Անարդյունավետ ծախսեր, խախտումներ՝ գնումների, պարգևատրումների, գործուղումների, վարձակալությունների մասով. ՎՊ-ն ստուգել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը
Հայաստանի Վերահսկիչ պալատն (ՎՊ) այս տարի ստուգել է վերջին շուրջ 2 տարում «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ) պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործումը: ՎՊ հաշվետվության համաձայն` Համաշխարհային բանկի վարկային միջոցները ՀՀ կառավարությունը տրամադրել է հիմնադրամին` որպես դրամաշնորհ, և վարկի սպասարկման ու հետագայում նաև` մարման որևէ պարտավորություն հիմնադրամը չունի:
ՎՊ-ն պարզել է, որ հիմնադրամի կողմից չեն իրականացվել օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես՝ մշտական պահպանության ենթակա փաստաթղթերը չեն պահպանվել, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի 50% բաժնային մասնակցությամբ նոր՝ «Սորսիո» ՓԲ ընկերության ստեղծմանը և լիազորել է հիմնադրամի տնօրենին՝ որպես հիմնադրամի ներկայացուցիչ, կնքել ընկերության հիմնադիր պայմանագիր ընկերության մյուս 50%-ի բաժնետեր Հովհաննես Ավոյանի հետ: Նշված որոշումը հակասում է «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված պահանջին, քանի որ Հովհաննես Ավոյանը հանդիսանում է հիմնադրամի մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի բաժնեմասերն օտարվել են՝ առանց Խորհրդի համապատասխան որոշումների:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Սորսիո» ընկերությունում ունեցած բաժնեմասերն օտարելիս ընկերությունն արդեն գործարկել էր հաջողված ծրագրային համակարգեր (առաջին դեպքում՝ «Մոնիտորաս» և «Մոնիտիս», երկրորդ դեպքում՝ «Պիկսարտ» (PicsArt)):
2011 թվականին «Ջի-Էֆ-Այ Սոֆթվեյր» ընկերությունը 4.38 մլն ԱՄՆ դոլարով գնել է ԱՄՆ-ում գրանցված «Մոնիտիս Ինք.» և ՀՀ-ում գրանցված «Մոնիտիս ՋԻ-ԷՖ-ԱՅ» ընկերություններն ամբողջությամբ՝ սպասվելիք եկամուտը 2011 թվականի արդյունքներով գնահատելով շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ է այն փաստը, որ «Պիկսարտ» (PicsArt) ծրագրային լուծումը, կնքված լինելով «Սորսիո» ընկերությանը պատկանող էլեկտրոնային ստորագրությամբ, դարձել է ամերիկյան «Պիկսարտ Ինք» ընկերության սեփականություն: 2015 թվականի «Forbes»-ը «Պիկսարտը» (PicsArt) գնահատել է 250 մլն ԱՄՆ դոլար:
2000 թվականին ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտը ճանաչվել է գերակա ճյուղ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Հիմնադրամը «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագիրն» իրականացնելու համար ստացել է պետական շնորհ՝ 241 մլն 548.5 հազար դրամ (2014 թվականից մինչև 2016թ. հուլիսի 1-ը):
ՀՀ Վերահսկիչ պալատը փաստել է, որ ակտիվների ոչ արդյունավետ կառավարման արդյունք է այն, որ «Սորսիո» ընկերությունում ունեցած 50% բաժնեմասն օտարելու արդյունքում Հիմնադրամը ստացել է ընդամենը շուրջ 3 մլն ՀՀ դրամի եկամուտ: Պետական շահի տեսանկյունից անհասկանալի և ոչ շահավետ է բաժնեմասերի վաղօրոք, առանց իրական շուկայական գնի որոշման օտարումը, քանի որ դրանց հաջողված և արժեքավոր լինելու հանգամանքը երկու դեպքում էլ պարզ էր թողարկումից կարճ ժամանակ անց:
Թվով 3 փոխառության պայմանագրերը՝ 37մլն դրամ ընդհանուր գումարով, ստորագրվել են Հիմնադրամի տնօրենի կողմից լիազորված անձանց միջոցով իր հետ: Փոխառության պայմանագրերի կնքման ժամանակ Հիմնադրամի անունից հանդես են եկել տնօրենի կողմից լիազորված անձինք՝ Հիմնադրամի աշխատակիցներ Ժենյա Ազիզյանը և Արթուր Մելիքյանը: Սակայն օրենքի համաձայն` Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների և հիմնադրամի աշխատողների: Հիմնադրամի ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես կանոնադրական նպատակներին համապատասխան, հետևաբար՝ փոխառությունների տրամադրումը՝ որպես գործառույթ, հակասում է ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ կառավարման սկզբունքին: ՎՊ-ն շեշտում է, որ փաստացի, պաշտոնատար անձի կողմից իրականացվել են գործառույթներ, որոնցում անձնական շահագրգռվածությունն ակնհայտ է:
Հիմնադրամի կողմից 2014 թվականի հունվարից մինչև 2015 թվականի նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, առանց իրավական հիմքերի, փաստացի օգտագործվել է, այն դեպքում, երբ որոշման համաձայն՝ հիմնադրամը ստանձնել է միայն գույքի պահպանությունը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը կից հավելվածում նշված 69 մլն 85.8 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, ներառյալ՝ «Սոլարթ» և «ՏեխնոՊոլ» ընկերություններում առկա բաժնեմասերը, չեն նվիրաբերվել հիմնադրամին, սակայն, նշված գույքից գրասենյակային կահավորանքը, համակարգչային տեխնիկան, լաբորատոր սարքավորումները, ավտոմեքենան և այլն՝ 41 մլն 113.8 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ապրանքները, առանց հաշվապահական հաշվառման, փաստացի գտնվում են ԳՏԿ տարածքում, որոնք դեռևս 2014 թ. սկզբից, առանց իրավական հիմքի, մինչ օրս ապօրինի տիրապետվում ու շահագործվում են կենտրոնի և այնտեղ տեղակայված ընկերությունների կողմից:
ԳՏԿ-ում տարածքներ վարձակալած թվով 2 ընկերությունների վարձավճարի մասով պարտքը 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 684.1 հազար դրամ գումար, բայց հիմնադրամի կողմից գրավոր պահանջ չի ներկայացվել վարձավճարի պարտքի, ինչպես նաև՝ տույժերի վճարման վերաբերյալ: 2014թ. 2-րդ եռամսյակից մինչև 2015թ. նոյեմբերը ԳՏԿ-ում 21 ընկերություններ զբաղեցրել են շուրջ 2050 քմ տարածք՝ առանց օրինական իրավական հիմքերի: Դրանց վարձավճարները կկազմեն շուրջ 79 մլն 506 հազար դրամ գումար: Ընդ որում` կոմունալ վճարների և անվտանգության համար հիմնադրամը պետական բյուջեից կատարել է շուրջ 36 մլն դրամ գումարի անարդյունավետ ծախս:
ՀՀ վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի խախտումներ` գնումների կազմակերպման և գույքագրման գործընթացների, կնքված աշխատանքային պայմանագրերի, պարգևատրումների, գործուղումների, ինչպես նաև՝ տրամադրված փոխառությունների և վարձակալությամբ տրված տարածքների մասով իրականացված գործառույթների առումով:
ՎՊ-ի արձանագրությունների վերաբերյալ ՁԻՀ-ը դիտողություններ կամ առարկություններ չի ներկայացրել: