«Մարդը մահանում է, և իրավահաջորդները զրկվում են այդ գումարները ստանալու հնարավորությունից»

«Ասացիք՝ ոգեշնչվել եք, որ աղքատությունն ընդամենը 30 տոկոս է, անկեղծ ասած, ես ոգեշնչման պատճառ չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ն. Զոհրաբյանը չի կարծում, որ աղքատությունը մեզանում նվազել է. «Եթե նվազել է, բերեք այն ցուցիչները, ինչի հիման վրա ասում եք, որ նվազել է, որովհետև ո՛չ մարդկանց կենսամակարդակն է բարելավվել, ո՛չ եկամուտներն են ավելացել, երբ վիզուալ մենք տեսնում ենք մուրացկանների թիվը փողոցում, դա մեզ չի բերում այն վստահության, որ աղքատությունը նվազել է»։

Ն. Զոհրաբյանը նաև խոսեց խորհրդային տարիներին ավանդադրած գումարների փոխհատուցման խնդրի մասին. «Այս փուլով կարծես թե վճարվելու է 1931 թվականին ծնվածներինը, չե՞ք կարծում, որ դա ուղղակի անարգանք է իրենց հանապազօրյա հացի գումարը հավաքածների նկատմամբ։ Այդ քանի՞ 1931 թվականին ծնված ողջ մնացած մարդ ունենք, չե՞ք կարծում, որ այդ համակարգը պետք է հիմնովին վերանայվի, այս փոխհատուցման գումարները ծիծաղելի է, որ տրվում են, եկեք  բոլորին տանք, ես հասկանում եմ, որ պետք է նորից ասեք՝ փող չկա, բայց սա նվաստացուցիչ վերաբերմունք է այդ մարդկանց հանդեպ։ Մարդը մահանում է, և իրավահաջորդները զրկվում են այդ գումարները ստանալու հնարավորությունից»։

ԲՀԿ ղեկավարը նաև հետաքրքրվեց, թե այս պահին պաշտոնապես ստվերը քանի՞ տոկոս է մեր տնտեսության մեջ։

«Ես չեմ ասել, որ ոգեշնչվել եմ, ես ինձ երբեք թույլ չեմ տա ասել, որ 30 տոկոսանոց աղքատությունը ոգեշնչող է։ Հակառակը՝ ասացի, որ մենք ունենք միտում, որ աղքատությունը նվազում է։ Խնդիրը հետևյալն ՝ մենք ունե՞նք տենդենց նվազման ուղղությամբ, այո, ունենք, բայց արդյոք մտահոգո՞ղ է 30 տոկոսը, այո, մտահոգող է։ Աղքատության դեմ պայքարի բանալին տնտեսական աճն է, աշխարհում որևիցե այլ միջոց չկա»,- ասաց նախարար Վ. Արամյանը։

Նրա խոսքով՝ եթե պաշտոնական ցուցանիշ լիներ ստվերի վերաբերյալ, դա արդեն կլիներ ոչ թե ստվեր, այլ ֆորմալ հատված։ Նա նկատեց, որ տարբեր գնահատականներ կան ստվերի վերաբերյալ, «գնահատվում է մոտ 30 տոկոս»։

Անդրադառնալով խորհրդային տարիներին ավանդադրած գումարների փոխհատուցման խնդրին՝ նախարարն ասաց. «Մի քանի անգամ մենք ասել ենք, որ ՀՀ-ն Խորհրդային Միության ժամանակահատվածի մասով իրավահաջորդ չէ, և սա ուղղակի սոցիալական քաղաքականություն է, որ փորձել ենք փոխհատուցել, ու տրամաբանական է, որ դա ժառանգներին պետք է չանցնի։ Իհարկե, գումարը միշտ էլ քիչ է, ես  ընդունում եմ դա»։

Ն. Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց՝ Ձեր կառավարությունը կոնկրետ ի՞նչ քայլ է արել ստվերը խավարից իրական դաշտ բերելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Վ. Արամյանն ասաց, որ կոնկրետ քայլերը կառավարության ծրագրում դրված են հստակ. «Եթե մտածում եք, որ մեկ ամսվա մեջ հնարավոր է քայլ անել ու միանգամից ամբողջությամբ  բացահայտել, դա հնարավոր չէ, բայց մենք մտածում ենք՝ հարթակներում ինչպես կարելի է ճիշտ գործիքակազմի միջոցով դա իրագործել»։

Տեսանյութեր

Լրահոս