Վերահսկիչ պալատի պատասխանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բողոքներին
«Վերահսկիչ պալատն արձանագրում է միայն փաստեր, արձանագրության հիման վրա էլ կազմվում են ընթացիկ հաշվետվությունները»,- 168.am-ին ՎՊ-ի պաշտոնական տեսակետը փոխանցեց պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը` մեկնաբանելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հայտարարությունը, որ ՎՊ-ն թերի ուսումնասիրություն է կատարել:
Ըստ նրա` ՁԻՀ ղեկավար Բագրատ Ենգիբարյանի կողմից ստացված բոլոր առարկությունները Վերահսկիչ պալատը քննարկել է հատ առ հատ և անդրադարձ կատարել իր հաշվետվության մեջ:
Ա.Ալավերդյանի խոսքով` «Սորսիո» ընկերության ղեկավար Հովհաննես Ավոյանի հետ կապված ևս բացարձակապես խնդիր չկա. «ՎՊ-ն իրեն ուղղված ցանկացած բողոք ու փաստաթուղթ ուսումնասիրում և քննարկում է, կքննարկենք նաև պարոն Ավոյանի բողոքը»:
Հիշեցնենք, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, խախտումների, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվության կապակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, հնարավոր է, դատական հայց ներկայացնի ՎՊ-ի դեմ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համաձայն չէ ՎՊ եզրակացությունների հետ և առարկություններ է ներկայացրել՝ Վերահսկիչ պալատի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվության վերաբերյալ։
ՁԻՀ-ի 22 էջանոց փաստաթուղթը ոչ միայն հրապարակվել է Հիմնադրամի կայքում, այլև ուղարկվել մի շարք պետական կառույցների (ՀՀ նախագահի աշխատակազմ, կառավարություն և այլն)։