«Էրեկվանից կերան Վիգենին: Էդ ֆեյսբուքների մեջ էլ ինչ ասես գրում են։ Հարուստը գրող էլ չի տա, եթե իրեն շահ չունեցավ». Սեյրան Սարոյան
«Ես մտածում էի՝ այս հարցը բերենք, առանց որևէ մի բան խոսելու՝ կանցնի, որովհետև միասնական հարցեր քիչ ենք բերում ԱԺ, որը ժողովրդի օգտին է։ Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անենք՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով՝ ինչ գողացավ բանակից…»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
«Հիշեցինք, թե ով՝ ինչպես տները սարքեց… Բանակից ով՝ ինչ գողցավ, կերավ, մեկ ա՝ քթերից դուրս ա գալու։ Իրանց քթերից էլ չգա, իրենց էրեխեքի քթերից ա դուրս գալու, հլը ես չեմ տեսել՝ բանակից, զինվորից հաց գողցողները կրակի մեջ չընկնեն. Կամ՝ էրեխեքը նարկոման են դառնում, կամ՝ ղումարբազ, կամ՝ կազինոներում փողերը քամուն են տալիս, այնպես որ, դա թողեք Աստծու հույսին։ Այսօր մենք բոլորս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն ա, էսօր ասում են՝ խի՞ պետական բյուջեն չի տալիս էդ փողերը: Այ մարդ, որ չունի՝ ո՞րտից տա։ Մարդուց բան ես ուզում, որ չունի։ Հիմա ասում են՝ մեր գեներալները գող-ավազակ են, հլը գյուղ կա՞, որ շուն չլինի։ Ենթադրենք՝ 3-4 հոգի էլ անամոթ են, ինչ-որ բան են արել, բա սազում ա՞, այսօր սաղ ազգը լսում ա մեր գեներալների մասին, փաստորեն, պետք ա ամաչե՞ն էդ մարդիկ՝ էդ ֆորմեն հագնեն արդեն»,- հայտարարեց Ս. Սարոյանը։
1000 դրամները տալով, ըստ Ս. Սարոյանի, կարելի է համարել, որ ամեն մի ընտանիք իր երեխաների համար եկեղեցում 2 հատ մոմ է վառել:
«Հիմա կասեք՝ քո ձենը տաք տեղից ա գալիս, քո համար 1000 դրամն ի՞նչ փող ա, է: Հա, իրոք փող չէ, բայց 1000 դրամը էն ա, որ հաշվեք՝ ամեն մի հայ մտել ա եկեղեցի՝ 2 հատ մոմ ա վառել իր էրեխեքի համար։ Հլը փողը չհավաքված, արդեն փողերի մասին ենք խոսում, կոռուպցիայի մասին ենք խոսում։ Սարգսյան Վիգենն այս փողերն իրենց տունը չի տանելու, 100 հատ Սարգսյան Վիգեն էլ կգան բանակում, կգնան, այդ հիմնադրամը կմնա։ Ամենահեշտ բանը ցեխ շպրտելն ա, ամոթ ա, սաղ ադրբեջանցիք էլ են նայում»,- ասաց նա։
Ս. Սարոյանը նշեց, որ ով զինվորի հաց է տարել՝ պետք է պատժվի, բայց, ըստ նրա, չի կարելի բոլոր գեներալների, ամբողջ բանակի վրա ցեխ շպրտել։
«Անձնական բան չի անում սա, որ կարողանա վերցնի՝ թռցնի, կանեն խայտառակ։ Սարքեցինք հայոց պատմություն։ Էդ ֆեյսբուքների մեջ էլ ինչ ասես՝ գրում են՝ հարուստները թող փողերը տան, և այլն։ Հարուստը գրող էլ չի տա, եթե իրեն շահ չունեցավ։ Մեր հույսը մեր վրա պետք է դնենք, ժողովուրդ ջան։ Էրեկվանից կերան էս նախարարին։ Նույն հարցը 100 ձևի տվեցին, մեկը հետևից էր գալի, մեկը՝ առաջից, հիմա արի, նախարար, կռուտիտ եղի, որ էդ նույն հարցին պատասխանես։ Իմ արև, հավեսս փախավ, թողա-գնացի, որովհետև նույն բանի մասին էին խոսում։ Բերեք սաղ միասին, միասնական ձևով քվեարկենք էս հարցը»։
Սեյրան Սարոյանի ելույթից հետ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սեյրանից հետո ելույթ ունենալը՝ ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղալը»։