մոլդավայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլիան, Վրաստանի ԱԳ փոխնախարար Գիգի Գիգաձեն, ինչպես նաև Բելառուսի ԱԳ փոխնախարար Եվգենի Շեստակովը, ովքեր բոլորն արդյունավետ գնահատեցին երևանյան ոչ պաշտոնական երկխոսությունը՝ կարևորելով ԱլԳ նախարարների աշխատանքները ոչ միայն՝ գագաթաժողովից գագաթնաժողով, այլև՝ ավելի հաճախ։

Տեսանյութեր

Լրահոս