Հայաստանում արդեն հնարավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում. այստեղ այն ավելի մատչելի կլինի, քան եվրոպական երկրներում
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հիմնանորոգված մասնաշենքում արդեն բուժում են ստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Արդեն երեկվանից հին ու, ծնողների, բժիշկների և հիվանդների բնորոշմամբ՝ «ճնշող» պատերով հիվանդասենյակներից լուսավոր, մաքուր ու հարմարավետ հիվանդասենյակներ տեղափոխված երեխաներն իրենց ավելի լավ են զգում, բուժումը շարունակում են ստանալ ավելի հարմարավետ պայմաններում, իսկ բուժման ընթացքը զուգորդվում է խաղերով, որը թույլ է տալիս երեխաներին՝ կտրվել հիվանդանոցային միջավայրից՝ գտնվելով հիվանդանոցի ներսում:
Գյումրեցի ծնող Վարդուհի Ստեփանյանը, որի երեխան նախկինում բուժվել էր հին մասնաշենքում ու արդեն երեկվանից բուժումը շարունակում է նոր մասնաշենքում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախկին ու ներկայիս պայմաններն անհամեմատելի են. «Հին մասնաշենքում մենք մտածում էինք ամեն ինչի մասին, իսկ այստեղ արդեն մեր փոխարեն ամեն ինչի մասին մտածված է. սկսած ամենատարրական պայմաններից՝ վերջացրած սննդի հարցով՝ ամեն ինչ կարգավորված է»:
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի օժանդակությամբ՝ հիվանդանոցում բուժում ստացող երեխաների սննդի հարցը լուծում է հիվանդանոցը, և ծնողներն այլևս ստիպված չեն լինում սնունդ տանել այնտեղ:
Վ. Ստեփանյանը, միևնույն ժամանակ, նկատեց՝ թեև նախկին մասնաշենքում պայմանները ծանր էին, բայց ներսում տիրող մթնոլորտը, անձնակազմի վերաբերմունքը շատ դրական էր. «Տեղափոխվելուց հետո զգացողություններն աննկարագրելի էին. զարմացած էինք, հիացած էինք: Նոր պայմանները գերազանց են: Բոլոր երեխաների մոտ տրամադրության փոփոխությունն ակնառու էր, որովհետև հիվանդասենյակներում կան հեռուստացույցներ, իսկ պայմաններն այնպիսին են, որ միայն հեռուստացույցով էինք տեսել»:
Մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանի խոսքով՝ երեխաների տրամադրությունը փոխվել է, նրանք ավելի ոգեշնչված ու հավատով լցված են դարձել. «Ինչ խոսք, ինչ մաքուր պատերի մեջ, գեղեցիկ միջավայրում բուժվես, ինչ քանդված պատերով, պոկված դռներով հիվանդասենյակներո՞ւմ: Լավ պայմանների առավելությունն այն է, որ ինքդ էլ ավելի զգաստ ես լինում, փոխվում ես. մթնոլորտը ոչ միայն հիվանդների հոգեբանության վրա է ազդում, այլ նաև՝ բուժաշխատողների: Երբ գալիս ես ավելի պայծառ, լուսավոր տեղ, երբ ամեն ինչ մաքուր է ու գեղեցիկ սարքված, ինքդ էլ ես փոխվում: Սա այն հիվանդությունն է, որ առանց այդ էլ քեզ վրա ճնշող աղդեցություն է ունենում, որովհետև, երբ առաջին անգամ հանդիպում ես ծնողին ու պետք է ախտորոշումն ասես, չգիտես՝ ինչպես ասել»:
Մանկական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ նոր մասնաշենքը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով. «Արդեն և՛ ախտորոշման տեսակետից, և՛ առաջին օգնության, և՛ ընթացիկ օգնության, շատ բարձր մակարդակի վրա է լինելու»:
Նա նշեց, որ բուժման արդյունավետությունը կախված է նաև երեխաների տրամադրությունից. «Նույնիսկ փոքրիկ երեխայի վրա, որ մտածում ես՝ ոչինչ չի հասկանում, մոր աչքերի արտահայտությունը, տխուր կամ լացակումած վիճակը բավականին ճնշող ազդեցություն է թողնում, և այդ երեխաների մոտ բուժումը շատ դժվար է ընթանում: Երեխաների և ծնողների հետ աշխատում է հոգեբան: Հոգեբանական վիճակը, մանավանդ դեռահասների մոտ, շատ ծանր է: 2 օր առաջ, երբ դեռ հին մասնաշենքում էինք, մեր հիվանդներից մեկը՝ 15 տարեկան մի տղա, փախավ հիվանդանոցից: Մի կերպ եմ համոզել, որ հիմա նոր մասնաշենք ենք տեղափոխվելու, նոր մասնաշենքում ամեն ինչ այլ է, բուժումն այդքան չի զգալու, ու վերադարձել է՝ բուժումը շարունակելու»:
Վերազինված Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմը վստահեցնում է՝ Հայաստանում արդեն հնարավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում, որի համար մարդիկ մեկնում էին Գերմանիա, Իսրայել և վճարում մի քանի անգամ թանկ, քան այստեղ է նախատեսվում: Հիշեցնենք, որ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն այս առիթով ասել էր. «Եվրոպական երկրներում այդ վիրահատություններն արժեն 150-200 հազար դոլար, Հայաստանում դրանք կարժենան 40-50 հազար դոլար»: