«Եվրոպական երկրներում այդ վիրահատություններն արժեն 150-200 հազար դոլար, Հայաստանում դրանք կարժենան 40-50 հազար դոլար»
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը վաղվանից այցելուներին կընդունի հիմնանորոգված ու ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաշենքում: «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնում արդեն հնարավոր կլինի Հայաստանում կատարել ոսկրածուծի փոխպատվաստում:
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր լրագրողների համար պրես-տուր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ հնարավորություն ունեցանք մանրամասն ծանոթանալ կատարված աշխատանքներին, տեսնել հիմնանորոգված կենտրոնն ու տեղեկանալ դրա հետագա աշխատանքների մասին:
«Տիկին Ռիտա Սարգսյանը 2 տարի առաջ եկավ մեր կենտրոն՝ հիվանդներին այցելության, և տեսնելով հիվանդասենյակների վիճակը, ասաց, որ երեխաներին այդ պայմաններում պահել չի կարելի: Հետո սկսեցին աշխատանքները, ու երեխաների անվան տակ ամբողջ հիվանդանոցը վերանորոգեցինք»,- լրագրողներին պատմեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժամունքի ստեղծումը Հայաստանի համար այնպիսի իրականություն է, որ շատ եվրոպական երկրներ կնախանձեին նման բաժամունք ունենալ:
«Ցողունային բջիջների հավաքագրման բաժամունք ևս ունենք: Յուրաքանչյուր տարի 40 լեյկոզով հիվանդ Հայաստանից գնում էր այլ երկրներում բուժվելու, իսկ հիմա արդեն Հայաստանում հնարավոր կլինի բուժել այդ հիվանդներին: Եվրոպական երկրներում այդ վիրահատությունների գները տատանվում են 150-200 հազար դոլարի սահմաններում, Հայաստանում գները լինելու են մոտ 40-50 հազար դոլարի սահմաններում: Հիմա գումարներ ենք հավաքագրելու, որ կառավարության և «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ կարողանանք երեխաների տրանսպլանտացիան Հայաստանում կատարել: Այսօր մենք ունենք 5975 հիվանդ, որից շուրջ 2000-ը երեխաներ են, իսկ 181-ը՝ արյան չարորակ հիվանդություններ ունեցող երեխաներ: Մեր հիվանդների 70-80%-ը քիմիաթերապիայով վերադառնում է կյանք, 25% դեպքերում է, որ քիմիաթերապիան արդյունավետ չէ, և կարիք է լինում ոսկրածուծի փոխպատվաստում կատարել: Տարբեր հիվանդությունների ժամանակ ոսկրածուծի փոխպատվաստման արդյունավետությունը տարբեր է լինում: Միջինում ոսկրածուծի փոխպատվաստման արդյունավետությունը համարում ենք 50%»,- պարզաբանեց Սմբատ Դաղբաշյանը:
Տիկին Ռիտա Սարգսյանը լրագրողներին նախ՝ ուղեկցեց կենտրոնի հին մասնաշենքը՝ նշելով, որ այն գնահատվել է՝ որպես վթարային, ու հնարավոր չէր վերանորոգել: Նա նշեց, որ այդ պայմաններում երեխաներն այլևս չեն բուժվելու, իսկ նոր մասնաշենք ուղեկցելիս կրկնեց իր սիրելի արտահայտությունը. «Ինչպես կասեր իմ դաստիարակչուհին՝ դռները բացվում են, հեքիաթը սկսվում է»: Արյունաբանական կենտրոնի մանկական բաժինների բոլոր պարագաները Ռիտա Սարգսյանն անձամբ է գնել. նույնիսկ ժամացույցներն ու մահճակալների սպիտակեղենը նրա ընտրությունն են:
«Տեսեք՝ ինչ եմ գտել Հայաստանի խանութներից. վանա կատվի պատկերով ժամացույց»,- ժպտալով ասաց տիկին Սարգսյանը:
Ռիտա Սարգսյանի օժանդակությամբ՝ հիվանդանոցում մի կարևոր փոփոխություն էլ է լինելու. երեխաների սննդի հարցը կլուծի հիվանդանոցը:
«Տիկին Ռիտային առաջարկեցինք՝ երեխաներին հիվանդանոցը կերակրի, ու դրա ֆինանսավորմամբ զբաղվի «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Բոլոր երեխաների համար սնունդը պետք է լինի անվճար, որպեսզի ծնողները տնից սնունդ չբերեն: Երեխաների սննդակարգը հատուկ մշակված է, ու ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր ամիս «Նվիրիր կյանք» հիմնադրամը մեզ հատկացնելու է 4-5 մլն դրամ»:
Առաջին տիկնոջ խոսքով՝ եթե յուրաքանչյուր մարդ ամսական գոնե 100 դրամ նվիրաբերի «Նվիրիր կյանք» հիմնադրամին, ապա բոլոր հիվանդ երեխաներին հնարավոր կլինի բուժել.
«Տարեկան 1 մլն դոլար պետք է այս երեխաներին բուժելու համար. պետությունը չի կարողանում այդ ծախսերը հոգալ: Իհարկե, ես գտնում եմ տարբեր բարերարների, ամաչելով՝ ստիպողական գումար եմ հավաքում, բայց այլ տարբերակ չկա: Պետք է մեխանիզմ մշակել, որ ոչ մեկին դժվարություն չլինի, ու ամսական 100 դրամ հավաքելով՝ լուծենք այս խնդիրը»:
Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա վաղը, որին ներկա կլինի նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: